HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

«Արմօյլ» ՓԲԸ-ին սնանկ ճանաչելու պահանջով հայց է ներկայացվել դատարան

«Արմօյլ» փակ բաժնետիրական ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով «Անքրաժ» ՍՊԸ-ն հայցադիմում է ներկայացրել Սնանկության դատարան։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Հայցադիմումը դատարում ստացվել է 2022թ․ հունիսի 23-ին։ Հունիսի 28-ին դատավոր Նելլի Հարությունյանը վարույթ է ընդունել «Անքրաժ» ՍՊԸ-ի դիմումը։

Ձգձգված շինարարություն և իրավական խնդիրներ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին և իրանահայ գործարար Հենրիկ Տեր-Ղուկասյանին պատկանող «Արմօյլ» ՓԲԸ-ն Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում նավթամթերքի վերամշակման գործարան է կառուցել, որտեղ նախատեսվում էր բիտում և քսայուղեր արտադրել։ 

Գործարանի շինարարությունը մեկնարկել էր 2015 թվականին և ավարտվել 2019-ին, սակայն մինչև օրս գործարանը շահագործման չի հանձնվել, քանի որ ամբողջ ընթացքում իրավական ընթացակարգերի հետ կապված տարատեսակ հարցեր են առաջացել։ Նախ առաջինը՝ ընկերության կառուցած հսկայական շինություններն ինքնակամ են, քանի որ «Արմօյլը» Եղվարդի քաղաքապետարանից (այժմ՝ Նաիրի խոշորացված համայնք) շինարարական թույլտվություն չէր ստացել։ 

Չնայած դրան՝ ընկերությունը գործարանի կառուցման համար կառավարությունից արտոնություն էր ստացել 2015թ․ դեկտեմբերի 24-ին, իսկ 2018 թվականի օգոստոսի 30-ին արտոնության ժամկետը երկարաձգվել էր։ Ընկերությանը թույլատրվել էր ներդրումային ծրագրի շրջանակներում սարքավորումներ ներմուծել առանց ավելացված արժեքի հարկի վճարման:

Երկրորդ գլխավոր հարցը վերաբերում էր շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատմանը (ՇՄԱԳ), քանի որ ընկերության գործունեությունը Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին օրենքով՝ ենթակա էր բնապահպանական փորձաքննության՝ պարզելու համար, թե որքանով է այդ տեսակի գործունեությունը անվտանգ շրջակա միջավայրի համար։ ՇՄԱԳ փորձաքննություն իրականացնելու համար ընկերությունը մի քանի անգամ դիմել է փորձաքննական կենտրոնին, սակայն փաստաթղթերը լրակազմ չլինելու պատճառով հետ են վերադարձվել։ Դրանից հետո «Արմօյլը» մշտապես պնդում էր, թե ընկերության գործունեությունը ենթակա է չէ փորձաքննության։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը մի քանի անգամ վարչական տույժերի է ենթարկել ընկերությանը՝ արգելելով գործարանի տարածքում որևէ տեսակի գործողություն, սակայն «Արմօյլը» այնուամենայնիվ, ավարտին է հասցրել գործարանի շինարարությունը, սակայն ՇՄԱԳ փորձաքննության վերաբերյալ ընկերության և պետության տարբեր մոտեցումների պատճառով, գործարանն այդպես էլ չի գործարկվել։

Հետագա գործունեությունը կախված է դատական գործերից

2021թ․ հուլիսի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվեց միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը պետք է ուսումնասիրեր «Արմօյլ» փակ բաժնետիրական ընկերության տնտեսական գործունեության հետ կապված խնդիրները։ Աշխատանքային խմբի ղեկավար էր նշանակվել Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը։ 

2021թ․ հոկտեմբերի 27-ին գրավոր հարցում էինք ուղարկել Վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով հայտնել, թե ուսումնասիրության արդյունքում ինչ էր պարզել աշխատանքային խումբը։ Մեր գրավոր հարցումը վերահասցեավորվել էր Քաղաքաշինության կոմիտեին։ Մեկ շաբաթ անց՝ նոյեմբերի 4-ին, կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը պատասխանեց, որ նոյեմբերի 2-ին աշխատանքային խմբի հաշվետվոթյունը ներկայացվել է Վարչապետի աշխատակազմ։ Ըստ Ղուլարյանի՝ հաշվետվության մեջ տեղ էր գտել ընկերության հնարավոր արտադրական գործունեության մեկնարկի համար անհրաժեշտ լուծումների ճանապարհային քարտեզը, որում ներառվել են մի շարք առաջարկներ հակահրդեհային, սանիտարահիգիենիկ և շրջակա միջավայրի վրա ազդեցության պահանջների ապահովման տեսանկյունից։

Միևնույն ժամանակ՝ հաշվի առնելով «Արմօյլ» ընկերության վերաբերյալ բազմաթիվ դատական գործերը՝ աշխատանքային խումբը նշել էր, որ ճանապարհային քարտեզի իրականացման ընթացքը պետք է դիտարկել այդ գործերի համատեքստում, այսինքն՝ արդյոք հնարավոր կլինի ընկերության գործունեությունը այդ գործերի տարբեր հանգուցալուծումների պարագայում։

Ընկերության գույքի, դրամական միջոցների և տնօրենի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Ինչ վերաբերում է «Արմօյլ» ՓԲԸ-ին սնանկ ճանաչելու վերաբերյալ հարցին, ապա նշենք, որ այդ պահանջով հայցադիմում ներկայացրած «Անքրաժ» ՍՊԸ-ն շինարարական ընկերություն է։ Հայցադիմումի շարժառիթի վերաբերյալ մանրամասներ «Դատալեքսում» հրապարակված չեն։ 

Հայցադիմումը վարույթ ընդունելու և սնանակության գործով կառավարիչ նշանակելու որոշումը Սնանկության դատարանը ուղարկել է «Արմօյլ» ընկերության իրավաբանական հասցեով՝ Երևան, Դավթաշեն 2-րդ թղմ., 28/4, սակայն փոստային առաքանին հետ է ուղարկվել «չպահանջված» նշումով։ Դատարանը ևս մեկ անգամ է ուղարկել որոշումը, սակայն այն կրկին վերադարձվել է։ Այս հանգամանքով պայմանավորված՝ 2022թ․ հուլիսի 12-ին դատավոր Նելլի Հարությունյանի որոշմամբ հետախուզում է հայտարարվել «Արմօյլ» փակ բաժնետիրական ընկերության գույքի, դրամական միջոցների, հաշվապահական և այլ փաստաթղթերի, ինչպես նաև՝ տնօրեն Ալֆրեդ Աբեդիի նկատմամբ, քանի որ ընկերությանը ծանուցելու համար դատարանին այլ հասցե հայտնի չի եղել։

Սնանկ ճանաչելու պահանջի, գործարանի ճակատագրի և ընկերության հետակա գործունեությանն առնչվող հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու համար մի քանի անգամ զանգահարեցինք «Արմօյլի» տնօրեն Ալֆրեդ Աբեդիին, սակայն մեր զանգերն այդպես էլ անպատասխան մնացին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter