HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Թուրքիան բանակցում է Հայաստանի հետ ոչ թե հարաբերությունների, այլ կոնկրետ հարցերում զիջումներ ստանալու համար»

Ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը «Հետքի» հետ զրույցում անդրադարձել է  Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուի այն հայտարարությանը, թե Հայաստանից հստակ քայլեր են ցանկանում տեսնել, բայց մինչ այս պահը հայկական կողմից միայն հայտարարություններ են տեսնում խաղաղության մասին, եւ որ այս գործընթացում Թուրքիան գործում է Ադրբեջանի հետ։ Ակադեմիկոսը նշում է, որ այն, ինչ հայտարարում է Չավուշօղլուն, թուրք պաշտոնյաներն արդեն մի քանի անգամ հայտարարել են։

Պարզապես խնդիրն այն է, որ թուրք նախարարի հայտարարությունը շատ հստակ է, ինչը մեկ անգամ եւս հաստատում է Թուրքիայի իրական նպատակները հայ-թուրքական գործընթացից։  «Թուրքիան, ձեւականորեն  հայտարարելով, որ առանց նախապայմանների է բանակցում Հայաստանի հետ, իրականում նախապայմաններ է դրել, եւ այդ նախապայմանները կոնկրետ են։ Չավուշօղլուն ակնարկել է դրանց մասին։ Առաջինը՝ Հայաստանը փաստաթուղթ կամ  պայմանագիր ստորագրի, որով պաշտոնապես կճանաչի Արցախը Ադրբեջանի տարածքի մի մաս, երկրորդը՝ կապված, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հետ։ Թուրքիան այս երկու կոնկրետ խնդիրն է դրել իր առաջ այս բանակցային գործընթացում՝ Հայաստանից կորզում ստանալու համար»,- ասում է Ռուբեն Սաֆրաստյանը։

Նախորդ անգամ մեզ հետ զրույցում թուրքագետը նշել էր, որ միեւնույնն է՝ Թուրքիան  նախապայմաններ առաջ է քաշելու, եւ հայկական կողմը պետք է շատ սզբունքային մոտեցում ունենա այդ հարցերում՝ զիջումների չգնա։ Հարցին, թե, փաստորեն, Թուրքիան արդեն առաջ է քաշում իր նախապայմանները, ակադեմիկոսը պատասխանում է․ «Այո, եւ հայկական կողմը պետք է շատ լավ հասկանա, որ Թուրքիան բանակցում է  Հայաստանի հետ ոչ թե հարաբերությունները կարգավորելու (դա երրորդական խնդիր է նրանց համար), այլ կոնկրետ հարցերում Հայաստանից զիջումներ ստանալու համար։ Եվ երկրորդ՝ Արեւմուտքի, ԱՄՆ-ի, աշխարհի մոտ տպավորություն ստեղծելու, թե Թուրքիան կառուցողական է, ուզում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ»։

Դեռ այս տարվա հունվարին «Հետքի» հետ զրույցում ակադեմիկոս Սաֆրաստյանը կարծիք էր հայտնել, որ հայ-թուրքական չորրորդ բանակցային գործընթացն էլ հաջողության քիչ շանսեր ունի։ Հարցին, թե արդյոք շարունակում է նույն կարծիքին մնալ, ակադեմիկոսը դրական է արձագանքում։ Ասում է՝ Թուրքիան հստակ պահանջներ է դրել եւ կդնի Հայաստանի առաջ, ու եթե Հայաստանը չիրականացնի դրանք, ապա ոչինչ չի ստացվի այդ բանակցային գործընթացից։ «Հայաստանը պետք է հասկանա, որ Թուրքիան շատ կոնկրետ խնդիր է լուծում, եւ այդ խնդիրները կապված են մեր ինքնության հետ՝ Հայոց ցեղասպանության խնդիրը, Արցախի հիմնահարցը, որտեղ զիջումներ չենք կարող անել, իսկ եթե Թուրքիան զիջումներ չստանա, ոչ մի բան չի ստացվի»,- նշում է թուրքագետը։

Հարցին, որ եթե Հայաստանից զիջումներ չլինեն, ու այս բանակցային գործընթացն էլ տապալվի, ինչ հավանական սցենար է տեսնում, արդյոք նոր էսկալացիայի կամ ագրեսիայի վտանգ կա, Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանում է, որ այդ վտանգը միշտ առկա է, եւ բանակցությունները տապալվելու դեպքում այն գուցե ավելի մեծ լինի։ Թուրքիան կարող է Ադրբեջանի միջոցով փորձել լուծել այդ խնդիրները։

Ինչ վերաբերում է Չավուշօղլուի դիտարկմանը, թե իբր Ռուսաստանի նկատմամբ լոգիստիկ սահմանափակումների պայմաններում տարածաշրջանում կարեւորություն ունեն միջանցքները, որոնք Չինաստանը, Միջին Ասիայի երկրները կարող են կապել Եվրոպայի հետ, Ռուբեն Սաֆրաստյանը նշում է․ «Իրենք իրենց հայտարարություններն անում են միջանցքային տրամաբանության շրջանակներում»։ Ակադեմիկոսի փոխանցմամբ՝ Հայաստանն ու Ռուսաստանը հայտարարում են, որ խոսքը պետք է լինի ոչ թե միջանցքի, այլ կոմունիկացիաների բացման մասին։ Հայաստանը կողմ է, որ այդ կոմունիկացիան բացվի՝  պահպանելով վերահսկողությունը դրա նկատմամբ, իսկ Թուրիքան, ցանկանում է, որ Հայաստանը հրաժարավի այդ իրավունքից։

«Սա նոր մոտեցում չէ։ Երբ նայում ենք 1918 թ․ Բաթումի պայմանագիրը, դրա լրացումներից մեկով նախատեսվում էր ոչ միայն «Զանգեզուրի միջանցք», այլեւ նախատեսվում էր, որ Թուրքիան պետք է նշանակի հատուկ հանձնակատար, որը կհսկի, որ Հայաստանն այդ միջանցքը բաց պահի Թուրքիայի համար։ Այնպես որ, սրանք վաղեմի աշխարհաքաղաքական հաշվարկներ են։ Հայաստանի ձգտումը, որ այդ կոմունիկացիաները գործեն, միանգամայն հասկանալի է, բայց Թուրքիան էլ ուզում է, որ Հայաստանը դրանց վրա վերահսկողություն չունենա, այսինքն՝ ինքն ինչ ուզենա, տեղափոխի՝ առանց Հայաստանին տեղյակ պահելու»,-ասում է ակադեմիկոսը։

Իրանի հոգեւոր առաջնորդը Թուրքիայի նախագահի հետ հանդիպմանը օրերս հայտարարեց, որ եթե Իրան-Հայաստան սահմանը փակելու քաղաքականություն լինի, Իրանը դեմ է լինելու, քանի որ այդ սահմանը 1000-ամյա կապող երթուղի է։ Մեր հարցին, թե արդյոք այս ակնարկը կարող է ազդեցություն ունենալ Թուրքիայի դիվանագիտության վրա, Ռուբեն Սաֆրաստյանը դրական պատասխան է տալիս։

«Ի՞նչ պատկեր է ստացվում․ Ռուսաստանն էլ է հայտարարում, որ դեմ է այդ միջանցքային քաղաքականությանը, Հայաստանն էլ է դեմ, այսինքն՝ տեսնում ենք, որ միջանցքի մասին խոսում են միայն Թուրքիան եւ Ադրբեջանը, որոնք  փոքրամասնություն են։ Իրանի այդ հայտարարությունը կարեւոր է։ Կարծում եմ՝ վերջիվերջո, կարող են բացվել այդ կոմունիկացիաները, որովհետեւ Ռուսաստանն էլ է շահագրգռված, որ բացվեն, բայց ոչ թե դրանք գործեն միջանցքային տրամաբանությամբ, այլ որպես նորմալ կոմունիկացա, ինչպես ընդունված է աշխարհում»,- ասում է ակադեմիկոս Սաֆրաստյանը։

Լուսանկարը՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter