
Ինչ նկատառումներով Կարեն Անդրեասյանը գնաց ԲԴԽ
Ազգային ժողովը երեկ արտահերթ նիստով ընտրեց Բարձրագույն դատական խորհրդի երկու անդամների` նախօրեին հրաժարականի դիմում ներկայացրած արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին և արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցին: Նրանց թեկնածությունն առաջադրել էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, որն էլ իր 67 պատգամավորով ընտրեց: Ընդդիմությունը չէր մասնակցում նիստին:
Այսօր ԲԴԽ անդամները Կարեն Անդրեասյանին ընտրեցին նախագահի պաշտոնում:
Քաղաքական շրջանակներում գրեթե չեն թաքցնում, իսկ դատական համակարգում արդեն գիտեն, որ իշխանությունները Կարեն Անդրեասյանին «գործուղում» են ԲԴԽ, որպեսզի վերահսկի «անհնազանդ» դատավորներին, իսկ վերահսկողությունից դուրս եկածներից՝ ազատվի: Ընդ որում, պարզ էր, որ Անդրեասյանը ԲԴԽ է գնում ոչ թե շարքային անդամ լինելու, այլ նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հիշեցնենք՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները 2021թ. ապրիլի 15-ից կասեցվել էին որպես Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր և ԲԴԽ նախագահ: Իսկ այս տարվա հունիսի 23-ին ԲԴԽ-ն դադարեցրեց նրա լիազորությունները:
2021թ.-ի ապրիլից, որպես տարիքով ավագ, օրենքի ուժով ԲԴԽ նախագահի պաշտոնակատար էր դարձել Գագիկ Ջհանգիրյանը: Այս տարվա հուլիսի 1-ից՝ վերջինիս հրաժարականից հետո, ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է դարձել Սերգեյ Չիչոյանը:
Ազգային ժողովի իր ելույթում ԲԴԽ անդամի թեկնածու Կարեն Անդրեասյանը խոստացավ, որ եթե լինի վստահության քվե, ինքը կլինի ԲԴԽ-ի արդար գործող դատավորներից մեկը:
«Արդար դատարանը միշտ եղել է իմ երազանքը, և սա հնարավորություն է, ի վերջո, իմ երազանքին մոտենալու»,-ասաց Կ. Անդրեասյանը:
Անդրեասյանը երեկ մի քանի տասնյակ անգամ օգտագործեց «արդար» բառը: Մասնավորապես, իր խոսքում նշեց, որ ԲԴԽ անդամը միայն մեկ անելիք ունի` «քվեարկել արդար», այնուհետև նշեց, որ ԲԴԽ-ում մի քանի «շատ արդար մարդիկ» սպասում են, որ «արդար ձայների քանակն այնտեղ ավելանա»:
Իրեն համարելով «արդար ձայնի» տեր՝ Անդրեասյանը հայտարարեց. «Ես գնում եմ դառնալու այդ մեկ ավել ձայնն այն կշեռքում, որը կշռելու է դեպի արդարություն»: Այնուհետև նշեց, որ «բոլորս լծվելու ենք մի աշխատանքի` մաքրել դատական համակարգն անարդարություններից»:
Սակայն, իշխող խմբակության պատգամավորների առանց այդ էլ ոչ սուր հարցերին տրված պատասխաններից պարզ դարձավ, որ արդարության կողմնակից Անդրեասյանն այդքան էլ արդար նկրտումներով չի գնում ԲԴԽ: Ճիշտ է, ուղիղ տեքստով չասաց այդ մասին, սակայն պոռթկումների ժամանակ չկարողացավ թաքցնել:
Օրինակ՝ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի հարցին տված պատասխանը: Տիգրանյանը հետաքրքրվեց Անդրեասյանի՝ Մարդու իրավունքների պաշտպան աշխատած ժամանակ հրապարակված 2013թ. զեկույցից, որտեղ խոսվում էր դատական համակարգի կոռուպցիայի, դատավորների կաշառքների սակագների մասին: Պատգամավորը հարցրեց՝ արդյոք այդ զեկույցն օգնելու է Անդրեասյանին, թե կարող է կաշկանդել ԲԴԽ անդամի կարգավիճակում: Թեկնածու Անդրեասյանը մտածելու տեղիք տվող պատասխան տվեց. հայտարարեց, որ արդեն մոռացել է այդ զեկույցի մասին՝ ակնարկելով, որ սկսելու է «զրոյական» կետից:
«Ես կենտրոնացած եմ այսօրվա իմ փաստական տվյալների վրա: Ես հիմա գնում եմ դատական համակարգ, այսինքն` ուզում եմ գնալ, եթե գնամ դատական համակարգ, ես կենտրոնանալու եմ այն մեկ տարվա, օրինակ, ինֆորմացիայով, որ ես կուտակել եմ որպես նախարար: Ինձ դա լրիվ բավական է: Ինձ պետք չի գնալ հետ` 2013 թվական: Ուղղակի կան մարդիկ, որոնք այն զեկույցից դեռ սարսափած, հիմա էլ կարծելով, որ հիշաչարությամբ, վենդետաների ինչ-որ մտքերով եմ ես առաջնորդվում, վախեցած, որ դեռ անցած տարի սեպտեմբեր-հոկտեմբերին տարբեր հարձակումներ են կազմակերպել: Իրենց թվում է, որ եթե ես հայտնվեմ ԲԴԽ-ում, լինելու եմ իրենց պես կամ իրենց որոշ ընկերների պես»,-ասաց Կարեն Անդրեասյանը՝ երաշխավորելով, որ «վրեժխնդիր» չի լինելու:
Փաստացի, Կարեն Անդրեասյանը ցույց տվեց, որ գնում է դատավորներին պատժելու, քանի որ նախարար աշխատած տարիներին դատավորների վերաբերյալ տեղեկություններ է կուտակել: Այն, որ Անդրեասյանը դատավորներին պատժելու կողմնակից է, նրա կուտակած տեղեկությունները վերաբերում են պատժողական քաղաքականությունն ընդլայնելուն, երևում է նրա՝ արդարադատության նախարարի մեկ տարվա աշխատանքային գործունեությունից: Պարզ օրինակ. ԲԴԽ-ում այսօր քննվող դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու 4 գործերից 3-ով վարույթ հարուցել է նախարարը:
Ընդհանրապես, եթե դիտարկենք վերջին մեկ տարվա կտրվածքով, դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունների մեծ մասը արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանինն է եղել:
Նախարարի հարուցած վարույթներով դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունների զգալի մասը մերժվել է ԲԴԽ-ի կողմից: Պարզ է, որ այդ ամենն Անդրեասյանը չի մոռացել: Նա գնում է ԲԴԽ այդ «սխալը» շտկելու և հաջորդ արդարադատության նախարարի (ամենայն հավանականությամբ՝ փոխնախարար Գրիգոր Մինասյանի-հեղ.) միջնորդությունները բավարարելու:
Անդրեասյանի թեկնածությունը խոցելի էր նաև քաղաքական առումով: Նա Փաշինյանի իշխանության կողմնակիցներից է: Դատական համակարգը Սահմանադրության պահանջով պետք է հեռու լինի քաղաքականությունից: Մինչդեռ Անդրեասյանի դեպքում հնարավոր չէ ասել, որ նա քաղաքականացված չէ: Դեռևս իշխանափոխության սկզբից աչքի էր ընկնում իշխանահաճո վարքագծով: Այդ էր պատճառը, որ 2021թ. օգոստոսի 3-ին նշանակվեց նախարարի պաշտոնում:
Անդրեասյանը 2022թ. հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 20-ը եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Կենտրոն վարչական շրջանի տարածքային խորհրդի նախագահը: Սա ցույց է տալիս իր սերտ կապը իշխող կուսակցության հետ: Ճիշտ է, իր նոր կարգավիճակում նա քաղաքականությամբ զբաղվելու իրավունք չունի, սակայն նրա կուսակցական անցյալը փաստ է:
Նա ԱԺ-ում նույնիսկ հիշատակեց հեղափոխության մասին՝ չթաքցնելով իր վերաբերմունքն անցանկալի դատավորների նկատմամբ:
«Ես կարծում եմ, որ հեղափոխություն լինելու հիմքերից մեկն էլ այդ անարդարություններն էին, հենց նույն դատական համակարգում: Ամբողջ ցասումը, զայրույթը, որ կուտակվել էր, նրանից էր, որ ինչ-որ պահի, ինչ-որ մարդիկ լսեցին, որոնք դատավորի պատմուճանի մեջ էին, իրենց դատավոր ասելն էլ իմ համար արդար չի, լսեցին, որ դատավորը պիտի լինի անկախ և իրենք իրենց զգացին անկախ` տրամաբանությունից մինչև օրենք»,-ասաց Կ. Անդրեասյանը:
Ավելին, որպես խոսքի շարունակություն բացառեց, որ դատական համակարգը կախվածություն ունի այսօրվա իշխանություններից՝ դրանով ցույց տալով իր կողմնակալ վերաբերմունքն իշխանությունների նկատմամբ: Անկասկած, Անդրեասյանը դառնալու է իր այս հայտարարության «զոհը», քանի որ կաշկանդվելու է նոր պաշտոնում որոշումներ կայացնելիս: Այնուհետև անդրադարձավ նախկինում «Բաղրամյան 26»-ից՝ նախագահական նստավայրից դատական համակարգը կառավարելուն:
«Իրենց անկախությունը վերջանում էր Բաղրամյան 26-ի մատույցներում: Այս տրամաբանությամբ եկած դատական համակարգը հիմա էլ ունի մեկ ուրիշ տրամաբանություն: Հիմա էլ իսկապես անկախ են քաղաքական իշխանությունից, արդարները, լավերը ու շատ են իրենք, դատավորները և արդար են և անկախ են, բայց պահում են օրենքի տառը, իրավունքի ոգին, իսկ մի քանիսը դեռ շարունակում են կախված մնալ իրենց անձնական շահերից, իրենց նախկին կապերից և մի գուցե Բաղրամյան 26-ի կարոտախտից»,-ասաց Անդրեասյանը:
Մեկնաբանել