Խաղաղապահ զորախմբի հրամանատարը հանդիպել է Արցախի հասարակական և ընդդիմադիր գործիչներին
Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովը հանդիպել է Արցախի հասարակական և ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներին։ Այս մասին ասվում է ռուսական խաղաղապահ զորախմբի պաշտոնական Տելեգրամ-ալիքում տարածված հաղորդագրությունում։
«Հանդիպման ընթացքում գեներալ-մայոր Վոլկովը ներկայացրել է ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ խաղաղապահ զորախմբի դիրքորոշումը, ինչպես նաև վստահեցրել է, որ Ռուսաստանի Դաշնությունը ձեռնարկում է բոլոր միջոցները իրավիճակի հետագա լարում թույլ չտալու համար»,- նշված է խաղաղապահների հաղորդագրությունում:
Նշենք, որ ռուսական խաղաղապահ զորախմբի օգոստոսի 2-ի և 3-ի տեղեկագրում արձանագրվել էին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, մասնավորապես օգոստոսի 3-ի տեղեկագրում ասվում էր, որ ադրբեջանական զինուժը հրադադարի ռեժիմը խախտել է Սարիբաբա (ռուս․՝ САРЫБАБА) բարձունքի շրջանում։ Խաղաղապահների տեղեկագրում թեպետ նշված չէր զոհերի և վիրավորների մասին տեղեկությունները։ Օգոստոսի 4-ի տեղեկագրին առայժմ հնարավոր չէ ծանոթանալ, քանի որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայնք այս պահին հասանելի չէ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին՝ Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների հետևանքով զոհվել էր Արցախի Պաշտպանության բանակի 2 զինծառայող, ևս 19-ը ստացել էին տարբեր աստիճանի վիրավորումներ։
Թարմացում, 22։30
Ռուսական խաղաղապահ զորախմբի օգոստոսի 4-ի տեղեկագրում նշվել է․ «Անցած օրերին զորախմբի պատասխանատվության գոտում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է 4 անգամ՝ Սարիբաբա և Բուզդուխ լեռների մոտակայքում, ինչպես նաև Մարտակերտի շրջանում, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղի զինված միավորումների 2 ներկայացուցիչ զոհվել է, իսկ 14-ը՝ վիրավորվել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ փոխգործակցությամբ, այս միջադեպերը կարգավորել է։ Կողմերի շփման գծի փոփոխություններ թույլ չեն տրվել»։
Մեկնաբանել