
ԵԱՀԿ-ն խիստ մտահոգված է հայ-ադրբեջանական լարվածության շուրջ
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը խիստ մտահոգված է զինված միջադեպերի և զոհերի մասին հաղորդագրություններով։ Այդ մասին նշվում է ԵԱՀԿ լեհական նախագահության թվիթերյան միկրոբլոգի գրառման մեջ։
We are extremely concerned about reported armed incidents and casualties in the South Caucasus. We urge 🇦🇲 and 🇦🇿 to take all necessary measures to bring de-escalation and resume dialogue. We remain committed to support all efforts aimed at consolidating peace in the region.
— Polish OSCE Chairmanship 2022 (@PLinOSCE) August 3, 2022
«Մենք խիստ մտահոգված ենք Հարավային Կովկասում զինված միջադեպերի և զոհերի մասին հաղորդագրություններով։ Մենք Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ լարվածության թուլացման և երկխոսության վերսկսելու համար։ Մենք հավատարիմ ենք մնում աջակցելու բոլոր ջանքերին, որոնք ուղղված են տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը»,- նշվում է գրառման մեջ։
Իրավիճակը վերջին օրերին խիստ լարված է Արցախում։ Նախօրեին Արցախի Պաշտպանության բանակը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ օգոստոսի 1-ին՝ ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Դրա հետևանքով հայկական կողմն ուներ մեկ վիրավոր, որի վիճակը գնահատվում էր բավարար։
Նույն օրը երեկոյան էլ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի միջոցով հայկական կողմին պահանջ է ներկայացրել առաջիկայում Հայաստանի հետ երթևեկությունը նոր երթուղով կազմակերպելու վերաբերյալ։
Լարվածությունն էլ ավելի սրվեց օգոստոսի 3-ին։ Արցախի ՊԲ տարածած հաղորդագրության համաձայն՝ ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: Եվս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել:
Արցախում սկսվել է մասնակի զորահավաք։
Լուսանկարը՝ ԵԱՀԿ պաշտոնական կայք էջից
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել