HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կրեմլը չի դիտարկում Ուկրաինայում ռազմական գործողություններին ՀԱՊԿ մասնակցության հարցը

Ուկրաինայում ընթացող պատերազմին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ուժերի ներգրավման հարցը չի դիտարկվում։ Այդ մասին երկուշաբթի լրագրողների տված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ոչ, այդպիսի տարբերակ չի դիտարկվել»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։ 

Բացի այդ, մեկնաբանելով կազմակերպության մասին Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի քննադատությունը՝ Կրեմլի ներկայացուցիչը նշել է. «ՀԱՊԿ նշանակությունը մեծ է։ ՀԱՊԿ-ը ոչ վաղ անցյալում ցուցադրել է իր արդյունավետությունը, օպերատիվությունը և անհրաժեշտությունը։ ՀԱՊԿ զարգացումը քաղաքականության և անվտանգության ոլորտում մեր առաջնահերթություններից մեկն է»։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը քննադատել էր ՀԱՊԿ-ին՝ նշելով, որ կազմակերպության անդամ երկրները «վախենում են օգնել Ռուսաստանին»։ «Գոյություն ունի ՀԱՊԿ կազմակերպությունը։ Դրանից Ռուսաստանին ոչ մի օգուտ չկա, իսկ Ռուսաստանը բոլորին օգնում է։ Եվրոպական բոլոր առաջնորդները, պետությունների ղեկավարները գալիս են Պուտինի մոտ, հեռախոսով բանակցություններ վարում, անում ամեն բան, որպեսզի ինչ-որ ձևով պաշտպանեն Ուկրաինայի շահերը և հանդիսանում նրա հանցակիցը։ Իսկ մեր ՀԱՊԿ-ականներ, ինչո՞ւ եք դուք լռում և չեք խոսում ձեր հարևանների մասին, ինչո՞ւ չեք փորձում անել այնպես, որ պատերազմն ավարտվի»,- հայտարարել էր Կադիրովը։

Նա նաև կարծիք էր հայտնել, որ ՀԱՊԿ անդամ երկրները վախենում են օգնել Ռուսաստանին՝ «ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից հնարավոր պատժամիջոցների պատճառով»։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ն այս տարվա հունվարին խաղաղապահ առաքելությամբ ուժեր էր ուղարկել Ղազախստան, որտեղ հունվարի 2-ից բողոքի ցույցեր էին ընթանում։

Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների առաջնորդներին՝ խնդրելով «օգնություն ցուցաբերել Ղազախստանին ահաբեկչական սպառնալիքը հաղթահարելու համար»։

Կազմակերպությունը Ղազախստան էր ուղարկել հավաքական խաղաղապահ ուժեր, որոնք պետք է ձեռնամուխ լինեին պետական օբյեկտների պահպանությանը և օգնեին տեղական իրավապահ մարմիններին։ Հայաստանը Ղազախստան էր ուղարկել խաղաղապահ ուժերի 100 զինծառայողի։ Հունվարի 14-ին հայկական առաքելությունը դուրս բերվեց Ղազախստանից։

Լուսանկարը՝ Shutterstock-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter