HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ալիևը որոշակի լավատեսություն է տեսնում Հայաստանի հետ խաղաղության գործընթացում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն որոշակի լավատեսություն ունի Հայաստանի հետ խաղաղության գործընթացի նկատմամբ։ Այդ մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։ 

«Ադրբեջանը ցանկանում է վերջ դնել թշնամությանն ու ատելությանը և խաղաղության նոր էջ բացել։ Մենք որոշակի լավատեսություն ունենք խաղաղության գործընթացի նկատմամբ, որովհետև վերջերս, մի քանի օր առաջ, կայացել էր Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որը նմանատիպ առաջին հանդիպումն էր խաղաղության պայմանագրի նախագծի պատրաստման օրակարգով։ Մենք հույս ունենք, որ դա երկար ժամանակ չի զբաղեցնի»,- ասել է Ալիևը՝ Աղդամ քաղաքում Ազգային քաղաքաշինական համաժողովի ժամանակ։

Ինչպես հավելել է Ադրբեջանի նախագահը, Բաքվին «հայտնի է այն մարտավարությունը, որը Երևանը կիրառում է, երբ չի ցանկանում փոխզիջման գնալ»։ «Եթե այն շարունակվի, ապա խաղաղություն չի լինի։ Եթե Հայաստանի ընտրությունն այդպիսին լինի, ապա դա նշանակում է, որ նա թույլ կտա մեկ այլ լուրջ սխալ»,- հայտարարել է Ալիևը։ 

Նա կոչ է արել ակտիվորեն աշխատել երկու երկրների միջև սահմանների սահմանազատման ուղղությամբ։ «Հույս ունենք, որ Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հարցերով համապատասխան հանձնաժողովները, ժամանակ չկորցնելով, ակտիվորեն կաշխատեն երկու երկրների միջև սահմանների որոշմամբ, որը փաստացի գոյություն չունի»,- հավելել է նա։ Վերջինիս խոսքով՝ այդ աշխատանքը պետք է իրականացվի պատմական փաստաթղթերի և քարտեզների, միջազգային փորձի ու որոշակի մեթոդաբանության հիման վրա։

Հիշեցնենք, փետրվարի 2-ին Ժնևում կայացել էր Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Դրանից առաջ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ չնայած Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին՝ հայկական կողմը կմասնակցի հանդիպմանը։

«Ուստի անհիմն են Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություններն առ այն, որ Հայաստանը փորձում է խափանել բանակցությունները։ Հայաստանը, ինչպես նախկինում, այժմ էլ կառուցողական է՝ նպատակ ունենալով հասնելու տևական խաղաղության Հարավային Կովկասում, և նույնն ակնկալում է Ադրբեջանից»,- ասված էր ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Նախօրեին երկու երկրների արտաքին գործերի նախարարները համատեղ հեռախոսազրույց էին ունեցել նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, որի ընթացքում կողմերն իրենց կարծիքներն են ներկայացրել հոկտեմբերի 2-ին Ժնևում կայացած հանդիպման վերաբերյալ: «Արարատ Միրզոյանը վերահաստատել է ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական ԶՈՒ դուրսբերման, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների շուտափույթ հայրենադարձման ու հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը: Շեշտվել է ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի միջոցով խնդիրների կարգավորման անընդունելիությունը։ <...> Հեռախոսազանգի ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման ու Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման վերաբերյալ»,- ասվում էր հայկական արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։

Այսօր էլ հայտնի դարձավ, որ Պրահայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում քառակողմ հանդիպում է ունենալու Ադրբեջանի, Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի նախագահների հետ, որի ընթացքում քննարկվելու է վերջին զարգացումները։ Նախատեսվում է, որ Փաշինյանը կհանդիպի նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Լուսանկարը՝ APA գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter