
Ընդդեմ ԲԴԽ-ի. Առաջխաղացման ցուցակներից հանված դատավորները դիմում են դատարան
Հանրապետության նախագահի առարկությունների հիմքով առաջխաղացման ցուցակներում չընդգրկված դատավորները շարունակում են հայցադիմումներ ներկայացնել Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) դեմ՝ փորձելով դատարանի միջոցով վերականգնել իրենց իրավունքները:
Բարձրագույն դատական խորհուրդը 2022թ. օգոստոսի 4-ին որոշել է 10 դատավորի կամ թեկնածուի հանել առաջխաղացման և հակակոռուպցիոն մասնագիտացման թեկնածուների ցանկից՝ պատճառաբանելով, որ Հանրապետության նախագահը հուլիսի 22-ին և օգոստոսի 1-ին գրություններով առարկություններ է ներկայացրել:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Ստեփանյանի անունը ևս հանվել է Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնից: Նա հոկտեմբերի 3-ին հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ ԲԴԽ-ի:
Տաթևիկ Ստեփանյանը դատական կարգով ԲԴԽ-ից պահանջում է չընդունված համարել Նախագահի առարկությունները: Իր մասով վերացնել ԲԴԽ վերը նշված որոշումը և որպես հետևանք, իրեն նշանակել Վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորի պաշտոնում՝ այդ մասին իրազեկելով նախագահին:
Նմանատիպ պահանջ ներկայացրել է նաև Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանը: Նա էլ պահանջում է դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժնից հանելու մասով վերացնել ԲԴԽ-ի որոշումը և չընդունել նախագահի առարկությունները՝ այդ մասին իրազեկելով վերջինին:
Հիշեցնենք, որ Նաիրա Ավետիսյանը դատական կարգով վիճարկում էր նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրամադրած բարեվարքության եզրակացությունը: Ավետիսյանը պահանջում էր այլ կերպ շարադրել եզրակացության մեջ տեղ գտած փաստերը:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բարեվարքությանը վերաբերող եզրակացություններն օրենքով հրապարակման ենթակա չեն, և հանրությունն այդպես էլ չի տեղեկացվում, թե այս կամ այն պաշտոնում նշանակվող անձն ինչպիսի արժանիքներ կամ թերություններ ունի և բարեվարքության «թեստն» ինչպես է հաղթահարել:
Դատավորի գործավարը փոխանցել էր, որ վարչական դատարան ներկայացված դիմումը վերաբերում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացության մեջ տեղ գտած խեղաթյուրումներին: Ըստ գործավարի՝ գույքի ու եկամուտների հայտարարագրերում դատավորի նշած տվյալները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր եզրակացությամբ խեղաթյուրել և ոչ ճիշտ է ներկայացրել:
Վարչական դատարանը, դատավոր Գևորգ Սոսյանի նախագահությամբ, մերժել էր դատավորի դիմոըմը վարույթ ընդունել՝ պատճառաբանելով, որ վերոնշյալ եզրակացությունը հատուկ վարույթով փաստի հիմքով վիճարկելու դիմումը չի համապատասխանում վարչական դատավարության օրենսգրքի չափանիշներին և այն չի կարող քննվել այդ չափանիշներով սահմանված կարգով:
ԲԴԽ-ի նույն որոշումը Վարչական դատարանում վիճարկում է վարչական դատարանի դատավոր Մերի Համբարձումյանը: Նա պահանջում է իր մասով չընդունել և անվավեր ճանաչել Հանրապետության նախագահի առարկություն և ԲԴԽ-ի որոշումը՝ Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժնից անունը հանելուն:
Հայցադիմումը վարչական դատարանում մուտք է եղել երեկ՝ հոկտեմբերի 10-ին:
Վճռաբեկ դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանն էլ պահանջում է իրավունքի ուժով ճանաչել իրեն Վճռաբեկ դատարանի վարչական պալատի նախագահ նշանակելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագիրն ընդունված լինելու իրավահարաբերության առկայությունը:
Նշենք, որ ավելի վաղ Ռուզաննա Հակոբյանը հայցադիմում է ներկայացրել ԲԴԽ դեմ: Դատավորը պահանջում է անվավեր ճանաչել ԲԴԽ-ի որոշումը, որով ընդունել է Հանրապետության նախագահի առարկությունը՝ Ռուզաննա Հակոբյանին Վճռաբեկ դատարանի վարչական պալատի նախագահի պաշտոնում նշանակելու վերաբերյալ:
Գործը մակագրվել է դատավոր Կարեն Զարիկյանին: Վերջինիս նախաձեռնությամբ Հանրապետության նախագահը գործում ներգրավվել է, որպես երրորդ անձ:
Մեկ այլ վարչական գործով էլ դատավոր Ռուզաննա Հակոբյանը Դատական դեպարտամենտից պահանջում է ձեռնպահ մնալ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորների ցուցակը կազմելու և նշված պալատի նախագահի նոր ընտրություն կատարելու նպատակով ԲԴԽ ներկայացնելու գործողության կատարումից:
Վարչական դատարանը, Ռուզաննա Հակոբյանի՝ հայցի ապահովման միջնորդության հիման վրա, պարտավորեցրել է Դատական դեպարտամենտին ձեռնպահ մնալ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորների ցուցակը կազմելու և նշված պալատի նախագահի նոր ընտրությունը կատարելու նպատակով Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացնելու գործուղության կատարումից:
Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից հանելու մասով ԲԴԽ-ի որոշումն իր մասով վերացնելու պահանջով վարչական դատարան է դիմել նաև Պավել Թադևոսյանը: Որպես հետևանք` պահանջում է նաև չընդունել նախագահի առարկությունները և այդ մասին իրազեկել վերջինին:
Նշենք, որ Պավել Թադևոսյանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանի որդին է: Նա վերաքննիչ դատարանում դատավոր դառնալու համար պայքարում է գիտնական լինելու ուժով: ԵՊՀ-ում դասախոս է, իրավաբանական գիտությունների թեկնածու:
Մեկնաբանել