
Ալեն Սիմոնյանը սկսում է ընդդիմությանը մանդատներից զրկելու գործընթաց
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մտադիր է դիմել Սահմանադրական դատարան՝ անհարգելի բացակայած պատգամավորների լիազորությունների դադարեցման հարցով: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:
Համապատասխան նախագիծը նախ դրվել է ԱԺ կայքում, ապա տեխնիկական խնդիրների պատճառով՝ հեռացվել: Որոշման նախագծում ներառված են բոլոր ընդդիմադիր պատգամավորների անունները՝ բացառությամբ «Պատիվ ունեմ» խմբակցությունից Թագուհի Թովմասյանի և արդեն անկախ պատգամավոր, նախկին ընդդիմադիր Իշխան Զաքարյանի: Ցուցակում ներառված էր նաև լիազորությունները դադարեցված Արթուր Ղազինյանի անունը:
Նշենք, որ նախագիծը ԱԺ խորհրդի նիստում հավանություն ստանալու դեպքում ԱԺ նախագահը կարող է դիմել Սահմանադրական դատարան:
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցություններից հրաժարվեցին մեկնաբանություն տալ՝ ասելով, որ պաշտոնական փաստաթուղթ դեռ չկա շրջանառության մեջ դրված:
Հիշեցնենք, որ բացակայությունների պատճառով ԱԺ փոխխոսնակի պաշտոնից հետ է կանչվել Իշխան Սաղաթելյանը, ինչպես նաև դադարեցվել են Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանի լիազորությունները: Դրանից հետո հանձնաժողովների ընդդիմադիր նախագահներն ու փոխնախագահները սեփական դիմումների համաձայն դադարեցրել են իրենց պաշտոնավարումը: Այնուհետև մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել Արթուր Ղազինյանը:
Նշենք, որ հունիսի 28-ի տվյալներով՝ անհարգելի բացակայած պատգամավորները 14-ն էին, այդ թվում՝ լիազորությունները դադարեցված Արթուր Վանեցյանը: Մեր հարցմանն ի պատասխան՝ ԱԺ-ից հայտնել էին, որ տվյալ պահին քաղաքական իշխանությունն ընդդիմությանը մանդատներից զրկելու գործընթաց սկսելու որոշում չունի: Դրանից երկու օր անց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Սիմոնյանը նախազգուշացրեց ընդդիմությանը՝ «կամ խելոք կգաք, էստեղ կնստեք, կամ էլ մանդատներից կզրկվեք»:
Դրան հաջորդող արտահերթերը ևս առանց ընդդիմության էին:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել