
Ամերիկացի կոնգրեսականները անդրադարձել են Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի զինված ագրեսիային
Ամերիկացի կոնգրեսականները արձագանքում են ուշ գիշերը Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից նախաձեռնված ագրեսիային՝ Միացյալ Նահանգներին կոչ անելով դադարեցնել Ադրբեջանին հատկացվող ցանկացած օգնություն և խիստ արձագանքել ստեղծված իրավիճակին։
Այսպես, ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը Միացյալ Նահանգներին կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ցանկացած օգնություն։ «Հաղորդվում է, որ Ադրբեջանը հրետակոծել է Արցախում անմեղ խաղաղ բնակիչների տները և այժմ հարձակվում է Հայաստանի սահմանի վրա։ Սա հրադադարի ռեժիմի բացահայտ խախտում է և ուղղակի ոտնձգություն Հայաստանի ինքնիշխանության դեմ։ Միացյալ Նահանգները պետք է անհապաղ և ընդմիշտ դադարեցնի Ադրբեջանին տրամադրվող ամբողջ օգնությունը»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Շիֆը։
Azerbaijan has reportedly shelled the homes of innocent civilians in Artsakh and is now attacking Armenia’s border.
— Adam Schiff (@RepAdamSchiff) September 13, 2022
An egregious violation of the ceasefire and direct attack on Armenia’s sovereignty.
The U.S. must halt all assistance to Azerbaijan - immediately and permanently.
ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը դատապարտել է Ադրբեջանի կողմից Հայաստանի բնակավայրերի վրա հարձակումը: Թվիթերյան իր միկրոբլոգում ամերիկացի սենատորը գրել է, որ հայկական քաղաքների և անմեղ բնակիչների հրետակոծումն անընդունելի է և անօրինական: «Միացյալ Նահանգները պետք է հիմա դադարեցնի Ադրբեջանին անվտանգության ապահովմանն ուղղված աջակցությունը»,- գրել է Մենենդեսը։
Ամերիկացի կոնգրեսական Ջեքի Սփիրը հայտարարել է, որ վրդովված է հայկական խաղաղ քաղաքների վրա ադրբեջանական հրետանու լայնածավալ և համակարգված հարվածների մասին հաղորդագրություններից։ «Հստակ լինելու համար, դրանք միջազգայնորեն ճանաչված հայկական քաղաքներ են, ՈՉ վիճելի տարածք: Անամոթություն է, որ ԱՄՆ-ն շարունակում է ռազմական օգնություն ցուցաբերել Ալիևին»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է քաղաքական գործիչը։
Outraged by reports of heavy & coordinated Azeri artillery strikes on peaceful Armenian towns. To be clear: these are internationally recognized Armenian towns, NOT disputed territory. It's unconscionable that the US continues to provide Aliyev w/ military aid.
— Jackie Speier (@RepSpeier) September 13, 2022
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգիայի և առևտրի հանձնաժողովի նախագահ Ֆրենկ Փալոնը խստորեն դատապարտում է Ադրբեջանի անխոհեմ ռազմական հարձակումը Հայաստանի հարավի վրա։ «Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի անխոհեմ ռազմական հարձակումը Հայաստանի հարավի վրա։ Ալիևը պետք է անհապաղ դադարեցնի իր ագրեսիան։ Պետքարտուղարությունը և պետքարտուղար Էնթոնի Բլինքենը պետք է աշխատեն ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ՝ տարածաշրջանում խաղաղություն ապահովման համար»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է հանրապետական կոնգրեսականը։
Կալիֆոռնիայից հանրապետական կոնգրեսական Ջիմ Կոստան էլ նշել է, որ իր սիրտը Հայաստանի ժողովրդի հետ է և ինքը վճռականորեն աջակցում է հայերին։ «Ես դատապարտում եմ Ադրբեջանի չհրահրված հարձակումը Հայաստանի վրա։ Իմ սիրտը Հայաստանի ժողովրդի հետ է և ես վճռականորեն աջակցում եմ նրանց։ Ադրբեջանը չի ցանկանում հետևել խաղաղ կարգավորման գործընթացին, և մենք պետք է նրանց պատասխանատվության ենթարկենք»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Կոստան։
“I condemn Azerbaijan’s unprovoked attack on Armenia. My heart goes out to the people of Armenia and I stand strong with them. Azerbaijan has been unwilling to comply with the peace process and we must hold them accountable.”
— Rep. Jim Costa (@RepJimCosta) September 13, 2022
Ադրբեջանական ագրեսիային անդրադարձել է նաև Կալիֆոռնիայից հանրապետական մեկ այլ կոնգրեսական՝ Դևիդ Վալադաոն։ «Ես խստորեն դատապարտում եմ Հայաստանի վրա չսադրված հարձակումը։ Ադրբեջանական ուժերի կողմից շարունակվող ագրեսիան անընդունելի է և պետք է անհապաղ դադարեցվի»,- գրել է ամերիկացի կոնգրեսականը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
ՀՀ ՊՆ-ի հաղորդմամբ՝ հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են։
Ստեղծված իրավիճակով պայմանավորված Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է դիմել Ռուսաստանի Դաշնությանը, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։ Կառավարության փոխանցմամբ՝ համապատասխան դիմումներն արդեն իսկ ուղարկված են։
Իրավիճակի կտրուկ սրումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուշ գիշերը հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Իր հերթին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էլ հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդի հետ։
Լուսանկարը՝ Danita Delimont / Getty Images
Մեկնաբանել