HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Կապանի օդանավակայանը կրկին ֆինանսավորվում է ԶՊՄԿ-ի կողմից

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը «Հետքին» հայտնել է, որ Կապանի օդանավակայանի ֆինանսավորումը ներկայում իրականացնում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամը։ Փաստորեն, կրկին ԶՊՄԿ-ի ուսերին է շահագործման իրավունք ունեցող, բայց մինչ օրս փաստացի ավիացիոն գործունեություն չծավալող օդանավակայանի ֆինանսական բեռը։ Իսկ ինչու՞ կրկին։

Բանն այն է, որ օդանավակայանի վերականգնման ծրագիրն ի սկզբանե ֆինանսավորում էր ԶՊՄԿ-ն, սակայն անցյալ տարի դրա կոնցեսիոներ ընկերությանը անհատույց գումար հատկացրեց կառավարությունը՝ պարտքերը վճարելու համար։  

Այսպես՝ 2021-ի նոյեմբերի 11-ին կառավարությունը որոշեց 49,5 մլն դրամի դրամաշնորհ հատկացնել օդանավակայանի կոնցեսիոներ ««Սյունիք» օդանավակայան» ՍՊԸ-ին՝ կուտակած պարտքերը մարելու համար (այդ թվում՝ ռադիոհաճախականության վճարի, ընդհանուր շահագործման ծախսերի ու աշխատավարձերի մասով)։ Պետության ներգրավվումը պատահական չէր, քանի որ ՍՊԸ-ի 50 տոկոսի սեփականատերը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամն է (պատկանում է ԶՊՄԿ-ին), իսկ մյուս 50 տոկոսինը՝ Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման (ՍՄԶՆ) հիմնադրամը, որը ստեղծել է կառավարությունը, բայց կառավարվում է Սյունիքի մարզպետարանի կողմից։

Կապանի օդանավակայանի վերականգնման ծրագիրը, որը 2017-2020 թթ․ իրականացրել են ՍՄԶՆ հիմնադրամն ու ԶՊՄԿ-ն, ֆինանսավորել է հենց կոմբինատը։ Հիշեցնենք, որ չնայած ուղեւորային նոր համալիրի կառուցման եւ թռիչքուղու վերանորոգման (հիմնանորոգման) աշխատանքների արժեքը սկզբնապես հաշվարկվել էր 2,3 մլրդ դրամ, հետո նախագիծը վերանայվել ու ընդլայնվել էր՝ կազմելով 2,8 մլրդ դրամ (5,8 մլն դոլար)։ Սրան գումարենք չեխական արտադրող «Aircraft Industries»-ից 5,5 մլն եվրոյով ձեռք բերված «L-410UVP-E20» ինքնաթիռը, որը թողարկվել է 2015-ին եւ Հայաստան բերվել 2018-ին։ 2017-ին Սյունիքի այն ժամանակվա մարզպետ Վահե Հակոբյանը հայտարարել էր, որ օդանավի գնից 1,5 մլն եվրոն ԶՊՄԿ-ն վճարել է, մնացած 4 մլն-ն էլ մարվելու է դրա շահագործումից հետո: Հայաստանում նախապես այս օդանավի սեփականատեր էր գրանցվել ԶՊՄԿ-ին փոխկապակցված ընկերություններից մեկը, սակայն հետո սեփականատեր դարձավ կոմբինատի բարեգործական հիմնադրամը։ Օդանավի անվտանգ շահագործման ապահովման նպատակով ԶՊՄԿ-ի հաշվին անձնակազմի անդամներն ու տեխնիկական սպասարկումն ապահովող աշխատակիցներն անցել էին համապատասխան ուսուցում չեխական «Aircraft Industries»-ում եւ Հայաստանում: 

Այսպիսով՝ տեւական ժամանակ Կապանի օդանավակայանի կոնցեսիոների ֆինանսական բեռը հոգում էր դրա սեփականատերերից մեկը՝ ԶՊՄԿ-ն, իսկ 2021-ին պարտքերը մարելու համար 50 մլն դրամ հատկացրեց ՀՀ կառավարությունը։ Ու հիմա նորից կոմբինատն է ստանձնել օդանավակայանի ֆինանսավորումը։

ԶՊՄԿ-ի շուրջ զարգացումներին հետեւողները երեւի կռահեցին, որ այս ամենի պատճառը կոմբինատի սեփականատերերի վերջին փոփոխություններն են։  

Օդանավակայանի վերագործարկման ծրագիրն իրականացվեց այն ժամանակ, երբ ԶՊՄԿ-ի ղեկավար կազմում ու սեփականատերերի մեջ ընդգրկված էին մարդիկ, որոնք անմիջական կապ ունեին նախորդ իշխանությունների հետ։ Լավագույն օրինակը Վահե Հակոբյանն է, որը 2014-2016 թթ․ կոմբինատի ադմինիստրատիվ տնօրենն էր, ապա՝ գլխավոր տնօրենի առաջին տեղակալը, 2016-2018 թթ․՝ Սյունիքի ՀՀԿ-ական մարզպետ, հետո դարձավ ԶՊՄԿ-ի խորհրդի անդամ, իսկ եղբայրը՝ Կարեն Հակոբյանը, մինչեւ վերջերս ԶՊՄԿ-ի շահառու սեփականատերերից մեկն էր (նրան, Գուրգեն Ամբարյանին ու կոմբինատի նախկին գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովին էր պատկանում ԶՊՄԿ-ի 12,5 տոկոսը)։ Վահե Հակոբյանը ներկայում ԱԺ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր է։

2018-ի իշխանափոխությունից հետո ԶՊՄԿ-ի հայ սեփականատերերի ու իշխանությունների հարաբերություններն աստիճանաբար սկսեցին լարվել, ինչը, թերեւս, իր գագաթնակետին հասավ 2020-ի 44-օրյա պատերազմից հետո։ Իրավիճակը որոշակի լիցքաթափվեց 2021-ի աշնանը, երբ Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտում ներգրավված ռուսաստանցի գործարար Ռոման Տրոցենկոն եւ գործընկերները ռուսական «Պրոմիշլեննայա կոմպանիայի» միջոցով ձեռք բերեցին ԶՊՄԿ-ի 60 տոկոսը, ապա 15 տոկոսը նվիրեցին ՀՀ-ին։ Այդպիսով՝ «Պրոմիշլեննայա կոմպանիան» իր 45 տոկոսով դարձավ կոմբինատի ամենամեծ բաժնետերը՝ միաժամանակ լավ հարաբերություններ ունենալով ՀՀ իշխանությունների հետ։ Արդեն այս տարվա ամռանը Տրոցենկոյի թիմը ձեռք է բերել Պոլոսկով-Հակոբյան-Ամբարյան եռյակի 12,5 տոկոսն ու նաեւ որոշ բաժնեմաս, որը մինչ այդ բաժնետերերի միջեւ տեղաբաշխված չի եղել, ինչից հետո եւս 6,87 տոկոս նվիրել է ՀՀ-ին։

Ներկայում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի 21,87 տոկոսը պատկանում է պետությանը, 40,21 տոկոսի շահառու սեփականատերը Ռոման Տրոցենկոյի որդին է՝ Գլեբ Տրոցենկոն, 10,05 տոկոս էլ պատկանում է նրանց գործընկեր Միրզաազիզ Մուսախանովին, 12,49 տոկոսի բաժնետերն էլ ռուս նախկին քաղաքական գործիչ, գործարար Միխայիլ Զուրաբովն է։ Այսինքն՝ ներկա պահին բաժնետերերի միջեւ տեղաբաշխված է կոմբինատի բաժնետոմսերի 84,6 տոկոսը։

Նկատենք, որ պետության սեփականություն հանդիսացող 21,87 տոկոս բաժնետոմսերը կառավարությունը հանձնել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (ԱՆԻՖ) հավատարմագրային կառավարմանը։ Իսկ ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահը նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է։

Այսպիսով՝ ամենեւին պատահական չէ, որ այն բանից հետո, երբ ԶՊՄԿ-ում պետությունը բաժնետոմսեր ստացավ, իսկ գլխավոր բաժնետեր դարձավ կառավարության հետ լավ հարաբերություններ պահպանող Տրոցենկոյի թիմը, կոմբինատը կրկին իր ուսերին վերցրեց Կապանի «Սյունիք» օդանավակայանի ֆինանսավորումը՝ այդպես թեթեւացնելով կառավարության եւ պետբյուջեի բեռը։ 

Այս օդանավակայանին վերաբերող այլ մանրամասների կանդրադառնանք առաջիկայում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter