
Ռուսաստանն ու Ադրբեջանը կհամագործակցեն միմյանց տարածքային ամբողջականության պաշտպանության համար
Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայություններն այսօր Բաքվում համագործակցության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել։ Այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։
«Այսօր Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության և Ադրբեջանի արտաքին հետախուզական ծառայության միջև ստորագրվել է հետախուզության ոլորտում համագործակցության զարգացման մասին համաձայնագիր: Սա հիմնարար փաստաթուղթ է,<...>այն լրացուցիչ ներուժ է հաղորդում մեր հարաբերությունների զարգացման համար, մեր փոխգործակցության»,- ասել է Նարիշկինը։
Նա նշել է, որ արտաքին հետախուզության ծառայությունների պլաններում են «երկու պետությունների ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությանն աջակցելու, միջազգային ահաբեկչության և արմատական ծայրահեղականության դեմ պայքարի, երրորդ երկրներում Ռուսաստանի և Ադրբեջանի արտասահմանյան հաստատությունների ու քաղաքացիների շահերի պաշտպանության» համատեղ գործողությունները:
Ռուսաստանցի պաշտոնյան ընդգծել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի հետախուզական ծառայությունների համագործակցությունն «արդեն ունի լավ պատմություն»։
«Մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում մեր ադրբեջանցի գործընկերներին և բարեկամներին, բարձր ենք գնահատում Ադրբեջանի արտաքին հետախուզական ծառայության մասնագիտական մակարդակը: <...> Մենք հասնում ենք այն արդյունքներին, որոնց վրա կենտրոնանում ենք»,- ընդգծել է Նարիշկինը։
Նա հայտնել է, որ Ադրբեջան այցի շրջանակներում հանդիպել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Նարիշկինը Բաքու է այցելել երկուշաբթի օրը Երևան կատարած այցելությունից հետո։ Հայաստանում նա հանդիպել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին և Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արմեն Աբազյանին։ Ընդ որում, Նարիշկինի այցին նախորդել էր Հայաստան ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսի այցը։
Լուսանկարը՝ Murad Orujov-ի
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել