HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կազմակերպված անկազմակերպվածություն». Շուշին հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 6-ը

Դավիթ Սարգսյանը պահեստազորային տանկիստ էր, 2020թ.-ի Արցախյան պատերազմի առաջին օրերից կամավորագրվել էր: Արմավիրի զորամասում տանկային 20-օրյա պատրաստությունից հետո ՄՈԲ-ի տանկային գումարտակը, որի կազմում նաև Դավիթն էր, վերակազմավորում են որպես մարտարշավային 84 հոգանոց  գումարտակ և հոկտեմբերի 27-ին ուղարկում են Շուշի։

Շուշիում, սակայն, հստակ խնդիր, հրահանգավորում գումարտակը չի ստանում։ Նոյեմբերի 4-ի գիշերը Շուշիում գումարտակի հետ է հանդիպում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ով լսում է ՄՈԲ-ի դժգոհությունները, ներկայացնում է իրավիճակը և տալիս է մարտական առաջադրանք։

84 հոգանոց խմբի մեծ մասը՝ մոտ 60 հոգի, հրաժարվում է որևէ դիրք զբաղեցնել և մնում է Շուշիի սպորտդպրոցում, իսկ մնացածը, որոնց մեջ էր նաև Դավիթ Սարգսյանը, 8 և 11 հոգանոց խմբերով զբաղեցնում են դեպի Շուշի գնացող կածանները՝ ադրբեջանական խմբերի մուտքը կանխելու համար՝ 8 հոգանոց խումբը դիրքավորվում է «40 աստիճան»-ի մոտ, իսկ 11-ը՝ քաղաքի բանտի մոտ։ Նոյեմբերի 5-ին Շուշիում արդեն նկատվում են ադրբեջանական դիվերսիոն խմբեր:

Նոյեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը, գնահատելով իրավիճակը, ՄՈԲ գումարտակի դիրքապահները տարբեր խմբերով քաղաքի աշխարհազորայինների հետ նահանջում են դեպի Ստեփանակերտ։

Նոյեմբերի 7-ին Շուշիում ՄՈԲ գումարտակի մնացած մոտ 60 հոգանոց խումբը նույնպես կարողանում է դուրս գալ շրջափակումից՝ շուշեցի աշխարհազորայիններից Էդգար Պետրոսյանի հեռախոսային հրահանգներին հետևելով։

ՄՈԲ-ի գումարտակից Դավիթ Սարգսյանը պատմում է հոկտեմբերի  27-ից նոյեմբերի 6-ին Շուշիում կատարված իրադարձությունների մասին։

-Ե՞րբ եք հասել Շուշի և որտե՞ղ եք դիրքավորվել։

Շուշիում եղել ենք հոկտեմբերի 27-ից: Տեղակայված ենք եղել Հախումյան փողոցի վրա գտնվող սպորտդպրոցում: Անձնակազմն ամբողջովին կազմված էր տանկիստներից, բացառությամբ մի քանի հոգուց, ովքեր մեզ էին միացել Արմավիրի զորամասում: Շուշի գալուց առաջ 20 oր Արմավիրի զորամասում էինք: Այդքան երկար ժամանակը պայմանավորված էր նրանով, որ տեխնիկա չկար, իսկ այդ ժամանակահատվածը Գլխավոր Շտաբը նպատակահարմար էր գտել օգտագործել ավելի լավ տեխնիկան վերհիշելու և պատրաստվելու համար: Հոկտեմբերի 24-ին մեր գումարտակը տանկիստներից վերակազմավորեցին հատուկ նշանակության ստորաբաժանման։ Բոլորիս ոգին տեղն էր, բարձր տրամադրություն ունեինք, նորմալ էինք վերաբերվում այն հանգամանքին, որ մեզ պետք է հանձնարարվեին գործողություններ, որոնք կատարում են միայն հատուկ պատրաստվածություն անցած ստորաբաժանումները: Հոկտեմբերի 27-ին մեզ տարան Արցախ։

Ճանապարհին՝ Շուշի- Քարին Տակ-Ստեփանակերտ խաչմերուկում, օդային տագնապից հետո, այնտեղ հերթապահություն իրականացնող զինվորականները մեզ ուղեկցեցին այդ սպորտդպրոց և ասացին, որ սպասենք մինչև հրամանատարական կազմից ներկայացուցիչներ գան: Ըստ էության, հրամանատարական կազմից պիտի գային, նշանակվեր անմիջական հրամանատար (կամ ինֆորմացվեր հրամանատարական կազմի մասին, թե ում ենք ենթարկվում՝ ում հրամանատարության տակ ենք), քանի որ հրամանատար չունեինք և ըստ իրավիճակի հանձնարարականներ տրվեին:

-Հրամանատարական կազմից ձեզ հետ մարդ կա՞ր, ո՞վ էր հրամանատարը։

Արմավիրի զորամասում կազմավորված եղել ենք ջոկերի և դասակների կազմով, անձնակազմից նշանակված էին ջոկերի և դասակների հրամանատարներ, գումարած երեք հոգի՝ պահեստազորից համալրված սպաներից: Նախապես նշանակված հրամանատար կար, կոչումով փոխգնդապետ, ով վերջին պահին անհայտ պատճառներով չեկավ մեզ հետ: Կար քաղաքացիական անձ, ով նշանակված էր որպես ուղեկցող՝ Արթուր Շատվորյանը: Նաև որպես վաշտի հրամանատար մեզ էր միացել այլ ստորաբաժանման կոչումով սպա՝ Դավիթ Արղամանյանը։ Բարձր տրամադրության առաջին անկումը եղավ այն ժամանակ, երբ, մեր սպասումներին հակառակ, ոչ ոք չեկավ այսպես ասած՝ զորքին՝ մեզ, ընդունելու:

Հնարավոր է տեղյակ չէին, որ զորք է եկել Շուշի, քանի որ նախնական որոշմամբ պիտի գնայինք Ստեփանակերտ:

Չեմ կարծում, որ խաչմերուկում տեղակայված պահակակետից չեն զեկուցել այդքան մեծ խմբաքանակով զորքի ժամանման մասին: Այլապես ինքնագլուխ չէին ուղեկցի և տեղավորի սպորտդպրոցում։

Մեր ժամանումից մի քանի ժամ հետո սկսվեց կարճատև արկակոծություն տվյալ հատվածում, որը ավելի էր լարում վիճակը՝ հրամանատարների ուշանալու հետ մեկտեղ:

Դեռևս Արմավիրի զորամասում ինֆորմացիա կար, որ թշնամին հասել է Սղնախ գյուղ, այն ժամանակ, երբ դեռ բոլորը վստահ էին Հադրութի հայկական վերահսկողության տակ գտնվելու մեջ: Անձամբ ես էլ չէի հավատում թշնամու Սղնախ հասնելու ինֆորմացիային: Հավատացի այն ժամանակ, երբ առաջին արկակոծությունը լսեցի, որովհետև արկերը օգտագործվում են ոչ մեծ հեռավորության վրա: Իսկ Սղնախից Շուշի օդային ճանապարհի հեռավորությունը 6-7 կմ է:

Հրամանատարությունից այդպես էլ չեկան, չնայած այն հանգամանքին, որ մինչև այսօր չենք կարողանում պարզել, թե ով է եղել Շուշիի պաշտպանության օպերացիայի պատասխանատուն, հրամանատարը, եթե իհարկե այդպիսի օպերացիա մշակվել է ընդհանրապես:

Այդպիսով, անմիջական հրամանատարները մնացին այն անձինք, որոնց մենք էինք մեզ համար որոշել:

Իսկ ստորաբաժանումը անվանվում էր 4-րդ մարտարշավային գումարտակ:

Հենց հոկտեմբերի 27-ից սկսվեց անորոշ իրավիճակ: Ոչ մի ինֆորմացիա թշնամու գտնվելու վայրի վերաբերյալ, ոչ մի գործողությունների պլան կամ պաշտպանական մարտավարություն:

Սպորտդպրոցի հարևանությամբ՝ Մուրացանի անվան դպրոց կամ քոլեջում, տեղակայված էր հատուկ նշանակության ստորաբաժանումը, որի հետ, ըստ էության, պիտի կատարեինք առաջադրանքները:

Այդ ժամանակահատվածում ինֆորմացիա կար, որ հակառակորդը ՀՀ ԶՈՒ համազգեստով մուտք ու ելք է անում քաղաք:

-Քաղաքում ի՞նչ իրավիճակ էր, ի՞նչ ստորաբաժանումներ կային։ 

Քաղաքի բոլոր հատվածներում կային տեղակայված հայկական ուժեր՝ կազմված հատուկ նշանակության ստորաբաժանումներից, տարբեր ուժային կառույցներից ձևավորված ստորաբաժանումներից, ՄՈԲ ռեզերվից և տեղացի աշխարհազորայիններց: Քաղաքում կար բավական մարդկային ռեսուրս՝ քաղաքը պաշտպանելու համար, իսկ ռազմական տեխնիկայի առումով չեմ կարող ասել։ Գիտեմ, որ գործում էր Շուշիի ՀՕՊ զորամասը։

Որոշվեց պահակակետեր նշանակել մեր տեղակայման տարածքում հատուկ գաղտնաբառերով, և տարածքում պարեկային ծառայություն իրականացնել:

Այնպիսի իրավիճակ էր, որ հայկական ուժերը նույնիսկ միմյանց չէին ճանաչում, չգիտեին՝ ով որտեղ է նստած, ինչ պետք է անի:

Հոկտեմբերի 31-ին հատուկ նշանակության ստորաբաժանման սպաներից մեկի ցուցումով և հատուկ նշանակության ստորաբաժանման խմբի ուղեկցությամբ մեր ստորաբաժանումն ուղևորվում է Քարին Տակ գյուղ՝ համատեղ գործողության: Մեկ պիկապ, երեք սատկո և շտապօգնության խումբը:

Հասնելով հայտնի խաչմերուկը՝ օդային տագնապի ազդանշան է միանում, իջնում ենք մեքենաներից, բացազատվում, սակայն ժամանակի սղության պատճառով մի քանի րոպեից նորից նստում և շարունակում ենք ճանապարհը դեպի Քարին Տակ: Պիկապը առջևից էր, այնուհետև առաջին սատկոն, երկրորդի մեջ ես էի: Ես մեքենայի հետնամասում էի նստած, բայց երրորդ մեքենան և շտապօգնության մեքենան չէին երևում: Հասնելով գյուղի սկզբնամաս՝ կանգ առանք, հատուկ նշանակության ստորաբաժանման սպաներից մեկը հրահանգեց, որ մեկը իջնի մեքենայից, և քանի որ հետնամասում էի նստած, ես իջա, ինձ հետ նաև իջավ մեր տղաներից մեկը, որ մենակ չլինեմ: Խնդիր դրվեց սպասել մյուս մեքենային և արդեն նախօրոք իմանալով գործողության մոտավոր վայրը՝ նրանց ուղեկցել այդտեղ: Սակայն կոնկրետ մեր ստորաբաժանման խնդիրը դեռևս պարզ չէր, թե ինչ պիտի անեինք նշված վայրում:

Դա հոկտեմբերի 31-ի մոտավորապես ժամը 4-ի կողմերն էր: Ըստ էության, մյուս մեքենան մոտ 10 րոպեից պիտի գար: Բայց արդեն ժամը 6-ի կողմերն էր, իսկ մեքենան չկար:

Գյուղում կրկին նույն իրավիճակն էր, ոչ ոք չգիտեր, թե ով որտեղ է դիրքավորված և ինչ խնդիրներ է կատարում: Այդ պաճառով էլ միջադեպեր եղան Եղնիկների զորամասից եկած զինվորների և Քարին Տակի գյուղացիների հետ: Կար փոխադարձ կասկած թշնամու հետախուզադիվերսիոն ներկայացուցիչ լինելու մեջ: Բարեբախտաբար, այդ երկու միջադեպերն էլ առանց պատահարների անցան: Իսկ լուծման մեթոդն արդեն ոչ թե գաղտնաբառերն էին, այլ տվյալ մարդու բնակավայրի մասին ինֆորմացիան՝ քաղաքապետն ով է, ինչ գործարան կա և նմանատիպ բաներ:

Մի քանի ժամ անց արդեն երկուսով չէինք, մեզ հետ էին նաև Քարին Տակի գյուղացիներից 4 հոգի:

Ժամը 8-ի կողմերը որոշեցի առաջանալ դեպի գյուղի դպրոցը: Այն սարը, որի վրա պիտի տեղակայվեինք, հրետակոծվում էր և՛ մեր կողմից, և՛ թշնամու: Հենց այդ սարի վրա թշնամին կիրառեց ֆոսֆորային լիցքով հրթիռները: Դպրոցի մոտ նկատեցի հատուկ նշանակության ստորաբաժանման պիկապը, որը գալիս էր Շուշիի կողմից, կանգնեց և ասաց, որ սպասենք՝ հիմա կգան: Մութն արդեն ընկել էր, մոտ 10 րոպեից եկան, պիկապի մեջ տեղ չկար, վիրավորներ էին, մեզ ասացին արագ նստենք թափքի վրա, որովհետև մի վիրավորի վիճակը ծանր էր, իսկ մեքենան վարում էինք առանց լույսերի: Այդ ժամանակ չհասցինք հարցնել ստորաբաժանման մասին և բարձրացանք դեպի Շուշի: Հասնելով նույն խաչմերուկը՝ արդեն պարզ էր, թե ինչու չեկավ մեր երրորդ մեքենան և շտապօգնությունը: Ընկել էին հրթիռակոծության տակ:

Մտնելով քաղաք՝ իջանք պիկապից, հարցրինք իրավիճակի մասին, մեր ստորաբաժանման գտվելու մասին, բայց նրանք էլ կարծես թե տեղյակ չէին:

-Հատուկ նշանակության նույն ստորաբաժանո՞ւմն էր, որը տեղակայված էր ձեր հարևանությամբ:

Ոչ, նրանց տեղակայման վայրը քաղաքի այլ հատվածում էր: Երբ մենք հասանք մեր տեղակայման վայր, մեր հարևանությամբ գտնվող ստորաբաժանումն այնտեղ չէր: Տղաներին տարել էին Քարին Տակի վերջնամասում գտնվող սարի վրա, տվել անհասկանալի հանձնարարություն և հեռացել:

Ես և Էդգարը եկանք մեր տեղակայման վայր: Առաջին հարցն էր՝ զոհ կա՞, թե ոչ, բարեբախտաբար չկար, կային միայն վիրավորներ:

Հաջորդ խնդիրն այն էր, թե ինչպես գտնենք Քարին Տակ գյուղում գտնվող մեր ընկերներին: Քանի որ հրթիռակոծության հետևանքով Շուշի քաղաքը հոսանքազրկվել էր, ռադիոկապիս մարտկոցը նստել էր: Շուշիի ՀՕՊ-ի զորամասը մեզ մոտ էր, այնտեղ դվիժոկ կար: Երեք հոգով գնացինք զորամաս՝ ռադիոկապի մարտկոցը լիցքավորելու: Զորամասը գտնվում էր քաղաք մտնող Ղազանչեցոց փողոցի վրա: Բավարար չափով լիցքավորելուց հետո իջնում ենք դեպի նույն խաչմերուկ՝ փորձելով անընդհատ կապի դուրս գալ խմբի հետ, և հաջողվում է: Խաչմերուկի մոտ հանդիպում ենք նրանց, փառք Աստծո բոլորը ողջ-առողջ էին:

Դեռ Քարին Տակում տեղացիների հետ քննարկում էինք իրավիճակը: Եկանք այն եզրահանգման, որ թշնամու հիմնական հարվածը և առաջխաղացումը լինելու է ոչ թե Քարին Տակ-Սղնախ հատվածից, այլ շրջանցելու են և դուրս գան Բերձոր-Շուշի ճանապարհի Լիսագորի հատվածը:

Նոյեմբերի 1-ից 4-ը անհասկանալի իրավիճակներ էին, կրկին չկար քաղաքի պաշտպանության պլան. որոշեցինք մենք մեզանով ուսումնասիրել քաղաքը, դիրքերը:

Նոյեմբերի 3-ի գիշերը լույս 4-ին սկսվում է Շուշի քաղաքի ինտենսիվ արկակոծություն և հրթիռակոծություն:

Գրեթե սահմանափակվում է զորքերի տեղաշարժը: Այնպիսի տպավորություն էր, որ մեր հրետանին ուղղակի չի գործում:

Նոյեմբերի 4-ին մեզ մոտ է ժամանում Արայիկ Հարությունյանը:

Բնականաբար, այդտեղ բազմաթիվ հարցեր են տրվում մեր կողմից, որոնց պատասխաններն այդքան էլ գոհացուցիչ չէին, բայց հուսադրող էին ինչ-որ չափով:

Բարձրացվել են զենք-զինամթերքի, հրամանատարության բացակայության, անորոշության և անտեղյակության մասին հարցերը:

Խոստացան բերել անհրաժեշտ բոլոր զենքերը, նշանակվեց հրամանատար՝ շեշտելով, որ քաղաքի պաշտպանությանն է մասնակցում նաև գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը:

Տրամադրվեց ինֆորմացիա, որ երկու-երեք օրվա մեջ կատարված սխալները ուղղվելու են, վաղը բեկում է մտցվելու՝ Քարին Տակում բանակի մասնակցությամբ իրականացվող օպերացիայով:

Արայիկ Հարությունյանի հեռանալուց հետո ստացանք ինֆորմացիա, որ Քարին Տակը մեր վերահսկողության տակ չէ: Մի քանի օր առաջ մեր մարտական ընկերներից մեկը առանձնացել էր մեզանից՝ միանալով Քարին Տակում գտնվող, կարծեմ գյուղապետի ջոկատին: Գիտեինք, որ Նվերը վիրավորվել է, և թշնամին մտել է գյուղ:

Այնուամենայնիվ, մտածում էինք, եթե նախագահին պիտի չհավատանք, էլ ի՞նչ գործ ունենք էստեղ:

Տրվեց խնդիր՝ զբաղեցնել քաղաքի հարավ-արևելյան և արևելյան հատվածում գտնվող դիրքերը, որպեսզի թշնամին Հունոտի կիրճի կողմերից չկարողանա բարձրանալ քաղաք:

-Ո՞վ էր նշանակված հրամանատարը:

Շուշիի շրջանի դատախազը՝ Ալեքսանդրը, ազգանունը չեմ հիշում (Գրիգորյան, հեղ.):

Պիտի կազմավորվեինք և կես ժամից մեկնեինք համապատասխան դիրքեր: Կազմավորվեցինք՝ 19 հոգի, սակայն ուղեկցողը եկավ ոչ թե կես ժամից, այլ՝ արդեն նոյեմբերի 5-ին՝ ժամը 6-ի կողմերը:

Սպորտդպրոցից գնացինք վարչակազմի շենք: Քանի որ հրթիռակոծություն էր, ժամը 12-ի կողմերը նոր հասանք դիրքեր:

11 հոգի՝ Դավիթ Արղամանյանի գլխավորությամբ, գնացին Շուշիի գաղութի հարևանությամբ գտնվող դիրքը, կարծեմ՝ «Բերդ 1» անվամբ, իսկ մենք 8 հոգով, Գագիկ Քարամյանի հրամանատարությամբ, ով նույնպես պահեստազորի սպա էր, գնացինք «40 աստիճան» անվամբ դիրքը՝ «Բերդ 3», որը գտնում էր քաղաքի հարավ-արևելյան հատվածում:

«Բերդ 1» դիրքին էին ավելացել նաև 3-4 հոգի մեր հիմնական ստորաբաժանումից, իսկ մեզ էին միացել երկու հոգի Շուշիի աշխարհազորից, որոնցից մեկը՝ Ռոման Բաբայանը, զոհվել է:

Զենք-զինամթերք չբերեցին։ Հրամանատարության հետ կապ չկար։ Բանակի զորամիավորումներ չեմ տեսել, առավել ևս գործողություն, հնարավոր է մեկ կամ երկու ականանետային հաշվարկ լիներ:

Նոյեմբերի 6-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, նկատեցի, որ «Բերդ 1»-ի ուղղությամբ ինտենսիվ հրետանային կրակ է վարվում: Չնայած նրան, որ հեռախոսային կապ գրեթե չկար, այնուամենայնիվ, կարողացա կապվել մեր տղաներից մեկի հետ: Նա ասաց, որ վիրավոր է և գտնվում է հոսպիտալում. մարտի էին բռնվել թշնամու հետ և ուժերի ու զինամթերքի անհավասարության պայմաններում՝ նահանջել:

Արդեն պարզ էր, որ թշնամին քաղաք էր մտել թիկունքից, այդ իսկ պատճառով հիմնական դիտարկումը կատարվում էր դեպի քաղաքի կողմը: Տեղեկացանք նաև, որ հայկական ուժերը միմյանց վրա էլ են կրակում, քանի որ անտեղյակություն էր տիրում՝ մեր ուժերի դիրքավորման տեղերի հետ կապված:

Կանոնավոր բանակի ներկայություն, մանավանդ՝ գործողություն այնտեղ չկար, բացառությամբ մի քանի ականանետային հաշվարկի:

-Ըստ Ձեզ, ո՞ր կողմից էր թշնամին քաղաք մտել:

Թշնամին հիմնականում քաղաք էր մտել հյուսիսային կողմից: Չեմ կարծում, որ մինչ այդ հատվածները հասնելը չի դիտարկվել և հայտնաբերվել: Իսկ, ինչպես արդեն նշել էի, մեր հրետանին կարծես թե չէր գործում:

Ժամը 04:00-ի կողմերը մեզ հետ են կապվում հարևան «Բերդ 2» դիրքից և առաջարկում միանալ իրենց: Սակայն, առանց անմիջական հրամանի, ճիշտ չէր լինի թողնել այդ դիրքը, չնայած նրան, որ այն արդեն ռազմավարական տեսանկյունից պիտանի չէր: Այդ դիրքում խրամատներ էլ չկային և, հետևաբար, պաշտպանություն կազմակերպելը բարդ էր լինելու, մանավադ՝ 120 հատ փամփուշտով:

Ողջամիտ առաջարկը փորձեցինք ներկայացնել հրամանատարին, սակայն երկու ժամ չկարողացանք կապվել ո'չ Ալեքսանդրի հետ, ո՛չ էլ Սեյրան Օհանյանի:

Որոշեցինք միավորվել «Բերդ 2»-ին: Այնուհետև տեսնելով, որ քաղաքը հրետակոծվում է հա՛մ մեր, հա՛մ հակառակորդի ուժերի կողմից, իսկ կապ չկա ոչ ոքի հետ, որոշեցինք նահանջել դեպի Շուշի-Ստեփանակերտ ճանապարհը՝ բաժանվելով երկու խմբի:

Առաջին խմբի կազմում գտնվող Ռոման Բաբայանը զոհվում է:

Չնայած անհեթեթ խոսակցություններին՝ Շուշի քաղաքը նոյեմբերի 6 -ի դրությամբ մեր վերահսկողության տակ չէր՝ անկախ նրանից, որ այնտեղ պատսպարված հայկական ուժեր են եղել: Նրանք մարտական խնդիր չէին կարող իրականացնել, որովհետև նույնիսկ այդ ժամանակ չկազմավորվեց որևէ պաշտպանական գործողություն: Նոյեմբերի 7-ին կարողացանք դուրս բերել մեր անձնակազմից քաղաքում մնացած տղաներին:

Նույն օրը տարհանվում է Ստեփանակերտ քաղաքը։

Անհրաժեշտ էր կազմակերպել Ստեփանակերտի պաշտպանությունը: Նման տեղեկատվություն ստացանք նոյեմբերի 8-ին գեներալ-մայոր Վարդան Բալայանից:

Նոյեմբերի 9-ին արդեն լավ զինված 19 հոգանոց խմբով մեկնեցինք Շոշ գյուղ, որտեղ էլ պետք է ստանայինք հիմնական մարտական խնդիրը: Սակայն նորից չկար պաշտպանական պլան և գործողությունների սխեմա:

Բոլորիս համար անսպասելի՝ նոյեմբերի 10 -ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, տեղեկացանք հրադադարի մասին:

Սա կազմակերպված անկազմակերպվածություն էր, ըստ իս՝ պատերազմի իմիտացիա, որը մեր տղաների կատարած սխրանքների շնորհիվ 44 օր երկարաձգվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter