HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Ձկնաբուծարանները չօրինականացնելով՝ Կառավարությունը համայնքներին զրկում է հարկեր հավաքելու հնարավորությունից

Գյուղատնտեսական արտադրական նշանակության օբյեկտները՝ ձկնաբուծարաններ, ջերմոցներ, չորանոցներ, սառնարաններ և այլն, կառուցվել են հիմնականում գյուղատնտեսական նշանակության հողատարածքների վրա և ինքնակամ շինություններ են համարվում։ Ներկայումս դրանք օրինականացնելու ակտիվ գործընթաց է տեղի ունենում, որի պատճառը տարեսկզբին  Կառավարության ընդունած «Ինքնակամ կառույցների հաշվառման կարգը սահմանելու մասին» որոշումն է։

Այս որոշումով ինքնակամ շինություններն օրինականացնելու ժամկետներ են սահմանվել, բայց, հատկապես ձկնաբույծներին դա չի անհանգստացնում։ Ինքնակամ կառույցներն օրինականացնելու առաջին քայլը հողն ըստ նշանակության փոխելն է, որից նրանք հրաժարվում են։ Հատկապես` հողի կադաստրային արժեքների վերջին փոփոխությունից հետո, երբ հողի նշանակությունը գյուղատնտեսականից արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության փոխելու համար խոշոր ձկնաբույծները հարյուրավոր միլիոն դրամներ կարող են վճարել։

Արարատի մարզում ամենամեծ թվով ձկնաբուծարանները Մասիս համայնքում միավորված բնակավայրերում են՝ Հովտաշատ, Սիս, Սիփանիկ, Հայանիստ, Դարբնիկ, Դաշտավան, Զորակ, Նիզամի, Սայաթ-Նովա, Ռանչպար, Նորամարգ և այլն: Մասիս համայնքի ավագանին 2022թ․ տարեսկզբից մինչև հուլիս ամիսը հողի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ 38 որոշում է ընդունել, որից միայն երեքն են վերաբերում ձկնաբուծարաններին։ Հողի նշանակությունը փոփոխելու համար դիմում են հիմնականում ջերմոցային, սառնարանային, այնուհետև չորանոց, անասնագոմ, հասարակական և բնակելի շինություններն  օրինականացնելու կամ նորը կառուցելու համար։

Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը հայտնել է, որ նշված գյուղերում 2020-21թթ․-ին կատարված հողամասերի փոփոխություններին և ինքնակամ կառուցված շինություններն օրինականացնելու վերաբերյալ տեղեկատվությանը չեն տիրապետում։ Մասիսի ավագանու որոշումով՝ 2022թ․-ին ձկնաբուծական լճակ կառուցելու համար գյուղատնտեսական նշանակության հողերից արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության են փոխել՝

  • «Ֆուդ Էքս» ՍՊԸ-ի՝ Սիս գյուղում գտնվող 1,75359 հա հողատարածքը,
  • Հրանտ Գուլանյանի՝ Ռանչպար գյուղում գտնվող 4,51 հա հողատարածքը,
  • Արտյոմ Թորոսյանի՝ Դարբնիկ գյուղում գտնվող5275 հահողատարածքը։

Կադաստրի կոմիտեի տվյալներով՝ 2020թ․-ին Արարատի մարզում ձկնաբուծարաններ կառուցելու համար հողի նշանակությունը գյուղատնտեսականից արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության փոխելու մեկ դեպք է գրանցվել՝ Սիս համայնքում ջրային նշանակության լճերի է փոխվել 10․7587 հա հողատարածք (գործարար Սամվել Ալեքսանյանի ձկնաբուծարանի մասին է խոսքը)։

2021թ․-ին Արարատի մարզում հողի նշանակությունը արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության փոխելու երկու գրանցում է կատարվել Կադաստրում՝ Սիս համայնքում ջրային նշանակության լճերի է փոխվել 4․3 հա հողատարածք, Նորամարգ գյուղում՝ 0,0455 հա հողատարածք։

Կադաստրի կոմիտեի տվյալներով՝ 2020թ․-ին Արմավիրի մարզում հողատարածքներ չեն փոխվել ջրային նշանակության։ 2021թ․-ին՝ ջրային նշանակության հողերի է փոխվել 1,5197 հա հողատարածք Ծիածան գյուղում, 0,47176 հա հողատարածք էլ՝ Արևադաշտ գյուղում։

Արմավիրի մարզում ձկնաբուծարանները կենտրոնացված են Գայ, Գրիբայեդով, Ջրառատ, Լուսագյուղ, Արաքս, Ապագա, Ակնաշեն, Հայկաշեն և Ջրարբի գյուղերում։  2021թ․-ի դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններով այս գյուղերը միավորվել են Արաքս համայնքում։ Համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը 2020-22թթ․-ին համայնքի բնակավայրերում հողերի փոփոխության վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրել, ըստ որի՝ ոչ մի ձկնաբուծարան հողի նշանակությունը չի փոխել, այլ կերպ ասած՝ ձկնաբուծարանի գործունեությունը չի օրինականացրել։

Արարատի և Արմավիրի մարզերում անօրինական հիմնված ձկնաբուծարանների վերաբերյալ 2020թ.-ին երկու հետաքննություն ենք հրապարակել՝ «Ձկնաբույծներն արժեզրկել են երկրի ամենամեծ կապիտալը` հողը» և «Թե ինչպես է Սամվել Ալեքսանյանը սնանկացրել Սիսը՝ զարգացնելով սեփական բիզնեսը»։ 

Հրապարակումների նպատակն էր՝ ցույց տալ, թե յուրաքանչյուր համայնքում հազարավոր հեկտար հողատարածքներ զբաղեցնող ձկնաբուծարանների հողի նշանակությունը չփոխելով, ինքնակամ կառուցված լճակներն ու շինությունները չօրինականացնելով ինչ վնասներ են պատճառվում համայնքներին։ Մեծ թվով ձկնաբուծարաններ, որոնց կառուցումը սկսվել է ավելի քան 15 տարի առաջ, մինչ օրս անօրինական գործունեություն են իրականացնում՝ շարունակելով անվճար սպառել համայնքների հողային և ջրային ողջ ռեսուրսը։

«Հետք»-ի հրապարակումներից հետո որոշակի տեղաշարժ նկատվեց՝ մի քանիսը ձկնաբուծարաններն օրինականացնելու նախաձեռնություն ցուցաբերեցին։

Նորամարգ համայնքի ղեկավարի 2020թ․ մարտի 5-ի որոշումով Անահիտ Նազարյանի՝ ինքնակամ կառուցված 3032.85 քմ մակերեսով ձկնաբուծական լճերը և հարակից շինություններն օրինականացվել են, որի համար նա համայնքային բյուջե է վճարել 3 մլն 139 հազար դրամ։ Անահիտ Նազարյանի ձկնաբուծարանն Արարատի մարզում մեծերից է համարվում:    

Նորամարգ համայնքի ղեկավարը 2020թ․ մարտի 17-ի որոշումով ձկնաբուծական լճակներ կառուցելու թույլտվություն է տվել «ՄԱԿ ՖԻՇ» ՍՊԸ-ին։ Սիս համայնքի ավագանին 2021թ․-ի մարտի 6-ի որոշումով փոփոխել է Ելենա Եղյանին սեփականության իրավունքով պատկանող մոտ 3 հեկտար հողամասի նշանակությունը։ Ավագանու 2021թ․ մայիսի 20-ի որոշումով իրենց սեփական հողամասերի նշանակությունը փոխել են Անի Ավետիսյանը՝ 0, 32682 հա, «Գյումրի Էկո» ՍՊԸ-ն՝ 3,16 հա ձկնաբուծական լճակներ կառուցելու համար։ Ավագանու այս որոշումները պետք է հասկանալ ոչ թե կառուցելու, այլ՝ կառուցված ձկնաբուծարաններն օրինականացնելու թույլտվություններ։

«Հետք»-ում «Թե ինչպես է Սամվել Ալեքսանյանը սնանկացրել Սիսը` զարգացնելով սեփական բիզնեսը» հոդվածի հրապարակումից մեկ ամիս անց Գլխավոր դատախազությունը հաղորդագրությամբ իրազեկեց, որ օրենսդրության խախտումով կառուցված ձկնաբուծարանն օրինականացվել է։ Սեփականատերը Սիս համայնքի բյուջե է վճարել ձկնաբուծարանի զբաղեցրած հողամասի և շինությունների արժեքը՝ ընդհանուր 111 մլն դրամ։ Հիշեցնենք, որ ձկնաբուծարանը պատկանում է հանրապետության խոշոր գործարարներից Սամվել Ալեքսանյանին։

«Հարկ է ընդգծել, որ սկսած 2007թ.-ից մինչ օրս, Սիս համայնքը զրկված է եղել նշված ինքնակամ շինությունների համար գույքահարկ գանձելու և այդ կերպ համայնքի բյուջեն համալրելու հնարավորությունիցնկատի ունենալով, որ ինքնակամ շինությունները պետական գրանցում չեն ստացելՄինչդեռ, դատախազության ներգործությամբ իրականացված գործընթացի արդյունքում հետայսու ձկնաբուծարանի սեփականատերը պարտավոր է լինելու յուրաքանչյուր տարի Սիս համայնքի բյուջե վճարել սահմանված չափով գույքահարկ»,- ասվում էր գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ:

Սիս համայնքի ավագանու 2020թ․հուլիսի 30-ի որոշումով Արտավազդ Բայբուրթյանին պատկանող 3 հա գյուղնշանակության արոտավայրից 1․06246 հեկտարը փոխվել է արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության։ Ավագանին ձկնաբուծարանի սեփականատիրոջը հանձնարարել էր այդ հողակտորի վրա կառուցված ինքնակամ շինությունների օրինականացման գործընթաց սկսել։

Մեր հրապարակման մեջ նշել էինք, որ Երեւանի բնակիչ Արտավազդ Բայբուրթյանը խոշոր հողատեր է, 25 հա հող ունի Սիս գյուղում, ձկնաբուծարանի ջրավազանների մակերեսը 2500 քմ է, որը կառուցվել է արոտավայրի վրա: Գլխավոր դատախազությունը հայտնում էր․ «…ձկնաբուծարանն օրինականացնելու ուղղությամբ կազմվել են համապատասխան սխեմաներ, որոնք ներկայացվել են իրավասու մարմիններին՝ օրինականացնելու համար։ Օրինականացվելու դեպքում Սիս համայնքի բյուջե կարող է վճարվել ավելի քան 15 000 000 դրամ»։

Նկատենք, որ այս ալիքի տակ Արարատյան դաշտում գործող խոշոր ձկնաբուծական տնտեսություններից օրինականացվեցին միայն մեկ-երկուսը։ Դատախազությունն այլևս ձեռնպահ մնաց «ներգործություն» ունենալ այս հարցում, իսկ Կառավարությունն Արարատյան դաշտում լայն ընդգրկում ունեցող այս անօրինական տնտեսական գործունեությունը վերացնելու քաղաքական կամք չդրսևորեց։ Ընդամենն անհրաժեշտ էր օրինականացնել ձկնաբուծարանները՝ պարտավորեցնելով վճարել հողի արժեքը և օրինականացնել ինքնակամ կառուցված շինությունները։ Դրանից հետո համայնքները պարտավորվելու էին ձկնաբույծներից գանձել շինությունների համար սահմանված տարեկան գույքահարկը և հողի հարկը։

Պետական գերատեսչությունների գործողությունները ձկնաբուծարաններում

Պետական վերահսկողական ծառայություն

«Ձկնաբույծներն արժեզրկել են երկրի ամենաթանկ կապիտալը՝ հողը» հետաքննությունը հրապարակեցինք 2020թ․ հունվարի 8-ին։ Հաջորդ օրը Պետական վերահսկողական ծառայությունից (ՊՎԾ) ինձ հրավիրեցին զրույցի։ Ծառայության պաշտոնյան՝ վարչության պետ, հետաքրքրված էր ահռելի ծավալներ ընդգրկող այս կոռուպցիոն երևույթի մանրամասներով, ես էլ նրան հնարավորինս մանրամասն ներկայացրի ձկնաբուծարանների ստեղծման կոռուպցիոն սխեման, որի հետևանքով համայնքներն ու պետությունն ավելի քան մեկ տասնամյակ ահռելի նյութական վնասներ են կրում։ Պետական պաշտոնյան վստահեցրեց, որ ՊՎԾ-ն մտադիր է ուսումնասիրություն իրականացնել համայնքներում։ Նրա խնդրանքով տրամադրեցի այն փաստաթղթերը, որոնց հիման վրա կատարել էի բացահայտումը։

2020թ.-ի սեպտեմբերին ՊՎԾ ծառայության պետի խորհրդականի՝ մի քանի համայնքներում գտնվող ձկնաբուծարաններում կատարած ստուգումների վերաբերյալ հաշվետու զեկույցն արդեն պատրաստ էր, բայց այն չհրապարակվեց։ Այդ օրերին ՊՎԾ պետին ազատեցին պաշտոնից, իսկ նորանշանակ տնօրենը մի քանի օր հետո աշխատանքից ազատեց ուսումնասիրությունն իրականացրած նրա խորհրդականին։ Հետո սկսվեց Արցախյան պատերազմը, և ամեն ինչ մոռացության տրվեց։

Տեղյակ էի, որ ՊՎԾ-ի ստուգումներով հաստատվել էին «Հետքի» հոդվածում տեղ գտած փաստերը։ Քանի որ ՊՎԾ-ի համար բաց էին պետական կառույցներում և համայնքներում առկա փաստաթղթերը, նրանք ձկաբուծարանների զբաղեցրած իրական չափերի, պատճառած վնասների և հարկային պարտավորությունների վերաբերյալ ավելի ճշգրիտ հաշվարկներ էին կատարել։

2022թ․ մայիսի 11-ին դիմեցի ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանին՝ կատարված ուսումնասիրությանը ծանոթանալու խնդրանքով։ Նաև խնդրեցի հայտնել, թե ի՞նչ եզրահանգումներ են արվել այդ ուսումնասիրությունից և ի՞նչ գործողություններ են հետևել դրան։ «ՊՎԾ-ն 2020թ․-ին Արարատի և Արմավիրի մարզերում գործող ձկնաբուծարանների զբաղեցրած հողատարածքների օրինականության վերաբերյալ ուսումնասիրություն չի իրականացրել»,- պատասխանեցին ՊՎԾ-ից։

Երկրորդ գրությամբ մանրամասն ներկայացրեցի, թե ով է իրականացրել ստուգումը և ինչպես է այն դադարեցվել։ Այս անգամ պատասխանեցին, թե լրացուցիչ կտեղեկացնեն այդ մասին։ «Ձեր հարցման շրջանակներում բարձրացված խնդիրների առնչությամբ Ծառայության կողմից ուսումնասիրվել են նախկինում կատարված մի շարք պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմիններին ուղղված հարցումները, վերլուծվել են ստացված տեղեկությունները: Ներկայումս Ծառայության կողմից իր լիազորությունների շրջանակում իրականացվում են վերահսկողական գործառույթներ: Վերահսկողության արդյունքների վերաբերյալ Ձեզ լրացուցիչ կտեղեկացվի»,- հայտնել է ՊՎԾ Ռիսկերի գնահատման և վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Հայկ Մելքոնյանը։

Երբ «լրացուցիչ տեղեկացնելու» համար սահմանված ժամկետները լրացել էին, ինձ հրավիրեցին ՊՎԾ՝ զրուցելու։ Հիշյալ զեկույցը վարչության պետի պաշտոնակատարի սեղանին էր, զրույցի ժամանակ նա պարբերաբար թերթում էր էջերը, մեջբերումներ էր կատարում և շարունակում էր պնդել, որ փաստաթուղթն ավարտուն չէ, հնարավոր չէ խոսել դրա բովանդակության մասին։ Հայտնեց, որ պատրաստակամ են ստուգումներ սկսել ձկնաբուծարաններում և առաջարկեց իրենց աջակցելու նպատակով տրամադրել «Հետքի» ունեցած փաստական տվյալները։

Վերահսկողական ծառայությունը, եթե նույնիսկ չի ցանկանում հանրայնացնել իր ուսումնասիրությունը, իրենց խնդիրն է, կարևորը՝ արդեն քաջատեղյակ է, որ հանրապետությունում այդ անօրինականությունը կա։ Սեփական ուսումնասիրությամբ ձեռք բերած փաստարկները նրանց լիարժեք պատկերացում են տալիս այդ կոռուպցիոն երևույթի ծավալների մասին։ Եվ եթե մտադիր են լուծում տալ հարցին, կարող են ինքնուրույն անել։ ՊՎԾ-ի դիրքորոշումը, սակայն, նույնն է, ինչ այս գործով անում է գլխավոր դատախազությունը։

Ձկնաբուծարաններ այցելած երկրորդ ստուգողը

2020թ․ հունվարի 24-ին՝ «Հետք»-ի հրապարակումից երկու շաբաթ անց, Կառավարությանը ենթակա քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը տեղեկացրեց, որ ստուգումներ է իրականացրել Արարատի մարզի Հովտաշատ, Նորամարգ և Զորակ համայնքներում՝ ինքնակամ կառուցված ձկնաբուծական լճերի մասով։ Տեսչությունը Արարատի մարզի Հովտաշատ  համայնքում արձանագրել է 16,947 հա ինքնակամ կառուցված ձկնաբուծական լճակներ, Նորամարգ համայնքում հաշվառվել են 13,3 հա ինքնակամ կառուցված լճակներ, իսկ  Զորակ համայնքում՝ 17,38 հա ինքնակամ կառուցված ձկնաբուծական լճակներ։

Տեսչությունը Զորակի համայնքապետին տուգանեց 300 հազար դրամով և հայտարարեց․ «Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը խախտումներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու համար դիմել է գլխավոր դատախազություն»։

Գլխավոր դատախազությունը կարճված քրեական գործերը վերաբացում է կրկին կարճելու համար

2021թ․ փետրվարի 13-ին Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց, որ գլխավոր դատախազի հանձնարարությամբ 2020թ. ընթացքում Արարատի մարզի դատախազությունն ընդգրկուն աշխատանք է կատարել պետական շահերի պաշտպանության ոլորտում: «Գործուն քայլեր են ձեռնարկվել հատկապես ձկնաբուծության ոլորտում արձանագրված խախտումների վերացման, դրանց քրեաիրավական գնահատականներ տալու, ինքնակամ կառուցված ձկնաբուծարանների շինությունների, տարածքների օրինականացման ուղղությամբ»,- ասվում էր հաղորդագրության մեջ:   

Ուսումնասիրության արդյունքում պարզել էին, որ Արարատի մարզի 12 համայնքների տարածքում առկա, գործող և չգործող 131 ձկնաբուծարաններից 41-ը ինքնակամ շինություններ են կամ իրենց տարածքներում ունեն այդպիսիք:

2020թ․ հուլիսի 3-ին Գլխավոր դատախազությունը կրկին հաղորդագրություն տարածեց, որում ասվում էր․ ««Հետք» առցանց պարբերականի` 2020թ․ հունվարի 8-ի «Ձկնաբույծներն արժեզրկել են երկրի ամենամեծ կապիտալը` հողը» վերտառությամբ հրապարակման հիման վրա ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ Արարատի մարզի դատախազությունում պետական շահերի պաշտպանության գործառույթների շրջանակներում իրականացվել է ուսումնասիրություն, ինչպես նաև ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնում նախապատրաստվել են նյութեր»։

Սրա արդյունքում, ինչպես վերը նշել ենք, օրինականացվեց գործարար Սամվել Ալեքսանյանի՝ Սիս գյուղում գտնվող ձկնաբուծարաններից մեկը։ Նույն հրապարակման մեջ ապացույցներ ենք ներկայացրել, որ նույն անձը՝ գործարար Սամվել Ալեքսանյանը, Արարատի մարզում ունի ևս մեկ ձկնաբուծարան՝ «Ֆրագարիա» ՍՊԸ-ն, որը գրանցված է Սամվել Ալեքսանյանի եղբորորդու՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական համայնքի նախկին ղեկավար Արտակ Ալեքսանյանի անունով։ Ձկնաբուծարանը նա ձեռք է բերել նախկին սեփականատիրոջից, բայց թաքցրել է այդ փաստը, քանի որ դրա համար սեփականատերը համայնքային բյուջե պետք է վճարեր 69,79 հա ջրային հողամասի կադաստրային արժեքը՝ 53 մլն 947 670 դրամ։ 

Գլխավոր դատախազին վերջին գրությունն ուղարկել ենք 2021թ․ սեպտեմբերի 29-ին և խնդրել տեղեկացնել, թե՝

  • Դատախազությունն ուսումնասիրություն իրականացրե՞լ է Արարատի և Արմավիրի մարզերում անօրինականորեն հիմնված ձկնաբուծարանների վերաբերյալ հրապարակման մեջ ներկայացված փաստերի առնչությամբ, ի՞նչ արդյունքներ են արձանագրվել։
  • Ի՞նչ է արվել Սիս համայնքում գտնվող, Սամվել Ալեքսանյանին պատկանող երկրորդ ձկնաբուծարանն օրինականացնելու ուղղությամբ։

«2020թ․ փետրվարի 21-ին Ոստիկանության Արարատի մարզային վարչության Մասիսի բաժնին հանձնարարվել է հրապարակման հիման վրա նյութեր նախապատրաստել։ 2020թ․փետրվարի 24-ին ոստիկանության Մասիսի բաժնում որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին։ Գլխավոր դատախազության կողմից որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը վերացնելու և Քրեական օրենսգքրի 308-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով քրեական գործ հարուցելու վերաբերյալ։ Հիշյալ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, դրա շրջանակում քննության առարկա է նաև հարցան մեջ նշվող ՍՊԸ-ի գործունեության օրինականությունը։ Միջոցներ են ձեռնարկվում նաև պատճառված հնարավոր վնասները պարզելու ուղղությամբ»,- ասվում է «Հետք»-ին տրված պատասխանում։

Դատախազության հանձնարարականով նախորդ տարիներին ծավալուն՝ 11 հատոր քրեական գործ է քննվել նաև ձկնաբուծարանների՝ Արարատյան դաշտի ստորգետնյա ջրային պաշարները վատնելու մասով։ Այս քրեական գործը նույնպես կարճվել էր, վերաբացվել, ապա նորից կարճվել։

ՊՎԾ ներկայիս պետ Ռոմանոս Պետրոսյանը, որը մինչ այդ պաշտոնը ստանձնելը Շրջակա միջավայրի նախարարն էր, 2021թ․ հունիսի 30-ին գրությամբ դիմել է գլխավոր դատախազին։ Նախարարի պաշտոնակատարը ներկայացրել է 2021թ․ ապրիլի 27-29-ը Արարատի մարզի 7 խոշոր ձկնաբուծական տնտեսությունում ջրային ռեսուրսների փաստացի վիճակի պահպանության վերաբերյալ ուսումնասիրությունների մասին տեղեկատվությունը և խնդրել է գլխավոր դատախազի հանձնարարականը ներկայացված փաստաթղթերն ուսումնասիրելու և համապատասխան ընթացք տալու համար։

Ընդգծենք՝ նախարարը չի հանրայնացրել ուսումնասիրության արդյունքները և չի նշել 7 խոշոր ձկնաբուծական տնտեսությունների անունները։ Բայց դա ոչինչ չի փոխում, քանի որ նրանից առաջ մասնագիտացված կազմակերպություններն ահազանգել էին։ «Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերջին տասնամյակում ստորերկրյա ջրերի մակարդակն իջել է միջինը  6-9 մետրով, որոշ տեղերում՝ մինչև 15 մետր, իսկ արտեզյան գոտին կրճատվել է մոտ 67%-ով։ Գերշահագործման բացասական դինամիկան հանգեցնում է ջրային հաշվեկշռի խախտման և ստորերկրյա ջրերի վերականգնման ներուժի նվազման՝ տարածաշրջանում առաջացնելով ջրի դեֆիցիտ, ռիսկի տակ դնելով երկրի պարենային ու էներգետիկ անվտանգությունը։ Պաշարների հյուծման հետևանքով Արարարտյան դաշտի ավելի քան 30 համայնք խմելու և ոռոգման ջրի խնդիր ունի»,- մեկ տարի առաջ հայտարարեց «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» ծրագրի աշխատակազմը։

Այսինքն, և՛ գլխավոր դատախազը, և՛ Կառավարությունը լիարժեք տեղեկացված են Արարատյան դաշտում ձկնաբուծարանների կողմից հողերի անօրինական օգտագործման, ջրային պաշարների վատնման մասին։ Պետական բոլոր օղակներում կոռուպցիոն այս խնդրին ամբողջապես տիրապետում են, բայց միակ բանը, որ անում են՝ համայնքների ղեկավարներին տուգանելն է՝ ժամանակին անօրինականությունը չկանխելու համար։ Նրանցից գանձված 200-300 հազար դրամ տուգանքը փոխանցվում է պետական բյուջե, մինչդեռ ձկնաբուծարաններից միայն մեկի օրինականացմամբ համայնքային բյուջե պետք է վճարեն 300 մլն, գուցե և ավելի գումար։

Կառավարությունը բացատրություն ունի՞ այս հարցին, թե ինչու է համայնքներին զրկում սեփական եկամուտները հավաքելու հնարավորությունից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter