HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Իմ երեխային թունավորելու որևէ սահման չկա». հանրային թեժ քննարկումներ՝ Ավանում ձուլարան կառուցելու շուրջ

Ավանում ձուլարան կառուցելու վերաբերյալ հանրային քննարկումն այսօր Ավանի թաղապետարանում թեժ անցավ: Լեփ-լեցուն սենյակում բնակիչները գրեթե թույլ չէին տալիս նախագծողներին և ընկերության ներկայացուցիչներին ներկայացնել ձուլարանի նախագիծը:

Չնայած ներկայացնելու համար էկրան և ինչ-որ լուսանկարներ էին պատրաստվել, սակայն դրանք նայել բնակիչներն այդպես էլ չցանկացան և նույնիսկ թույլ չտվեցին ցուցադրել:

Շրջակա միջավայրի նախարարության փորձագետ Հովիկ Մեսրոպյանը պարզաբանեց, որ նախորդ նախագծում 1800 տ արտադրողականությունն այս նախագծում փոխվել է` դառնալով 900, քանի որ սանիտարական գոտին 1800 տ-ի դեպքում պաշտպանված չէր, պետք է լիներ 500 մետր, իսկ 900 տ-ի դեպքում պարտադիր չափանիշը 300 մ-ն է: Այդ պատճառով նախորդ նախագիծը բացասական եզրակացության էր արժանացել ՇՄՆ-ի կողմից: Այս նախագծով այն արդեն պաշտպանված է:

Ընկերության ներկայացուցիչ Մանուկ Նիգոյանը նշեց՝ քանի որ քաղաքապետարանն էլ բացասական եզրակացություն էր տվել նախորդ նախագծին` հղում անելով բնակիչների անհամաձայնությանը, ընկերությունն այնուհետև հարցում է անցկացրել բնակչության շրջանում և համապատասխան վստահելի փաստաթղթեր է ներկայացրել քաղաքապետարանին, ինչից հետո քաղաքապետարանը նախնական համաձայնություն է տվել երկրորդ նախագծին, որ այն անցնի բնապահպանական փորձաքննություն:

Ձուլարանի նախագծի հեղինակ-մշակող Հովհաննես Նիկողոսյանը պատմեց, որ Առողջապահության նախարարության առաջարկով արտանետումների չափումներ են իրականացրել յուրաքանչյուր 50 մետր ազդեցության գոտու համար, ինչից հետո ԱՆ-ն ևս որևէ դիտողություն այլևս չի ունեցել:

Տնտեսագետ, Ավանի բնակիչ Հովհաննես Ավետիսյանը հարց ուղղեց, թե արդյոք այդ չափումներն անցե՞լ են որևէ փորձաքննություն կամ լաբորատոր հետազոտություն, պարզվեց՝ ոչ, դրանք նախաձեռնողի իրականացրած չափումներն են:

Բացի դրանից, ըստ Ավետիսյանի, Չինաստանից ներմուծված սարքավորումները երբևէ չափանիշներով չեն աշխատել: «Չկա լաբորատորիա, որ կարողանա հստակ հաշվարկներ անել չինական սարքերի վերաբերյալ»,- հավելեց Հովհաննես Ավետիսյանը:

Ծարավ Աղբյուր նորակառուց թաղամասի 5000 բնակչի անունից հանդես եկավ Գարիկ Բադալյանը, ով նաև համատիրության կառավարման խորհրդի անդամ է:

Վերջինս նշեց, որ իրենք հիմնավոր կասկածներ ունեն, որ 1800-ից 900 տ արտադրողականություն դարձնելը միմիայն թույլտվություն ստանալու նպատակով է արվել: Եվ սովորաբար արտադրության ծավալները մշտապես մեծացնում են:

Գարիկ Բադալյանը նշեց, որ այդ հատվածում բնակարան գնելու միակ պատճառը եղել է մաքուր էկոլոգիան, այլապես կառուցապատողի կողմից առաջարկներ են եղել նույն գներով բնակարաններ ձեռք բերել նաև քաղաքին ավելի մոտ` Պարույր Սևակ փողոցի նախագծից, բայց իրենք նախընտրել են Ծարավ Աղբյուրի նորաստեղծ այդ թաղամասը, որը ենթակառուցվածքներից զուրկ է` չկա, դպրոց, մանկապարտեզ և այլ հանրային նշանակության օբյեկտներ:

Թաղամասը բնակիչներն իրենց ուժերով բարեկարգել են, կանաչապատել, և նույնիսկ կայանատեղիների հարցը լուծելու համար 5 % կանաչապատ տարածք չեն զոհաբերում, որպեսզի լուծվի թաղամասում մեքենաների կայանելու խնդիրը:

Ավելին, Ծարավ Աղբյուրի նշված թաղամասը 10 մլն դոլարի հարկ է վճարում պետությանը, մինչդեռ պետությանը թաղամասը 0 դրամ ծախսատարություն է պատճառում:

Ծարավ Աղբյուրի բնակիչների անունից լիազորված Բադալյանը նշեց, որ իրենք բնակարանները ձեռք են բերել քառակուսին մոտ 500 դոլար արժեքով, սակայն այժմ դրանք 1500-1700 դոլար են վաճառվում, մինչդեռ ձուլարանի կառուցումը կարող է արժեզրկել նաև բնակարաններն այդ թաղամասում:

«Եթե ձուլարանը ստեղծվում է, մեր էկոլոգիան խախտվում է: Խախտվելու է միակ ապրելու պատճառն այդ թաղամասում»,- նշեց Գարիկ Բադալյանը:

Բադալյանը հարց ուղղեց ընկերության ներկայացուցիչներին, թե ինչու այլ տարածք չեն ընտրում, քանի որ եթե հանքի դեպքում տվյալ սարը կամ տարածքը կարևոր է, ապա այս դեպքում որևէ տրամաբանություն չկա, որ այդ տարածքից են կառչել:

«Այս պահի դրությամբ ձեր նշած տարածքը մոտ 300 դոլար գին ունի, ինչն է պատճառը, որ չեք գնում 20 կմ վերև և 10 դոլարանոց տարածք վերցնում»,- հարցրեց Բադալյանը:

Այս հարցին տրված միակ պատասխանն այն էր, որ դա էլ է արտադրական տարածք: Այլ հիմնավորում ընկերության ներկայացուցիչները չունեին:

Նախագծողները փորձում էին հիմնավորել, թե արտանետումները չեն հատելու սահմանված թույլատրելի կոնցենտրացիաները: Գարիկ Բադալյանն էլ նշեց. «Իմ երեխուն թունավորելու որևէ սահման չկա»:

Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը նշեց, որ Երևանի օդը չափազանց աղտոտված է և այն ավելի աղտոտելն այլևս թույլատրելի չէ: «Երևան քաղաքում օդ աղտոտող որևէ բան չպիտի ավելանա»,- հայտարարեց Իզաբելլա Աբգարյանը:

Հանրային լսմանը ներկա էր նաև Հատուկ հանձնարարություններով դեսպան, Ծարավ Աղբյուրի բնակիչ Էդմոն Մարուքյանը: Վերջինս նշեց, որ նախաձեռնողներն անիմաստ էներգիա են ծախսում, քանի որ ակնհայտ է, որ բնակիչները համաձայնություն չեն տալու ձուլարանին: «Վաճառեք էդ հողը, գնացեք ուրիշ տեղ սարքեք»,- առաջարկեց Մարուքյանը:

Բնակիչների կողմից առաջարկ եղավ` ձեռք բարձրացնեն ձուլարանին կողմնակից քաղաքացիները, և միայն մեկ հոգի, ով ներկայացավ Էրիկ Չարչյան անունով, կողմ եղավ: Մյուսները դեմ էին: Այդպիսով, բնակիչներն առաջարկեցին ընկերության ներկայացուցիչներին արձանագրել այս փաստն ու գնալ տուն, քանի որ իրենք, միևնույն է, ամեն ինչ անելու են, որ թույլ չտան Ավանում ձուլարան կառուցել: 

Կարդացեք՝ 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter