HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թայվանը մերժում է Չինաստանի առաջարկած «մեկ պետություն-երկու համակարգ» մոդելը

Թայվանը մերժել է «մեկ պետություն-երկու համակարգ» մոդելը, որն առաջարկում է Պեկինը՝ որպես խաղաղ վերամիավորման հիմք։ Այդ մասին հայտնել է Թայվանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ջոան Օուն օգոստոսի 11-ին Թայբեյում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ։ «Միայն Թայվանի ժողովուրդը կարող է որոշել իր ապագան»,- ընդգծել է նա։

Պեկինի կողմից առաջարկվող «մեկ պետություն-երկու համակարգ» մոդելը կիրառվել է Հոնկոնգի և Մակաոյի նկատմամբ, որոնց չինական իրավասության տակ անցնելուց հետո խոստացվել էր լայն ինքնավարությամբ հատուկ վարչական կարգավիճակ։ Թայվանի բանակը հինգշաբթի օրն իրականացրել էր մարտական հերթական հրաձգությունը, այն բանից հետո, երբ Չինաստանը պաշտոնապես ավարտել էր իր զանգվածային զորավարժությունները կղզու շուրջ, որոնք սկսվել էին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցից հետո։ 

Թայվանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ Չինաստանը Փելոսիի այցը օգտագործում է «որպես ստատուս-քվոյի վերացման պատրվակ»՝ փորձելով ստեղծել նոր նորմ, որպեսզի «վախեցնի Թայվանի ժողովրդին»։

Նենսի Փելոսին մեկօրյա այցով Թայվան էր ժամանել օգոստոսի 2-ին։ Նա վերջին 25 տարվա մեջ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի առաջին խոսնակն էր, որն այցելել էր այդ կղզի։ Թայվանի անկախությունը Չինաստանը չի ճանաչում և համարում է իր պրովինցիաներից մեկը։ 

Սպիտակ տունն ու Փելոսին ընդգծում էին, որ Թայվան այցը, որի անկախությունը Վաշինգտոնը ևս չի ճանաչում, չի նշանակում ամերիկյան դիրքորոշման փոփոխություն։ Պաշտոնական Պեկինը այդուհանդերձ խիստ քննադատության էր ենթարկել այդ այցը, իսկ Փելոսիի հեռանալուց հետո, չինական բանակը սկսեց լայնամասշտաբ օդային և ծովային զորավարժություններ։ Թայվանի ՊՆ-ն չինական զորավարժություններն անվանել էր խիստ սադրիչ և հայտարարել ցամաքային հրթիռային համալիրների բացազատման մասին։

Փելոսիի այցի հետևանքով Պեկինը մասամբ դադարեցրել էր առևտուրը Թայվանի հետ։ Բացի այդ, Չինաստանի ԱԳՆ-ն հայտնել էր ԱՄՆ-ի հետ որոշ ուղղություններով համագործակցության դադարեցման մասին, ներառյալ կլիմայի փոփոխության հարցերի։ Փելոսիի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ Պեկինը սահմանեց պատժամիջոցներ՝ հայտարարելով, որ նա «խառնվել է Չինաստանի ներքին գործերին» և խախտել «երկրի տարածքային ամբողջականությունը»։

Լուսանկարը՝ NOEL CELIS/GETTY IMAGES

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter