
Ոստիկանությունը հատված ծառերի վերաբերյալ քաղաքացիների ահազանգն անհետևանք է թողել
Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի 134/4 հասցեում կատարված ծառահատման ահազանգի կապակցությամբ իրականացվել են ստուգողական գործողություններ, որի արդյունքում պարզվել է, որ այդ ծառերը գտնվել են մասնավոր տարածքում, և դրանք հատվել են սեփականատիրոջ կողմից։ Այսպիսի պատասխան ենք ստացել Ոստիկանությունից Ծարավ Աղբյուր փողոցի բազմաբնակարան շենքի հարակից մայթեզրից հատված ծառերի վերաբերյալ։
Ոստիկանությունը, սակայն, ահազանգը թողել է անհետևանք, քրեական գործ էլ չի հարուցել, որովհետև, «ահազանգի հիման վրա իրականացված ստուգողական գործողությունների արդյունքներով հանցանքի և զանցանքի հատկանիշներ չեն հայտնաբերվել»։
Թե ինչու այդ հատկանիշները չեն հայտնաբերվել, եթե Երևանի քաղաքապետարանը հատման թույլտվություն չի տվել և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն արդեն արձանագրել է հատված ծառերի հետևանքով բնությանը պատճառված վնասը, ոստիկանությունն այլևս չի մանրամասնել։
Հիշեցնենք, որ Ծարավ Աղբյուր փողոցի 134/4 հասցեի կառուցապատողները, շինհրապարակին կից մայթից վերջին շաբաթվա ընթացքում 3 ծառ հատեցին, որոնք դուրս էին շինհրապարակի տարածքից և անմիջապես Ռուբինյանց փողոցի մայթին էին։ Բնակիչներն այդ մասին ահազանգել էին ոստիկանություն, սակայն ոստիկանությունը չկարողացավ կանխել հատումը՝ չնայած Երևանի քաղաքապետարանը հատման թույլտվություն այդ ծառերի համար չէր տվել։
-
Քաղաքապետարանը, տեսչական մարմինն ու ոստիկանությունը չկարողացան կանխել ծառահատումները․ կառուցապատողը երրորդ ծառը հատեց
-
Ահազանգ Ծարավ Աղբյուր փողոցից. բազմաբնակարան շենքի կառուցապատողը ծառ է հատել
-
Կառուցապատողը Ծարավ Աղբյուրում երկրորդ ծառն է հատել․ քաղաքապետարանը ծառահատման թույլտվություն չի տվել
Մեկնաբանել