HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Դատարանը մերժել է «Արմօյլ» ՓԲԸ-ին սնանկ ճանաչելու մասին դիմումը

Սնանկության դատարանը մերժել է «Արմօյլ» փակ բաժնետիրական ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին «Անքրաժ» ՍՊԸ-ի հայցադիմումը։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղակատվական համակարգից։ «Անքրաժ» ՍՊԸ-ն հայցադիմումը դատարան էր ներկայացրել 2022թ․ հունիսի 23-ին։ Հունիսի 28-ին դատարանը վարույթ էր ընդունել դիմումը։ 

Դատական ակտի բովանդակության նյութերի համաձայն՝ դիմումատուն դատարանում հայտնել է, որ «Անքրաժ» ՍՊԸ-ի և «Արմօյլ» ՓԲԸ-ի միջև 2017թ․ հոկտեմբերի 10-ին և 2018թ․ հունվարի 22-ին կնքված պայմանագրերի համաձայն՝ «Անքրաժ» ՍՊԸ-ն տարբեր ժամանակահատվածներում իրականացրել է տաբեր ծավալի շինարարական աշխատանքներ և դրանց համապատասխան դուրս են գրվել հաշիվ-ապրանքագրեր, որոնք «Արմօյլը» ստորագրել է: «Անքրաժն» ու «Արմօյլը» 2020թ․ հոկտեմբերի 1-ին կնքել են փոխադարձ պարտավորությունների ստուգման ակտ, որի համաձայն՝ կողմերի կատարած փոխադարձ ստուգման արդյունքում նույն օրվա դրությամբ «Արմօյլի» պարտքը կազմել է 40 մլն 172 հազար դրամ: «Անքրաժ» ՍՊԸ-ն նշել է, որ 2022թ․ փետրվարի 15-ին «Արմօյլին» ծանուցել է պարտավորությունները կատարելու վերաբերյալ, սակայն սահմանված ժամկետում որևէ վճարում չի կատարել:

Հայցադիմումում «Անքրաժ» ՍՊԸ-ն հայտնել է նաև, որ «Արմօյլը» պետք է վճարի նաև հավելյալ գումար 12 մլն 219 հազար դրամի չափով և վճարված պետական տուրքի գումարը՝ 1 մլն դրամ: Այս հավելյալ գումարը հաշիվ-ապրանքագրերում նշված գումարները սահմանված ժամկետում չվճարելու համար պայմանագրերի համաձայն հաշվարկված տոկոսներն են: 

Ըստ դատական գործի նյութերի՝ 2022 թվականի հուլիսի 20-ին «Արմօյլը» դիմում է մուտքագրել դատարան, որով հայտնել է՝ «Անքրաժ» ՍՊԸ-ի նկատմամբ ունեցած պարտավորություններն ամբողջությամբ մարվել են, և խնդրել է դիմումը մերժել: «Արմօյլը» կից ներկայացրել է 2022 թվականի հուլիսի 15-ի վճարման հանձնարարգիրը: 2022 թվականի հուլիսի 29-ին դատարան մուտքագրված առարկություններով «Արմօյլը» հայտնել է, որ իր պարտավորության չափը ստույգ նշված է կողմերի փոխադարձ հաշվարկների ակտում, որը դիմումին կից ներկայացվել է: Այդ գումարը նշված է նաև սնանկ ճանաչելու մասին դիմումում և «Արմօյլն» այն վճարել է: Այս ամենը հաշվի առնելով՝ «Արմօյլը» խնդրել է քննարկման առարկա չդարձնել «Անքրաժ» ՍՊԸ-ի ներկայացրած նոր պահանջները, իսկ սնանկ ճանաչելու մասին դիմումը մերժել:

Դատարանի եզրահանգման մեջ նշվում է, որ սնանկ ճանաչելու մասին դիմում ներկայացնելուց հետո «Արմօյլ» փակ բաժնետիրական ընկերությունը «Անքրաժ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ ունեցած 40 մլն 172 հազար դրամ պարտքը մարել է։ Հաշվի առնելով, որ առկա չէ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը (2 մլն դրամ) գերազանցող վճարային պարտավորություն, ուստի դատարանը եկել է այն հետևության, որ «Արմօյլ» փակ բաժնետիրական ընկերության փաստացի անվճարունակության և սնանկ ճանաչելու հիմքը բացակայում է:

Այսպիսով, դատարանը մերժել է «Արմօյլ» ՓԲԸ-ին սնանկ ճանաչելու պահանջի մասին «Անքրաժ» ՍՊԸ-ի դիմումը։ Մերժվել է նաև հավելյալ 12 միլիոն դրամ բռնագանձելու պահանջը։ Դատարանի վճռով՝ «Արմօյլ» ընկերությունից հօգուտ «Անքրաժ» ՍՊԸ-ի կբռնագանձվի միայն նախապես վճարված 1 միլիոն դրամ պետական տուրքի գումարը:

Հիշեցնենք՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին և իրանահայ գործարար Հենրիկ Տեր-Ղուկասյանին պատկանող «Արմօյլ» ՓԲԸ-ն Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում նավթամթերքի վերամշակման գործարան է կառուցել, որտեղ նախատեսվում էր բիտում և քսայուղեր արտադրել։ Գործարանի շինարարությունն ավարտվել է 2019 թվականին, սակայն այն մինչև օրս չի գործարկվել իրավական ընթացակարգերի և դատական գործերի հետ կապված տարատեսակ հարցերի պատճառով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter