
Ադրբեջանական վերահսկողության տակ անցած որոշ տարածքներ կանցնեն ռուսական հսկողության տակ. Արցախից հաստատում են
Հայաստան-Արցախ նոր միջանցքի ձևավորման հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող որոշ տարածքներ կանցնեն ռուսական հսկողության տակ, որովհետև նոր միջանցքը ևս գտնվելու է ռուսական խաղաղապահ առաքելության վերահսկողության ներքո։ Այդ լուրը Արցախի նախագահի աշխատակազմը հաստատել է Հետքի հարցմանն ի պատասխան։
Պատասխանելով այն հարցին, թե ըստ 5 կիլոմետր լայնությամբ միջանցքի տրամաբանության, որն սահմանված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, Քաշաթաղի շրջանի ադրբեջանական վերահսկողության տակ անցած որոշ տարածքներ արդյոք վերադառնալու են և անցնելու ռուսական վերահսկողության տակ, Արցախի նախագահականից պատասխանել են. «Բնականաբար։ Ըստ 2020 թվականի նոյեմբերյան եռակողմ հայտարարության 6-րդ կետի՝ Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ»։
Արցախի նախագահականի փոխանցմամբ՝ Լաչինի նոր միջանցքն անցնելու է Քաշաթաղի և Շուշիի շրջաններով։ «Քաշաթաղի շրջանում միջանցքի հատվածն ընդգրկում է Մարաթուկ, Մելիքահող, Հունանավան և Մեղվաձոր բնակավայրերի ու բնակատեղիների տարածքը, Շուշիի շրջանում ճանապարհն անցնում է Հին շեն և Մեծ շեն համայնքներով և Տասը Վերստ գյուղի տարածքում միանում է Գորիս-Ստեփանակերտ գործող մայրուղուն»։
Ինչ վերաբերում է այն լուրերին, որ նախատեսվում է նոր ճանապարհի կառուցում, որը կշրջանցի Շուշի քաղաքը, Արցախի նախագահականից նշում են, որ Արցախի իշխանությունները նման քննարկումների մասին տեղյակ չեն, իսկ Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Ստեփանակերտ-Շուշի հատվածի անվտանգության ապահովման կարգավորումներում որևէ փոփոխություն չի նախատեսվում։
Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին իրավիճակը խիստ լարված էր Արցախում, որի ընթացքում ադրբեջանական կողմը հայկական դիրքերի ուղղությամբ կիրառել էր անօդաչուներ, ականանետեր և նռնականետեր։ Լարվածության հետևանքով հայկական կողմն ունեցավ 2 զոհ, 14 վիրավոր։
Ավելի ուշ, հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի միջոցով հայկական կողմին պահանջ է ներկայացրել առաջիկայում Հայաստանի հետ երթևեկությունը նոր երթուղով կազմակերպելու վերաբերյալ։ «Օրակարգային հաջորդ հարցը վերաբերում էր Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության հետ կապող միջանցքին: Ադրբեջանական կողմը Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի միջոցով պահանջ է ներկայացրել առաջիկայում երթևեկությունը նոր երթուղով կազմակերպելու վերաբերյալ։ Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են ստեղծված իրավիճակում ձեռնարկվելիք քայլերն, այդ թվում՝ նաև ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով անվտանգ երթևեկության ապահովումը»,- ասված էր Արցախի անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի վերաբերյալ տարածված հաղորդագրության մեջ։
Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհը, որը նախկինում Հայաստանի կողմից սկսվում էր Տեղ գյուղի մոտից, այսուհետ սկսվելու է Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղից։
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից Հետքին հայտնել են, որ Մ-12 (Տեղ-Կոռնիձոր) ավտոճանապարհի կառուցման նախագծի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայությունների համար հայտարարվել է մրցույթ, նախագծող ընկերության հետ կնքվել է համաձայնագիր ու նախագիծն արդեն պատրաստ է։ «Նախագծանախահաշվային փաստաթղթերը ընդունվելուց հետո Մ-12 (Տեղ-Կոռնիձոր) ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ձեռքբերման համար 3 չափաբաժնով հայտարարվել է մրցույթ և հաղթող են ճանաչվել թվով 3 կապալառու ընկերություններ։ Հայտնում ենք նաև, որ տվյալ ճանապարհի կառուցման աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են»,- նշվում է Հետքի հարցմանն ի պատասխան ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի պատասխանում։
Լուսանկարը՝ Սիվիլնեթից
Մեկնաբանել