HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ի՞նչ նպատակով է Կապանի օդանավակայանում հաստիքների համալրում կատարվում

Երկու ամիս առաջ՝ հուլիսի 7-ին, Սյունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր տարածվել այն մասին, որ Կապանի օդանավակայանի կոնցեսիոներ ««Սյունիք» օդանավակայան» ՍՊԸ-ն աշխատակիցների ընդունելություն է կատարում մի շարք մասնագիտություններով։

2020-ի նոյեմբերին սերտիֆիկացված եւ շահագործման պատրաստ աերոդրոմը մինչ օրս չի օգտագործվում ըստ նպատակի, եւ այս լուրը որոշակի աշխուժություն էր առաջացրել մասնավորապես Կապանում։ Քանի որ օդանավակայանի կոնցեսիոներ ընկերությունը 50-50 համամասնությամբ պատկանում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամին (պատկանում է ԶՊՄԿ-ին) ու Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման (ՍՄԶՆ) հիմնադրամին, որը պետական հիմնարկ է ու կառավարվում է մարզպետարանի կողմից, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին մի շարք հարցեր էինք ուղղել օդանավակայանի հնարավոր վերաշահագործման մասին։

Չնայած աշխատատեղերի մասին հայտարարություն տարածողը հենց մարզպետարանն էր, այստեղից մինչեւ մեր հարցմանը պատասխանելը հայտնել էին, որ անհրաժեշտ տեղեկությունները հավաքելու համար մարզպետարանն իր հերթին համապատասխան հարցումներ է արել։ Այսինքն՝ մարզպետարանն այդ տեղեկությունների անմիջական տիրապետողը չէ։  

Մարզպետ Ղուկասյանին հարցրել էինք, թե ներկայում ինչ գործառույթներ է կատարում Կապանի «Սյունիք» օդանավակայանը, որը 2020-ի նոյեմբերի 18-ից (ՀՀ քաղավիացիայի կոմիտեից սերտիֆիկատ ստանալու օրն է) պատրաստ է շահագործման, բայց փաստացի մինչ օրս պարապուրդի մեջ է։ Պատասխանը շաբլոն է ու ոչինչ չասող՝ ««Սյունիք» օդանավակայան» ՍՊԸ-ն 18.11.2020-ին ՔԱԿ-ից ստացել է աերոդրոմի շահագործման սերտիֆիկատ, ինչից ելնելով՝ օդանավակայանն իրականացնում է այն բոլոր գործառույթնեը, որոնք նախատեսված են Քաղավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) եւ ՀՀ ավիացիոն իշխանությունների կողմից սահմանված կարգով։

Քանի որ մարզպետարանի տարածած հայտարարության մեջ նշված էր կոնցեսիոներ ընկերությունում առկա այնպիսի (ի թիվս այլնի) աշխատատեղերի մասին, որոնք անմիջական առնչություն ունեն ուղեւորների եւ օդանավերի սպասարկման հետ (օրինակ՝ ավիացիոն անվտանգության հատուկ զննման ծառայություն, հաշվառման աշխատակից, կառամատույցի վերգետնյա սպասարկման մասնագետ), մարզպետին հարցրել էինք, թե արդյոք դա նշանակում է, որ առաջիկայում սպասվում է օդանավակայանի կողմից բուն ավիացիոն գործունեության մեկնարկ։

«Համաձայն ԻԿԱՕ-ի եւ ՀՀ ավիացիոն իշխանությունների կողմից սահմանված կարգերի՝ սերտիֆիկացված օդանավակայանը պարտավորված է սպասարկել ինչպես պլանային չվերթեր, այնպես էլ վթարային վայրէջքներ։ Հետեւաբար, ««Սյունիք» օդանավակայան» ՍՊԸ աշխատակազմը պետք է համալրված լինի համապատասխան մասնագետներով՝ տվյալ գործառույթները պատշաճ ձեւով իրականացնելու համար»,- հայտնել է մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Այս պատասխանը կարող ենք մեկնաբանել այսպես՝ կոնցեսիոները ցանկանում է համալրել իր աշխատակազմը, որպեսզի ներկայում նվազագույնը պատրաստ լինի ըստ անհրաժեշտության վթարային վայրէջքներ ընդունել։

Ինչպես արդեն գրել ենք, մարզպետ Ղուկասյանի փոխանցմամբ՝ ներկայում ««Սյունիք» օդանավակայան» ՍՊԸ-ն ֆինանսավորվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամից։ Այսինքն՝ օդանավակայանի ներկա եւ նոր աշխատատեղերի ֆինանսական բեռը կոմբինատի ուսերին է։

Մարզպետին հարցրել էինք նաեւ, թե օդանավակայանում քանի աշխատատեղ կա, եւ դրանցից քանիսն են թափուր: Ի պատասխան՝ նշվել է, որ ««Սյունիք» օդանավակայան» ՍՊԸ-ն, ելնելով անվտանգության նկատառումներից, նպատակահարմար չի համարել հաստիքացուցակի վերաբերյալ տեղեկություններ հրապարակել:   

Ինչ վերաբերում է պլանային չվերթերին, որոնց մասին հայտարարվեց 2021-ի աշնանը, գրել ենք, որ Երեւան-Կապան-Երեւան թռիչքներ ծրագրած «ՆովԷյր» ընկերությունը շատ արագ հրաժարվեց իր պլաններից՝ պատճառաբանելով, թե կորոնավիրուսի համավարակի հետեւանքով հնարավոր չէ իրականացնել անձնակազմի վերապատրաստում, եւ «L-410» ինքնաթիռի տեխնիկական սպասարկման կազմակերպումն աշխատատար ու ժամանակատար է։

Քարտեզում եւ լուսանկարում թվերով նշված են՝
1-2. ՀՀ դրոշները Կապան համայնքի սահմանապահ բլուրների վրա
3. Ադրբեջանական մարտական դիրք թռիչքուղուց 550 մ հեռավորության վրա
4. Ադրբեջանական հենակետ Սպիտակաշեն (Աղքենդ) բնակավայրի տարածքում

Այդուհանդերձ, «Սյունիք» օդանավակայանի գործունեության մեկնարկի մասին լավատեսական տրամադրություններ կան Կապանի համայնքապետարանում։ Հուլիսին համայնքապետ Գեւորգ Փարսյանը «Հետքի» հետ զրույցում նշել էր, որ ինքը մեծ ակնկալիքներ ունի օդանավակայանի գործարկման հետ։ Երբ հարցրել էինք, թե արդյոք թշնամու առկայությունը օդանավակայանի հարեւանությամբ չի խանգարի դրա գործարկմանը, Փարսյանը նշել էր․ «Խնդիրն ադրբեջանական կողմից անվտանգության երաշխիքներն են, բազմաթիվ անգամ իշխանությունների, պատասխանատուների հետ խոսել ենք, քննարկել ենք այդ թեման։ Չշտապեմ, սահմանափակվեմ դրանով․ հույս ունեմ, որ կգործարկվի»։ Նա դրական էր արձագանքել մեր հարցին, թե արդյոք այդ հույսը հիմքեր ունի։

Քարտեզում 1-8 թվերով նշված են հայկական (կարմիր) եւ ադրբեջանական (կապույտ) դիրքերը Փայլասարի (Փելասար) լեռներում, լուսանկարում երեւում են դրանցից մի քանիսը

Իր հերթին Ռոբերտ Ղուկասյանը մեր հարցին, թե ինչպես է պատկերացնում «Սյունիք» օդանավակայանի ապագան, պատասխանել է՝ տեսնում է որպես գործող քաղաքացիական օդանավակայան:

Այդուհանդերձ, անհերքելի է, որ օդանավակայանի շուրջ առկա անվտանգային միջավայրը գոնե այս պահի դրությամբ խնդրահարույց է: Աերոդրոմի հարավում, արեւելքում եւ հարավ-արեւելքում տեղակայված են ադրբեջանական հենակետեր, որոնք անմիջական սպառնալիք են ոչ միայն օդանավակայանի բնականոն գործունեության, այլեւ տեղացի հայ բնակչության համար: Ու չնայած այստեղ հայ ուժայիններից բացի ծառայություն են իրականացնում նաեւ ՌԴ սահմանապահները, մարդկանց եւ թռիչք-վայրէջք կատարող օդանավերի ֆիզիկական անվտանգության համար դա 100-տոկոսանոց երաշխիք չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter