HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Շիրակի մարզի 89 միավոր հողամասերի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի

Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի նախագծային փոփոխությունների արդյունքում Շիրակի մարզի մի շարք բնակավայրերի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի։ Կառավարության այս որոշման նախագիծը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (ՏԿԵՆ) հանրային քննարկման է դրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ, վերակառուցվող ճանապարհահատվածի նախնական նախագծի համաձայն՝ ճանապարհն անցնում էր Ախուրյան համայնքի Բենիամին բնակավայրում առկա հնագիտական վայրի տարածքով, որի վրա ազդեցություներից խուսափելու նպատակով նախագծային փաստաթղթերում կատարվել են փոփոխություններ, համաձայն որի՝ տեղափոխվել է տվյալ հատվածում նախատեսված տրանսպորտային հանգույցի վայրը, ինչի արդյունքում փոփոխվել է նաև օտարման գոտին։ 

Օտարման գոտու հատվածում ընդգրկվել են Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Բենիամին բնակավայրում գտնվող 76 միավոր հողամասեր, առանց որոնց օտարման, ըստ ՏԿԵՆ-ի՝ հնարավոր չէ ծրագրի իրագործումը։ Եվս 13 միավոր հողամասեր, որոնք ևս պետք է օտարվեն, ընդգրկված են Ախուրյանի Ազատան, Անիի Լանջիկ և Ձորակապ, ինչպես նաև Արթիկի Հայրենյաց բնկավայրերում։ Ընդհանուր առմամբ նախատեսվում է հանրության գերակա շահ ճանաչել 89 միավոր հողամասի նկատմամբ։

Օտարվող սեփականությունների ձեռք բերող է հանդիսանալու Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալու «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Օտարման գործընթացն սկսելու վերջնաժամկետ է սահմանվել 2023 թվականի ապրիլի 30-ը:

Որոշման նախագիծն օրինական ուժ կստանա միայն կառավարության հավանությանն արժանանալու դեպքում։

Հիշեցնենք՝ ավելի վաղ, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը երկու նախագիծ էր ներկայացրել, որոնցից առաջինով՝ առաջարկում էր Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի կառուցման նպատակով հանրության գերակա շահ ճանաչել Սյունիքի մարզի 982 միավոր հողամասերի, իսկ երկրորդ նախագծով՝ 570 միավոր հողամասերի նկատմամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter