HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարիքը չթաքցնող տունը․ սահմանային լարված իրավիճակը չի խանգարի, որ Գորիսում թանգարան-թեյարան բացվի

Գորիսի Խորենացու փողոցի 36 տան մուտքի մոտ փակցված փայտե «1870» գրությունը անցորդին անտարբեր չի թողնում։ Տանտերը՝ Գագիկ Գրիգորյանը, տան ներսում, կարծես, իր տոհմի 100-ամյա անցյալի ու ներկայի պահածոյացրած պատմությունն է պահում։ Եվ որոշել է՝ անկախ ներկա պատերազմական վիճակից, տունը դարձնելու է թանգարան-թեյարան։

Մինչեւ կորոնավիրուսի տարածումը մի կարճ ժամանակ թեյարանը գործում էր, բայց համավարակի ու 44-օրյա պատերազմի պատճառով այն ժամանակավորապես փակվեց։ Դադարից հետո Գագիկ Գրիգորյանը որոշել է վերաբացել թանգարան-թեյարանը, որտեղ առանձին սենյակում ցուցադրվելու է իր տոհմի պատմությունը։

Տունը, որտեղ ներկայում ապրում են Գրիգորյանները, 152 տարեկան է։ Այն կառուցել է Գագիկ Գրիգորյանի հայրական պապի պապը՝ Գրիգոր Տոռոզյանը, որ 4 տղա եւ մեկ աղջիկ է ունեցել։ Մեր զրուցակիցը նկատում է, որ իրականում իրենց տոհմը Տոռոզյան է, հետագայում, սակայն, իր պապն ազգանունը փոխել է Գրիգորյանի։

Գագիկ Գրիգորյանի տատը՝ Սանամ Մելիք-Նուբարյանը կամ Տեր-Մովսիսյանը (երկու ազգանուններն էլ կրում էր, ապրել է 104 տարի), արմատներով Շիկահողից էր։ Սանամ տատի հայրական տունը Տոռոզյանների տան հարեւանությամբ է։ 1870-1882 թթ․ այդտեղ է ապրել Սանամ տատի եղբայրը՝ հայտնի հայ հոգեւորական Մեսրոպ արքեպիսկոպոս Տեր-Մովսիսյանը։

Հետագայում Տեր-Մովսիսյանների տունը դարձել է Ուսուցչի տուն, որն անցյալ տարի պետությունը վաճառեց 32 մլն դրամով։ Այդուհանդերձ, հիմա էլ այս տունը Գորիսի պատմամշակութային հուշարձաններից է։ Ժամանակին այս տանն են հյուրընկալվել հայ կաթողիկոսներից Խրիմյան Հայրիկը, Վազգեն Ա վեհափառն ու Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Բ-ն (հետագայում՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա)։ Գագիկ Գրիգորյանը մինչ օրս պահում է «Գրական թերթի» այն օրինակը, որտեղ գրող Սերո Խանզադյանը պատմում է, թե ինչպես 1903 թ․ Խրիմյան Հայրիկն Արցախից Տաթեւ գնալիս հյուրընկալվել էր Տեր-Մովսիսյաններին։

Հատկանշական է, որ Գորիսի պատմամշակութային հուշարձանների ցանկում ներառված է ոչ միայն Տեր-Մովսիսյանների, այլեւ Տոռոզյանների տունը։ Վերջինիս առաջին հարկում հիմա ներկայացված է Գորիսի պատմական կենցաղն ու մշակույթը։

Մուտքի դուռը բացելուց հետո ներսում զգում ես սարի ծաղիկների բույրը, որոնք թեյ պատրաստելու համար Գագիկ Գրիգորյանը գնում է հարեւանից։ Ծաղիկները դրված են ընտանեկան հին բազմոցին, որի շուրջ գրեթե ամեն առարկա նվազագույնը 100 տարեկան է։ Տպավորություն է, թե այստեղ ժամանակը հետ են տվել, եւ ներսի թույլ լուսավորումը մթնոլորտը դարձնում է փոքր-ինչ խորհրդավոր։

Գագիկ Գրիգորյանն ասում է՝ մեր տեսած իրերը հիմնականում 100 տարեկան եւ ավելի են։ Ու մենք սկսում ենք խոսել դրանց մասին հատ-հատ։

Օրինակ՝ Սանամ տատի գործած կարպետը 1908 թվի է։ Այն տարիներին հայ կանանց շրջանում գորգագործությունն ու կարպետագործությունը տարածված երեւույթ էին։ Ընդ որում՝ այս կարպետն ավարտելու հաջորդ օրը ծնվել է Գագիկ Գրիգորյանի հայրը։

Մուտքի դռան մոտ փայտյա օրորոցն է։ Տանտերն ասում է, որ ժամանակին հայրն է քնել այդտեղ, հետո՝ նաեւ իրենք։ Օրորոցը կապում էին երկու գերաններից եւ ճոճում։ Այն հիմնականում ամառն էր օգտագործվում։

100 տարվա սրճեփն ենք նայում։ Գագիկ Գրիգորյանն ասում է՝ Գորիսում շատերը գիտեն, որ քաղաքում առաջին սուրճն իրենց տանն է եղել․ Սանամ տատը Թիֆլիսի սովորությունները Գորիս էր բերել։

Կենցաղային իրերի կողքին գրքեր ու նամակներ են, որոնցից հատկապես երկուսը զրուցակցիս հատուկ ուշադրությամբ է ցույց տալիս։ Դրանցից մեկը արքեպիսկոպոս Տեր-Մովսիսյանի աշխատությունն է, որն Աստվածաշնչի հայերեն թարգմանության պատմությունն է ներկայացնում, իսկ երկրորդը՝ Կոմիտասի նամակն է արքեպիսկոպոսին։ Վերջինս մտերիմ էր Կոմիտասի հետ։

100-ամյա իրերի կողքին Գագիկ Գրիգորյանն ավելացրել է նորերը, սակայն դրանք թեյարանի համար են նախատեսված։

Երկհարկանի բնակելի տան առաջին հարկն ամբողջությամբ, ասես, պատմության մի հաստ շերտ է կամ կինոժապավեն, որ անընդհատ թերթում ես։ Հարեւան սենյակում, որ ավելի փոքր է, Գագիկ Գրիգորյանը գրեթե ավարտին է հասցրել թեթեւ վերանորոգումը։ Հենց այս սենյակում էլ լինելու է նրանց (Տոռոզյան-Գրիգորյանների ու Մելիք-Նուբարյաններ կամ Տեր-Մովսիսյանների) տոհմական թանգարանը։

Ներս մտնելուց զրուցակիցս ցույց է տալիս պատի խոռոչը, որը փոքրիկ աղոթատեղի է դարձրել՝ մոմ ու լուցկի դրել այնտեղ։ Այն պատահական է գտել՝ պատի սվաղը քանդելու ժամանակ։

1990-ականներին տան ամբողջ առաջին հարկը Գագիկ Գրիգորյանը դարձրել էր տեքստիլի արտադրամաս։ Ինքն էլ ավարտել է Մոսկվայի տեքստիլի եւ թեթեւ արդյունաբերության ինստիտուտը։ Արտադրում էին գուլպաներ, շապիկներ, արտադրանքը հիմնականում արտահանվում էր Ռուսաստան։ Աշխատել են մոտ 15 տարի, բայց հետո սկսեցին վնասով աշխատել, քանի որ, տանտիրոջ պատմելով, Թուրքիայից ու Չինաստանից ներկրումներն անհավասար պայմաններ ստեղծեցին շուկայում։ Հիմա էլ, սակայն, հաստոցները կան։

Հայաստանի սահմաններին ու, մասնավորապես, Գորիսում լարված անվտանգային իրավիճակը Գագիկ Գրիգորյանին հետ չի պահել իր ծրագրերից։

Մեկնաբանություններ (1)

Արմինե Ավագյան
Եթե համացանցի ստեղծման ժամանակից ի վեր Սյունիքը և Գարեգին Նժդեհը նման գեղեցիկ հոդվածներով շաաատտտ լուսաբանվեր,մի գուցե շատերը հասկանային ,որ սահմանից պետք է սկսել Հայրենիքի հզորացումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter