HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխհամաձայնեցված կոծկում․ Երեւանի կենդանաբանական այգում պարբերաբար տուբերկուլոզի դեպքեր են գրանցվում

Ամեն տարվա մայիսի 1-ին Երեւանի կենդանաբանական այգին դռներն է բացում այցելուների առաջ։ Հատկապես երեխաները ոգեւորությամբ են շրջում այգում։ Բայց թե՛ երեխաները, թե՛ նրանց ծնողները չեն էլ կասկածում, որ այս տարվա ապրիլին՝ մայիսմեկյան բացումից ընդամենը 4 օր առաջ, դադարեցվել է տուբերկուլոզի վարակի պատճառով թռչունների բաժնում եւ եղջերուների ազատավանդակի տարածքում հայտարարված կարանտինը։

Տուբերկուլոզի ախտանշաններ կեդանաբանական այգու թռչունների շրջանում հայտնաբերվել էին դեռ 2021 թ․ նոյեմբերին, եւ նույն ամսում էլ կարանտին էր հայտարարվել թռչունների բաժնում։

Սակայն Երեւանի կենդանաբանական այգու տնօրենի գործող պաշտոնակատար Էդմոնդ Ղազարյանը «Հետքի» հետ զրույցում հերքել էր տուբերկուլոզով հիվանդ թռչունների մասին տեղեկությունը․ «Չունենք հիվանդ թռչուններ։ Բոլոր թռչուններն առողջ են»։

Այգու գիտական գծով փոխտնօրեն, այգու կառավարման խորհրդի անդամ Աշոտ Ասլանյանն էլ ասել էր․ «Տուբերկուլոզի կասկած եղել է տարվա սկզբին, Տուբերկուլոզի կենտրոնի (նկատի ունի առողջապահության նախարարության «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը - «Հետք») մասնագետների հետ անալիզներ են արվել, չի հայտնաբերվել»։

Ի՞նչ է տուբերկուլոզը

Տուբերկուլոզը կաթնասունների, թռչունների եւ մարդկանց խրոնիկ ընթացքով վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է տարբեր օրգաններում արյան անոթներից զուրկ յուրահատուկ հանգույցների՝ տուբերկուլների առաջացումով՝ հակված լինելով լոռանման քայքայման եւ ախտահարված հյուսվածքների կրայնացմամբ։

Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրենի խորհրդական, բ․գ․թ․, դոցենտ Լյուբով Նիկոլայանն ասում է, որ հիվանդության անունը ծագել է «տուբերկուլում» բառից, որը հայերեն թարգմանաբար նշանակում է պալար։ Այդտեղից էլ առաջացել է հիվանդության հայերեն անվանումը՝ պալարախտ, որի հիմքում ընկած է պալարների առկայությունը տարբեր օրգաններում։ Մեր օրերում պալարախտը տարածված հիվանդություն է եւ մահացության բարձր ցուցանիշ ունի՝ տարեկան 1,5 միլիոն մարդ մահանում է պալարախտից։

Լյուբով Նիկոլայանի խոսքով՝ հիվանդությունը տարածվում է հիմնականում օդակաթիլային ճանապարհով։ Լայնածավալ ուսումնասիրված է մարդուց մարդուն փոխանցման ճանապարհը, բայց կա նաեւ կենդանուց մարդուն եւ մարդուց կենդանուն վարակը փոխանցելու հավանականություն։

Թռչունների դեպքում վարակը օդակաթիլային ճանապարհով չի փոխանցվում մարդուն, սակայն վարակի տարածման աղբյուրը կարող է դառնալ վարակված թռչնի ձուն։ Մինչդեռ կաթնասունների դեպքում, մասնավորապես՝ խոշոր եղջերավորների պարագայում, վարակը մարդուն փոխանցվում է նաեւ օդակաթիլային ճանապարհով։

«Հետքի» զրուցակիցը նկատում է, որ կենդանիների տուբերկուլոզն ավելի շատ ուսումնասիրված է խոշոր եղջերավոր կենդանիների մոտ։ Սրանց շրջանում հիվանդության թոքային ձեւը հաճախ է հանդիպում, ինչը դրսեւորվում է ընդհանուր թուլությամբ, երբ կենդանին ծայրաստիճան տկար է, չի կարողանում բարձրանալ, քայլել, ուտել, այնուհետեւ պարբերաբար տենդ, հազ է դիտվում կենդանու մոտ։ Հենց հազի ժամանակ արտազատվող կաթիլներն էլ վարակի աղբյուր են դառնում շրջապատի համար՝ թե՛ մյուս կենդանիների, թե՛ նրանց հետ առնչություն ունեցող մարդկանց։ Եթե հասուն կենդանիները միմյանց վարակում են հիմնականում օդակաթիլային ճանապարհով, ապա մատղաշները կարող են վարակվել նաեւ հիվանդ մայրական կաթով։

Ըստ Լյուբով Նիկոլայանի՝ եթե մարդը տուբերկուլոզ ունի, տարիներ շարունակ պետք է հետեւել նրան։ Եթե մանրէազատող, այսինքն՝ ակտիվ տուբերկուլոզով հիվանդ կա, ապա մանրէազատումը դադարեցնելուց հետո եւս մեկ տարի պետք է հսկողության տակ լինեն բոլոր նրանք, ովքեր աղբյուրի հետ շփման մեջ են եղել։

Նոյեմբերին եւ հունվարին թռչունների բաժնում տուբերկուլոզ է գրանցվել

Փաստերի համադրումը ցույց է տալիս, որ թե՛ կենդանաբանական այգու տնօրենի ներկա պաշտոնակատարը, թե՛ նրա տեղակալը, թե՛ այգու վերադաս Երեւանի քաղաքապետարանը փորձում են հանրությունից գաղտնի պահել իրական պատկերը, քանի որ տուբերկուլոզի մասին բարձրաձայնելու հատեւանքով այգին կկորցնի այցելուների, ինչը նշանակում է, որ դրա ֆինանսական մուտքերը կտրուկ կնվազեն։

2021 թ․ նոյեմբերի 8-ից կենդանաբանական այգու թռչունների բաժնում կարանտին է հայտարարվել տնօրենի նախորդ պաշտոնակատար Արեւիկ Մկրտչյանի հրամանով (պաշտոնավարել է 2021-ի օգոստոսից մինչեւ 2022-ի մարտ)։ Կարանտին հայտարարելու պատճառը եղել է այն, որ դրանից մի քանի օր առաջ 2 քարակաքավ է անկել, եւ ավելի ուշ հետազոտությունը դրանց մոտ թռչունների տուբերկուլոզ (Avian tuberculosis) է արձանագրել։ Ա․ Մկրտչյանի հրամանի կատարումը դրվել է գլխավոր կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանի վրա, իսկ կատարման վերահսկողությունը՝ կենդանիների խնամքի բաժնի համակարգող Յունոնա Խանզադյանի վրա։ Բացի դրանից՝ այգում գրանցված տուբերկուլոզի մասին տեղեկացվել է ոլորտի լիազոր մարմինը՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ), իսկ ավելի կոնկրետ՝ դրա կենդանաբուժական ծառայությունը։

Այգու նախկին ղեկավարը պատմում է, որ ինքը դեռ աշխատանքի անցնելուց հետո էր գլխավոր անասնաբույժ Հ․ Հովհաննիսյանից պահանջել պատվաստումների (վակցինացման) եւ ճիճվաթափումների պլանը, որն այդպես էլ չի ներկայացվել։ Ըստ Մկրտչյանի՝ այդ պլանը, կարգի համաձայն, պետք է հաստատվեր տնօրենի կողմից, սակայն այն ուղղակի գոյություն չի ունեցել։ Այս ֆոնին երբ նոյեմբերին թռչունների բաժնում տուբերկուլոզ է հայտնաբերվել, Արեւիկ Մկրտչյանը, չնայած համապատասխան պլանի բացակայությանը, դիմել է էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ՝ պատվաստանյութեր ստանալու համար, որոնք տրամադրվել են։

Սակայն հետաքրքիր է, որ այգու տնօրինությունը տուբերկուլին չի ուզել։ Այս նյութն օգտագործվում է տուբերկուլինիզացիա կատարելու համար։ Սա տուբերկուլոզի ախտորոշման հիմնական մեթոդն է, երբ մաշկի տակ տուբերկուլին է ներարկվում՝ օրգանիզմի ալերգիան ստուգելու համար։ Եթե օրգանիզմը դրական է արձագանքում՝ ալերգիա է առաջանում, դա հիվանդ լինելու նախանշան է։ Այդ դեպքում կենդանին սպանդի է ենթարկվում, եւ կատարվում է հետազոտություն՝ հնարավոր տուբերկուլոզը հաստատելու համար։ Թե ինչու այգին ՊՈԱԿ-ից տուբերկուլին չի ուզել, նախկին ղեկավարը մեկնաբանում է այսպես․ այն ժամանակվա գլխավոր անասնաբույժ Հ․ Հովհաննիսյանը նօրենին հայտնել է, թե խոսել է մասնագետների հետ, ովքեր ասել են, որ նույնիսկ եթե այգին դիմի տուբերկուլինի համար, ՊՈԱԿ-ը չի կարողանա հատկացնել, քանի որ հանրապետությունում այդ պահին չի եղել։ Այսպիսով՝ նոյեմբերյան բռնկումից հետո այգում տուբերկուլինիզացիա չի արվել։

2022-ի հունվարին թռչունների բաժնում գրանցվել է տուբերկուլոզի երկրորդ բռնկումը։ Արեւիկ Մկրտչյանը սա պայմանավորել է գլխավոր անասնաբույժ Հարություն Հովհաննիսյանի գործոնով, որը պատասխանատու էր նոյեմբերյան հրամանի կատարման համար։ 2022-ի փետրվարին իր վերադասին՝ Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին, Մկրտչյանը նամակով հայտնել է հետեւյալը․ «Կենդանաբանական այգու գլխավոր կենդանաբույժը, անտեսելով ՀՀ ՍԱՏՄ կենդանաբուժական ծառայության աշխատակցի այցից հետո տրված ցուցումները, ինչպես նաեւ իմ կողմից 2021 թ. նոյեմբերի 8-ին արձակված հրամանը, չի ձեռնարկել նշյալ հրահանգի համաձայն բոլոր միջոցառումների իրականացումը, ինչի հետեւանքով ս.թ. հունվարի 20-ին գրանցվել է երկրորդ բռնկումը՝ հաստատված լաբորատոր ստուգման արդյունքներով՝ փաստացի վտանգելով 139 թեւ թռչնի առողջությունը»։   

Երկրորդ բռնկման փաստն արձանագրվել էր այն բանից հետո, երբ հունվարի 17-ին այգու ներկայացուցիչը պեւչի (կարմրամեջք) թութակի ներքին օրգաններ եւ դիակ էր հանձնել ՍԱՏՄ-ին ենթակա «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի հատուկ վտանգավոր ախտածինների ռեֆերենս փորձարկման լաբորատորիա՝ հետազոտություն կատարելու համար։

Անկած թութակի ներքին օրգանների մանրադիտակային հետազոտությամբ հայտնաբերվել են տուբերկուլոզին բնորոշ մանրէներ։ Մանրէաբանական հետազոտությամբ հայտնաբերվել են անաերոբային ինֆեկցիայի հարուցիչներ, բորբոսասունկ (Mucor)։

Իսկ ահա նույն տեսակի թութակի դիակի ախտաբանաանատոմիական հետազությունները ցույց են տվել այսպիսի արդյունք․ «Դիակը՝ հյուծված։ Լյարդի, փայծաղի եւ աղիների վրա՝ բազմաթիվ դեղնամոխրագույն հանգույցներ-տուբերկուլներ։ Մյուս օրգաններում տեսանելի ախտաբանական փոփոխություններ չեն արձանագրվել»։  

Այս արդյունքների հիման վրա այգու տնօրենի պաշտոնակատար Արեւիկ Մկրտչյանը հունվարի 20-ին նոր հրաման է արձակել թռչունների բաժնում կրկին կարանտին հայտարարելու մասին։ Հրամանով նախատեսվել է նաեւ հետեւյալը․ «Անհրաժեշտությունից ելնելով՝ հրավիրել լրացուցիչ կենդանաբուժական ծառայություն, ներգրավել լրացուցիչ մասնագետների՝ անասնաբուժասանիտարական հսկողությունը պատշաճ իրականացնելու, ախտահարված թռչնատեսակներին իդենտիֆիկացնելու եւ դրանից բխող անհրաժեշտ գործողությունները կատարելու համար, ինչպես նաեւ անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրելու համար»:

Սրանից օրեր անց՝ փետրվարին, ինչպես ասվեց վերեւում, Մկրտչյանը նամակ է գրել քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին։

Այգու նախկին ղեկավարը տուբերկուլոզի բռնկման մի քանի վարկած ուներ

Արեւիկ Մկրտչյանը քաղաքապետին հայտնել է, որ թռչունների տուբերկուլոզը խրոնիկ ընթացքով ինֆեկցիոն՝ վարակիչ հիվանդություն է, որի նկատմամբ բուժման արդյունավետ եղանակ մշակված չէ, իսկ դրա դեմ պայքարի եւ կանխարգելման գործողությունները սահմանված են ՍԱՏՄ պետի 2015 թ․ հրամանով հաստատված հրահանգում։ Այգու ղեկավարը քաղաքապետին զգուշացրել է, որ հիվանդության տարածումը չկանխարգելելը կարող է վտանգել այգում պահվող մյուս գիշատիչ թռչուններին եւ 4 տեսակ (մորուքավոր, սեւ, սպիտակագլուխ եւ գիշանգղ) անգղերին։

Նամակում Մկրտչյանն անդրադարձել է նաեւ այն հանգամանքին, որ թռչունների բաժնում առկա են այդ բաժնի աշխատակից Գարեգին Խլղաթյանին պատկանող թռչուններ, որոնք ի պահ են հանձնվել այգուն, սակայն «Երեւանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ում այդ փաստը հավաստող ոչ բոլոր պայմանագրերն են առկա։ «Իմ կողմից նախաձեռնված գույքագրման արդյունքում այգուն եւ Գարեգին Խլղաթյանին պատկանող թռչուններին տարբերակել նույնպես հնարավոր չի եղել, քանի որ կենդանիները չեն ինդենտիֆիկացվել գործող միջոցներով՝ օղակավորումով կամ միրկոչիպավորումով»,- ասված է նամակում։

Նախորդ հոդվածում անդրադարձել էինք թռչուններն ի պահ տալու դրվագին։

Փետրվարին քաղաքապետին ուղղված իր նամակում Արեւիկ Մկրտչյանը գրել էր․ «Առկա փաստական հանգամանքներով 2 աշխատակիցների անփութության արդյունքում այգուն պատճառած նյութական վնասը վերականգնելու նպատակով պատրաստվում եմ նախաձեռնել իրավական գործընթաց՝ պարզելու համար տուբերկուլոզի առաջացման հանգամանքները, որը հավանականորեն կարող էր տարածվել առանց կարանտինացման ի պահ վերցված թռչուններից, տուբերկուլոզի գրանցումից ի վեր ոչ պատշաճ իրականացված կարանտինի, կարանտինի ընթացքում վանդակից վանդակ աշխատակցի կողմից թռչուն տեղափոխելու եւ այլ հնարավոր գործոնների հետեւանքով»։

Նախորդ հոդվածում արդեն գրել էինք, որ աշխատանքային պարտականությունները չկատարելու կամ ոչ լիարժեք կատարելու հիմքով Արեւիկ Մկրտչյանն աշխատանքից ազատել էր գլխավոր անասնաբույժ Հարություն Հովհաննիսյանին եւ թռչունների բաժնի աշխատակից, ավագ խնամող Գարեգին Խլղաթյանին, անորակ մսի հայտնաբերումից հետո էլ ազատման դիմում էր գրել գլխավոր կենդանաբույծ Աննա Ասատուրյանը։  

Սակայն այգու տնօրենի նոր պաշտոնակատար Էդմոնդ Ղազարյանը, որը նշանակվել է մարտի 28-ին, կրկին գործի է ընդունել վերոնշյալ երեք աշխատակիցներին։

Երբ այգու նոր ղեկավարին հարցրել էինք աշխատողներից մեկին (Գարեգին Խլղաթյանին) պատկանող թռչուններն ի պահ վերցնելու մասին, նա ասել էր, թե նման տեղեկություններ չունի։

Առաջարկվել է ստեղծել մասնագիտական հանձնաժողով քաղաքապետարանն ընդամենը բանավոր է արձագանքել

Վերադառնալով քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին փետրվարին ուղարկված նամակին՝ նշենք, որ Արեւիկ Մկրտչյանը, հաշվի առնելով տուբերկուլոզի տարածման հետագա ռիսկերը, առաջարկել էր մասնագիտական հանձնաժողով ստեղծել՝ բաղկացած քաղաքապետարանի պատասխանատու վարչություններից, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համաճարակաբաններից, ՍԱՏՄ կենդանաբուժական ծառայությունից, կենդանաբանական այգու կառավարման խորհրդից ու մասնագետներից եւ առողջապահության նախարարությունից՝ խնդրի օպտիմալ լուծումներ գտնելու եւ հետագա քայլերը որոշելու համար։

Բացի դրանից՝ այգու ղեկավարը իրավիճակը ներկայացրել է այն ժամանակ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանին՝ խնդրելով աջակցել, որ կենդանաբանական այգուն տրամադրվեն տուբերկուլինային ախտորոշիչներ, ինչպես նաեւ ներգրավվեն որակավորված կենդանաբույժներ, ովքեր այգու մասնագետների հետ կիրականացնեն կենդանիների ստուգման, ախտորոշման, տուբերկուլոզի տարածումը կանխարգելելու եւ այլ անհրաժեշտ միջոցառումներ։ 

Օրեր անց Արեւիկ Մկրտչյանը կրկին դիմել էր քաղաքապետարան, այս անգամ՝ բնապահպանության վարչության պետ Գեւորգ Նազարյանին։

«Մասնագիտական հանձնաժողովի ստեղծումը համարում եմ անհրաժեշտ եւ պարտադիր քայլ՝ բարձրացված խնդրի օպտիմալ լուծումներ գտնելու եւ հետագա քայլերը որոշելու՝ հաշվի առնելով տուբերկուլոզի տարածման հետագա ռիսկերը»,- իր առաջարկը պնդել է Մկրտչյանը՝ հավելելով, որ ինքն արդեն դիմել է Հայաստանի ազգային ագրարային համալսարան, կենդանաբանական այգու կառավարման խորհուրդ, ՍԱՏՄ եւ առողջապահության նախարարություն՝ խնդրելով ներկայացնել թեկնածություններ՝ հետագա քայլերը որոշելու համար։ Ապա առաջարկել է հանձնաժողովում ներառել նաեւ քաղաքապետարանի ներկայացուցչին ու հանդիպում կազմակերպել սեղմ ժամկետներում, քանի որ այգուն կից ստեղծված գիտական խորհուրդը չունի պարտադիր կատարման ենթակա որոշումներ կայացնելու իրավասություն։

Քաղաքապետարանից, սակայն, Արեւիկ Մկրտչյանը գրավոր պատասխան չի ստացել, ընդամենը բանավոր խոսակցություն է եղել բնապահպանության վարչության պետ Գեւորգ Նազարյանի հետ։ Նախկին վերադասի նման արձագանքը Մկրտչյանը բնութագրում է «զրոյական»։

Տուբերկուլոզ է հայտնաբերվել նաեւ սիրամարգի օրգաններում

Քանի դեռ այգու նախորդ ղեկավարը նամակներ էր գրում տարբեր գերատեսչությունների, փետրվարի 15-ին տուբերկուլոզ է արձանագրվել անկած սիրամարգի ներքին օրգանների հետազոտության արդյունքում։

«Մանրէաբանական հետազոտությամբ նմուշներում հայտնաբերվել են բորբոսասնկեր՝ Aspergillus niger, Mucor։ Մանրադիտակային հետազոտությամբ նմուշներում հայտնաբերվել են տուբերկուլոզին բնորոշ մանրէներ»,- նշված է ՍԱՏՄ-ի «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատորիայի արձանագրության մեջ։

Այս դեպքից հետո Արեւիկ Մկրտչյանը էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանին խնդրել է միջնորդել, որպեսզի «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը պատվաստանյութեր հատկացնի 8 կենդանատեսակի համար (երկսապատանի ուղտ, ուղտայծ, պտավոր եղջերու, բեզոարյան այծ, բաշավոր ոչխար, եվրոպական եղնիկ, հայկական մուֆլոն, սիբիրյան այծեղջյուր, ընդհանուր՝ 91 սմբակավոր)։ Այս պահանջարկը հիմնված էր այգու նոր գլխավոր անասնաբույժ Արեգ Սարուխանյանի կազմած վակցինացման պլանի վրա (վերջինս այգում աշխատել է շուրջ մեկ ամիս)։ Առկայության դեպքում Արեւիկ Մկրտչյանը խնդրել էր նաեւ տուբերկուլին հատկացնել 150 թեւ թռչնի համար։ Պատվաստանյութերը մասամբ հատկացվել են, սակայն թռչունների տուբերկուլին չեն տվել՝ ասելով, որ հանրապետությունում չկա։  

Տուբերկուլոզը հասել է եղջերուներին

Փաստորեն, այգու վերադաս քաղաքապետարանի հետ նամակագրությունը մասնագիտական հանձնաժողով ձեւավորելու եւ խնդրի լուծման ուղիներ գտնելու վերաբերյալ դրական արդյունք չի տվել, բայց ահա բացասական հետեւանքը չի ուշացել։  

2022թ․ մարտի 11-ին անկել է պտավոր (բծավոր) եղջերուներից մեկը։ Դիահերձման համար այգի է հրավիրվել անկախ փորձագետ։ Նախնական դիտարկմամբ կենդանու մոտ առկա է եղել միկոբակտերիոզի ֆոն, որը տուբերկուլոզի կասկած է առաջացրել մասնագետների մոտ։ Եղջերուի կենսանմուշներն ուղարկվել են հիստոպաթոլոգիկ (հյուսվածաբանական) անալիզի։

Մարտի 12-ին՝ մինչեւ հյուսվածաբանական հետազոտության արդյունքների հայտնի դառնալը, Արեւիկ Մկրտչյանը, հաշվի առնելով այգում տուբերկուլոզի ստացիոնար օջախի առկայությունը, հրաման է ստորագրել սմբակավորների բաժնի պտավոր (բծավոր) եղջերուների ազատավանդակի տարածքում կարանտին մտցնելու մասին։

Կարանտինային գոտի մտնելու իրավունք տրվել է միայն մեկ աշխատակցի։ Որոշվել է նաեւ սմբակավորների բաժնում ընտրանքային տարբերակով իրականացնել տուբերկուլինիզացիա։ Նույն օրը այգու տնօրենի պաշտոնակատարը նամակ է գրել ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանին՝ հայտնելով, թե ինչ քայլեր է ձեռնարկել եւ խնդրելով աջակցել այգու սմբակավորների շրջանում տուբերկուլինիզացիայի անցկացմանը։

Մարտի 18-ին հայտնի են դարձել հյուսվածաբանական հետազոտության արդյունքները։ Հետազոտող մասնագետները նախ նշել են, թե քանի որ հյուսվածքներում առկա են աուտոլիտիկ (ինքնաքայքայիչ) փոփոխություններ, դրանց գնահատումը սահմանափակված է: Այդուհանդերձ, եզրակացությունը եղել է այսպիսին․ «Հյուսվածաբանական պատկերը համատեղելի է թոքի եւ կմախքային մկանային հյուսվածքների գրանուլեմատոզ բորբոքմանը։ Այլ հյուսվածքների գնահատումը սահմանափակված է աուտոլիտիկ փոփոխություններով»։ Այսքանով հանդերձ, հետազոտողները ախտորոշում չեն տվել՝ խորհուրդ տալով դիմել ֆթիզիատրի՝ տուբերկուլոզի մասնագետի։

Բայց մինչ այդ՝ մարտի 14-ին, կենդանաբանական այգուց արդեն իսկ պտավոր եղջերուի թոքի նմուշն ուղարկվել էր առողջապահության նախարարության «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ, որտեղ ամսի 15-ին հաստատվել էր տուբերկուլոզի առկայությունը։

Փաստերը հերքում են ներկա տնօրինության պնդումները

Ինչպես արդեն նշեցինք, կենդանաբանական այգու տնօրինությունը հերքել էր տուբերկուլոզի առկայությունն այգում՝ նշելով, որ տարեսկզբին կասկածներ եղել էին, սակայն Թոքաբանության ազգային կենտրոնի հետազոտությունները դրանք չէին հաստատել։ Բայց տարեսկզբին թութակի ու սիրամարգի (հետազոտել է ՍԱՏՄ լաբորատորիան) ու եղջերուի (հետազոտել է Թոքաբանության ազգային կենտրոնը) նմուշներում տուբերկուլոզի արձանագրման փաստը առնվազն կասկածներ է առաջացնում տնօրինության շարժառիթների վերաբերյալ։

Նշենք, որ 2019-ի հունվարի 1-ից մինչեւ այս տարվա օգոստոսի 5-ն ընկած ժամանակահատվածում ՍԱՏՄ լաբորատորիան արձանագրել է կենդանաբանական այգու կենդանիների տուբերկուլոզ հիվանդության 6 դեպք։ «Տուբերկուլոզ հայտնաբերվել է 31.01.2020 թ․՝ 20 տարեկան էգ ուղտի, 17.07.2020 թ․՝ որսորդական փասիանի, 03.01.2021 թ․՝ քարակաքավի, 20.12.2021 թ․՝ քարակաքավի, 20.01.2022 թ․՝ պեւչի թութակի եւ 15.02.2022 թ․՝ սիրամարգի նմուշներում»,- «Հետքին» հայտնել է ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը։  

Իր հերթին Թոքաբանության ազգային կենտրոնի ղեկավար Արտակ Մանուկյանը մեզ փոխանցել է, որ այգու տնօրինության խնդրանքով (Արեւիկ Մկրտչյանի օրոք) այս տարվա մարտ ամսին իրենց կենտրոնում հետազոտվել է անկած կենդանիների եւ թռչունների 16 նմուշ, որոնց արդյունքների մասին կարող ենք տեղեկանալ այգու տնօրինությունից։

Արտակ Մանուկյանը չի հայտնել ո՛չ հետազոտված կենդանատեսակների (նմուշների) անունները, ո՛չ հետազոտության արդյունքները։ Սակայն այգու տնօրինությունից, ի վերջո, ստացել ենք դրանք։  

Այսպես՝ 16-ից 15-ը եղել են թռչուններ (չինական հավ (2 թեւ), կաքավ, սիբրայթ հավ (2 թեւ), բարաբանդ թութակ, սիրամարգ, քարակաքավ, սպիտակ փասիան, արծաթափայլ փասիան, բենտամ հավ, հնդկական հավ, շագանակագույն փասիան, ռոզելա թութակ, ոսկեփայլ փասիան), որոնց նմուշները մաքուր են եղել։ Իսկ ահա պտավոր եղջերուի թոքից վերցված նմուշի հետազոտությունը, ինչպես նշեցինք, տուբերկուլոզ է ցույց տվել։ 

Կարանտինը հանվել է սեզոնի բացումից օրեր առաջ

Մարտի 25-ին Արեւիկ Մկրտչյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ Նրա օրոք սմբակավորների բաժնում տուբերկուլինիզացիա այդպես էլ չարվեց, ինչը նախատեսված էր մարտի 12-ի հրամանով։ Բայց անկախ դրանից՝ կարանտինը դեռ գործում էր թե՛ թռչունների բաժնում, թե՛ եղջերուների ազատավանդակի տարածքում։ «Հետքի» հետ զրույցում այգու նախկին ղեկավարը պատմում է, որ նորանշանակ (նշանակվել է մարտի 28-ին) պաշտոնակատար Էդմոնդ Ղազարյանի հետ շրջայց է կատարել այգում եւ հայտնել, որ մինչեւ պատշաճ գործողություններ չարվեն, կարանտինը պետք է շարունակվի, եւ այդ տարածքները պետք է փակ մնան այցելուների համար։

Էդմոնդ Ղազարյանն իր նշանակումից մեկ ամիս անց՝ ապրիլի 27-ին (կենդանաբանական այգու սեզոնի բացումից՝ մայիսի 1-ից, 4 օր առաջ), հրաման է ստորագրել սմբակավորների բաժնում հայտարարված կարանտինը եւ բոլոր կարանտինային միջոցառումները դադարեցնելու մասին, քանի որ դրանց անհրաժեշտությունն այլեւս չի եղել։ Այդպիսի հրամանի համար Ղազարյանը հիմք է ընդունել այգու գլխավոր կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանի (վերանշանակված), կենդանիների խնամքի բաժնի համակարգող Յունոնա Խանզադյանի (սմբակավորների բաժնում կարանտին հայտարարելու հրամանի կատարման պատասխանատուն էր), գիտամեթոդական բաժնի պատասխանատու Արտեմի Մակարյանի (նույն հրամանի կատարման վերահսկողն էր), գլխավոր կենդանաբույծ Աննա Ասատուրյանի (վերանշանակված), ավագ խնամող Գառնիկ Մխիթարյանի կողմից ապրիլի 26-ին ներկայացված համատեղ զեկուցագիրը։ Այս զեկուցագիրն այգու ներկա ղեկավարությունը մեզ չի տրամադրել։

Տրամադրել է միայն թռչուններին վերաբերող զեկուցագիրը, որն ապրիլի 25-ին տնօրենի պաշտոնակատար Էդմոնդ Ղազարյանին ներկայացրել են Հ․ Հովհաննիսյանը, Յ․ Խանզադյանը, Ա․ Մակարյանը, Ա․ Ասատուրյանն ու թռչունների բաժնի պատասխանատու Ա․ Գյուլնազարյանը։ Վերջիններս հայտնել են, որ թռչունների բաժնում տուբերկուլոզը կանխարգելելու շրջանակներում կատարվել է թռչունների կլինիկական հետազոտություն՝ թույլ եւ հիվանդության առավել ընկալունակ առանձնյակներին հայտնաբերելու համար։ Արդյունքում առանձնացրել են 31 թեւ թռչուն (1 թեւ ոսկեփայլ փասիան, 4 թեւ որսորդական փասիան, 1 թեւ սիրամարգ, 3 թեւ քարակաքավ ու 22 թեւ խառնածին հավեր), որոնց անհրաժեշտ է ենթարկել հարկադիր սպանդի (էֆթանազիա), կատարել դիահերձում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ լաբորատոր փորձաքննություն, ու եթե տուբերկուլոզ հայտնաբերվի, դիակները ոչնչացնել այրելով։ Այս ամենն իրականացնելուց հետո թռչունների բաժնում կարանտինը պետք է դադարեցվեր։

Երեւանի քաղաքապետարանից մեր ստացած ինֆորմացիայի համաձայն՝ վերոնշյալ թռչունների խոտանման միջոցառումն իրականացվել է նույն օրը՝ ապրիլի 25-ին։ Այգու փոխտնօրեն Աշոտ Ասլանյանից էլ ճշտեցինք, որ այդ թռչուններին էֆթանազիայի են ենթարկել եւ դիակիզել։ Դիակիզման հանգամանքը (եթե նման բան իսկապես եղել է) խոսում է տուբերկուլոզի առկայության մասին։

Ըստ քաղաքապետարանի՝ ապրիլի 26-ին էլ կատարվել է սմբակավորների տուբերկուլինիզացիա, եւ թեստերի արդյունքները բացասական են եղել։ «Միջոցառումների իրականացման պահից առ այսօր տուբերկուլոզ հիվանդության մեջ կասկածվող եւ այլ պատճառներից անկած կենդանիների հետազոտությունների արդյունքում տուբերկուլոզ հիվանդություն կենդանաբանական այգում չի հայտնաբերվել»,- օգոստոսին մեզ հայտնել են քաղաքապետարանից։

Տպավորություն է, որ սեզոնի բացումից (մայիսի 1) հաշված օրեր առաջ այգում արագ-արագ գործողություններ են ձեռնարկվել։

«Հետքի» ձեռքի տակ գտնվող փաստաթղթի համաձայն՝ շոտլանդական պոնիի, լամայի (ուղտայծ), եվրոպական եղնիկի ու 2 պտավոր եղջերուի տուբերկուլինիզացիան իրականացրել են այգու աշխատակիցները՝ գլխավոր կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանը, գիտամեթոդական բաժնի ղեկավար Արտեմի Մակարյանը, ավագ խնամող Գառնիկ Մխիթարյանը, որոնք ստորագրել են համապատասխան ակտը։   

Իր հերթին այգու նախկին ղեկավար Արեւիկ Մկրտչյանը նկատում է․ «Տուբերկուլինիզացիան անպայման իրականացվում է ՍԱՏՄ կենդանաբուժական ծառայության վերահսկողությամբ, որովհետեւ քո կենդանաբույժը, կոպիտ ասած, կարող է խաբել․ օրինակ՝ ասի, որ արել է, բայց արած չլինի, կամ, ասենք, սխալ կարդա ալերգիկ ռեակցիայի արդյունքը, որը ստացվում է տուբերկուլինիզացիայից հետո, կամ սխալ տեղից սրսկած լինի։ Դրա համար պարտադիր է պետական վերահսկողությունը՝ հաշվի առնելով այս հիվանդության հանրային վտանգավորությունը»։ 

Ի՞նչ պետք է աներ կենդանաբանական այգին

Տուբերկուլոզի դեմ պայքարը հեշտ ու արագ գործընթաց չէ։ Կենդանիների տուբերկուլոզ հիվանդության դեմ պայքարի եւ կանխարգելման հրահանգը, որը հաստատվել է 2015-ին եւ այս ոլորտում գլխավոր փաստաթուղթն է, սահմանում է․ «Տնտեսությունները (կենդանաբանական այգին, որտեղ վերջին շրջանում հաստատվել է հիվանդության առկայությունը, եւս տնտեսություն է - «Հետք»), որոնցում հաստատվել է կենդանիների տուբերկուլոզ հիվանդությունը, լիազոր մարմնի (ՍԱՏՄ) ներկայացմամբ եւ տարածքային կառավարման մարմինների (այս դեպքում՝ Երեւանի քաղաքապետարան) որոշմամբ հայտարարվում են անապահով, եւ սահմանվում են մի շարք սահմանափակումներ հիվանդության տարածումը բացառելու նպատակով»:

Ըստ հրահանգի՝ խոշոր եղջերավոր կենդանիների (ինչպիսին եղջերուներն են) կրկնակի տուբերկուլինիզացիայի արդյունքներով որոշվում է, թե հոտի քանի տոկոսն է վարակված։ Եթե պարզվում է, որ վարակվածությունը հոտում 15 %-ից բարձր է, ապա միջոցառումների մի ամբողջ համալիր պիտի իրականացվի, այդ թվում՝ անապահով հոտի միանվագ ու ամբողջական փոփոխություն առողջ կենդանիներով, իսկ եթե 15 %-ից պակաս է, հոտի առողջացումը կարող է իրականացվել պարբերական հետազոտությունների եւ հիվանդ կենդանիներին սպանդի ենթարկելով: Պարբերական հետազոտությունը նշանակում է հետեւյալը՝ 2 ամսականից բարձր տարիք ունեցող կենդանիներին 45-60 օրը մեկ հետազոտում են կրկնակի ներմաշկային տուբերկուլինային փորձի (տուբերկուլինիզացիա) միջոցով: Եթե տուբերկուլինի նկատմամբ դրական հակազդած (ալերգիա տված) խոշոր եղջերավորներ են հայտնաբերվում, ապա դրանք դրոշմվում են «Տ» տառով, մեկուսացվում եւ 15 օրվա մեջ ենթարկվում սպանդի: Միաժամանակ հետազոտվում են տուբերկուլոզի նկատմամբ տնտեսությունում գտնվող այլ տեսակի կենդանիները, այդ թվում՝ շներն ու կատուները: Սա նշանակում է, որ Երեւանի կենդանաբանական այգում պետք է հետազոտվեն նաեւ շնազգի ու կատվազգի գիշատիչները։ Տուբերկուլինի նկատմամբ դրական հակազդած շներին ու կատուներին (կենդանաբանական այգու դեպքում՝ շնազգի ու կատվազգի գիշատիչներին) քնեցնում են:

Եթե կրկնակի տուբերկուլինիզացիան խոշոր եղջերավորների ամբողջ հոտում բացասական արդյունքներ է ցույց տալիս, այսինքն՝ ալերգիկ ռեակցիա դրսեւորած կենդանիներ չեն հայտնաբերվում, ապա հոտի նկատմամբ սահմանվում է ստուգիչ հսկողություն 6 ամսով։ Այդ 6 ամսում անցկացվում է եւս 2 հետազոտություն՝ 3-ամսյա միջակայքով: Այս ստուգիչ հետազոտությունների բացասական արդյունքների եւ անասնաբուժասանիտարական միջոցառումների արդյունքով տնտեսությունը (հոտը) հայտարարվում է ապահով տուբերկուլոզի նկատմամբ:

Վերը շարադրվածի առաջին քայլը, ինչպես տեսանք, հոտի վարակվածության չափի որոշումն է կրկնակի տուբերկուլինիզացիայի միջոցով։ Երեւանի քաղաքապետարանի պատասխանն առ այն, որ ապրիլի 26-ին կատարվել է սմբակավորների տուբերկուլինիզացիա (թե ինչպես է կատարվել, մեկ այլ հարց է), եւ թեստերի արդյունքները բացասական են եղել, ամենեւին չի նշանակում, թե տուբերկուլոզի առկայությունը հերքվել է։ Վերոնշյալ հրահանգը, ինչպես տեսանք, գործողությունների շատ ավելի մեծ ծավալ է նախատեսում, որոնց մասին քաղաքապետարանի պատասխանում ոչինչ չի ասվում։ 

Ինչ վերաբերում է թռչուններին, ապա նույն հրահանգի համաձայն՝ թռչնաբուծական տնտեսություններում (այս դեպքում՝ այգու թռչունների բաժնում) տուբերկուլոզ հիվանդության հաստատման դեպքում անապահով թռչնանոցի ամբողջ գլխաքանակը ենթարկվում է սպանդի, անցկացվում են համապատասխան անասնաբուժասանիտարական միջոցառումներ, եւ սահմանափակումները վերացնելուց հետո առողջ մատղաշից ձեւավորվում է նոր հոտ: 

Այգու նախկին ղեկավար Արեւիկ Մկրտչյանը «Հետքի» հետ զրույցում շեշտում է․ «Հիվանդությունն այգում ունի ստացիոնար օջախ ու պարբերաբար բռնկվում է: Մենք շատ գրագետ մոտեցում ենք ցույց տվել, ինչի արդյունքում կարողացել ենք օջախը լոկալիզացնել ու խուսափել դրա հետագա տարածումից: Եթե ինչ-որ մեկը հիմա կվստահեցնի, որ տուբերկուլոզ չկա, ուրեմն ստում է: Հիվանդության լիարժեք վերացման համար 3-5 տարի ժամանակ է անհրաժեշտ: Ու էս պայմաններում խոսել նոր կենդանիներ բերելու մասին, նշանակում է դատապարտել այդ կենդանիներին մահվան»։

ՍԱՏՄ-ից տեղեկացել ենք, որ այն բանից հետո, երբ «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատորիան տուբերկուլոզ է ախտորոշել այգու կենդանիների մոտ (վերջինը եղել է փետրվարի 15-ին սիրամարգի նմուշում), հիվանդության հետագա տարածումը կանխելու նպատակով տեսչական մարմինը դիմել է Երեւանի քաղաքապետարանին՝ վերը նշված հրահանգով սահմանված սահմանափակումներն այգում կիրառելու համար։ Քանի որ տուբերկուլոզը պարտադիր ծանուցման ենթակա հիվանդություն է, ՍԱՏՄ-ն գրանցված դեպքերի մասին տեղեկացրել է նաեւ ՀՀ առողջապահության եւ արտակարգ իրավիճակների նախարարություններին։

Ապրիլի վերջին կարանտինի դադարեցումը եւ մայիսի 1-ին այգու բացումը վկայում են այն մասին, որ պատկան մարմինները օրենսդրությամբ նախատեսված քայլեր չեն ձեռնարկել՝ տուբերկուլոզի հետագա տարածումը կանխելու համար։ Ավելին՝ այգու փոխտնօրեն Աշոտ Ասլանյանը հայտնեց, որ օգոստոսին լուսանն է անկել, ու չնայած ծերության եւ երիկամների անբավարարության ախտորոշմանը, դիահերձման արդյունքները տուբերկուլոզի կասկած են առաջացրել, եւ նմուշ է ուղարկվել ՍԱՏՄ՝ փորձաքննության։ Արդյունքները դեռեւս չեն ստացվել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter