HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուբեն Սաֆրաստյան․ Թուրքիան շտապում է երկու պատճառով

Հարցազրույց ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ

-Պարոն Սաֆրաստյան, Պրահայում Փաշինյանն ու Էրդողանը հանդիպեցին առաջին անգամ։ Ինչպե՞ս կբնութագրեք այդ հանդիպումը, արդյոք այն ճանաչողական էր, թե՞ այլ շերտեր էլ կային։ Պաշտոնական հաղորդագրության մեջ կրկնվում են այն կետերը, որոնք նախկինում եղել են։ Արդյոք միայն դրանք են եղել՝ Ձեր տեղեկություններով։

-Տեղեկություններ չունեմ, բայց կարող եմ իմ տպավորություններով կիսվել։ Իմ տպավորությունն այն է, որ առանձնապես սկզբունքային հարցեր հաջորդական հարաբերությունների առումով չեն քննարկվել։ Գիտե՞ք, թե ինչի վրա են հիմնվում իմ տպավորությունները, որ երկար չի տեւել հանդիպումը՝ 1 ժամ կամ հավանական է՝ ավելի պակաս։ Եվ երկրորդ՝ առանձնազրույց չի եղել Փաշինյանի եւ Էրդողանի միջեւ։ Այսինքն՝ դա վկայում է այն մասին, որ այնպիսի հարցեր են քննարկվել, որոնք մինչ այդ քննարկվել են։ Նոր, սկզբունքային հարց, որը կնշանակեր, որ հայ-թուրքական հարաբերություններում նոր երեւույթներ են ի հայտ գալիս, չկա։ Իմ եզրակացությունը, որ հենվում է տպավորության, այլ ոչ թե տեղեկության վրա, այն է, որ սա եղել է զուտ ճանաչողական հանդիպում։ Առաջին հանդիպումն էր երկու երկրների ղեկավարների միջեւ, եւ պարզ չէ՝ շարունակություն կլինի՞, թե՞ ոչ։

-Ձեր կարծիքով՝ մինչ այս ձեռք բերված պայմանավորվածություններն արդյոք իրականություն կդառնան, թե՞ նախկինի պես Ձեր նշած 4 նախապայմաններով կշարունակեն առաջնորդվել։

-Այդ հանդիպումից հետո Էրդողանը հանդես եկավ մամլո ասուլիսով, որտեղ հետեւյալ արտահայտությունն արեց՝ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են պահանջներ, չասաց, թե ինչ պահանջներ են։ Այսինքն՝ դրանից եզրակացնում եմ, որ փաստորեն, այն նախապայմանները, պահանջները, որոնք Թուրքիան վերջին շրջանում առաջ է քաշում՝ կապված հայ-թուրքական հարաբերությունների հետ, այդ երկիրը նորից կրկնել է։ Իսկ դրանցից առաջինն այն է, որ Հայաստանը պետք է ստորագրի պայմանագիր Ադրբեջանի հետ, եւ Արցախը ճանաչվի որպես Ադրբեջանի մաս։ Դրա մասին Էրդողանն էլ է պաշտոնապես խոսել, Չավուշօղլուն էլ է խոսել։

Արդեն ակնհայտ է, որ սա Թուրքիայի կողմից նախապայման-պահանջ է, ինչպես ձեւակերպում է Էրդողանը։ Եվ այստեղ պետք է նաեւ հաշվի առնենք, որ թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան հայտարարել են, թե շահագրգռված են, որ միջանցք լինի, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցք»։ Չի բացառվում, որ դա եւս քննարկվել է, եւ Թուրքիայի կողմից որպես պահանջ ներկայացվել։ Մինչ այդ բանակցությունները Թուրքիայի կողմից պաշտոնական հայտարարություններ լսել ենք դրա մասին։ Այնպես որ, այս երկուսը ներկա փուլում, կարծում եմ, առաջնային նշանակություն ունեն Թուրքիայի համար։

Իսկ հետո արդեն 25 տարվա ընթացքում Թուրքիան ունեցել է նախապայմաններ՝ կապված Հայոց ցեղասպանության, Կարսի պայմանագրի հետ։ Եթե մինչ այս Թուրքիան դրանք չի ներկայացրել, իմ կարծիքով, կներկայացնի հետագա փուլերում։

-Շարունակո՞ւմ եք այն կարծիքին մնալ, որ հայ-թուրքական չորրորդ բանակցություններն էլ կձախողվեն՝ դատելով ընթացիկ հանդիպումներից ու հայտարարություններից։

-Այնպիսի հարց եք տալիս, որի պատասխանը միանշանակ չեմ կարող ունենալ։ Ինձ թվում է (սա եւս տպավորության մակարդակով եմ ասում, քանի որ տեղեկությունները քիչ են), որ առաջիկա փուլում Թուրքիան շահագրգռված չէ շարունակել բանակցային գործընթացը Հայաստանի հետ, որն սկսվել է Քըլըչի ու Ռուբինյանի միջեւ։ Թուրքիան ներկա փուլում կձգտի ամեն ինչ անել, որ  վերը նշածս երկու նախապայմանները Հայաստանն ընդունի կամ դրանցից գոնե մեկը՝ Արցախի հիմնահարցի վերաբերյալ։ Եվ մինչեւ դա չլինի, կարծում եմ, Թուրքիան չի գնա այդ բանակցությունների շարունակության։

-Նախկինում մեզ հետ հարցազրույցի ժամանակ էլ նշեցիք, որ Թուրքիան բանակցում է Հայաստանի հետ ոչ թե հարաբերությունների, այլ կոնկրետ հարցերում զիջումներ ստանալու համար։

-Միանգամայն այո, այդ միտքը իմ վերլուծությունների արդյունք է։ Դա եղել եւ մնում է, Թուրքիայի համար ներկա փուլում կարեւորը դա է։ Հետագայում եթե Թուրքիան հասնի այդ նպատակի իրականացմանը, ինձ թվում է, բանակցությունները կշարունակվեն, եւ Թուրքիան կսկսի մտածել իր այն ավանդական նախապայմանների մասին, որոնց մասին խոսեցինք։ Այսինքն՝ կարեւոր հանգամանք կա այստեղ․ Թուրքիայի հարաբերությունները Հայաստանի հետ ունեն որոշակի, բայց ոչ կարեւոր նշանակություն, քանի որ Հայաստանը տնտեսական առումով առանձնապես չի հետաքրքրում Թուրքիային։ Մյուս կողմից՝ Հայաստանը ռազմական առումով վտանգ չի ներկայացնում Թուրքիայի համար։ Այնպես որ, այս ամենակարեւոր երկու հանգամանքը Թուրքիային չի ստիպում, որ Հայաստանի հետ գնա իրական բանակցությունների։ Դրա համար բանակցությունների ընթացքում լուծում է այլ խնդիրներ։

Մի հանգամանք ուզում եմ ընդգծել, որն իմ վերլուծությունների արդյունքն է՝ մենք պետք է վերագնահատենք Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունը։ Իմ գնահատմամբ՝ մեր տարաշրջանում Թուրքիան հիմա լուծում է ոչ թե երկկողմանի խնդիրներ, այլ ավելի շատ ռազմավարական խնդիր՝ տարածաշրջանում հասնել գերակշռող դիրքի։ Այդ նպատակը Թուրքիայում եղել է Խորհրդային Միության փլուզումից հետո, բայց հիմա սկսվել է այն փուլը, երբ փորձում է այդ նպատակը իրականություն դարձնել։ Եվ այս տեսակետից է Թուրքիան մոտենում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։

-Ռուս–ուկրաինական պատերազմի ֆոնին Թուրքիան տարածաշրջանում զգալիորեն ակտիվացել է։ Սա ինչի՞ կարող է հանգեցնել։

-Այստեղ միայն Թուրքիան չէ։ Տարածաշրջանում տեսնում ենք մի քանի գործընթաց, դրանցից մեկն արդեն նշեցինք՝ Թուրքիան ձգտում է իր դերն ավելի կարեւոր դարձնել տարածաշրջանում, դա, իհարկե, այնպիսի նպատակ է, որ միանգամից չի իրականացնի, ժամանակ է պահանջվում։ Կան այլ գործընթացներ, որոնցից մեկը Ռուսաստանի թուլացումն է տարածաշրջանում, կարող ենք արձանագրել, որ Ռուսաստանի նշանակությունը, կարծես թե, թուլանում է՝ կապված ռուս-ուկրաինական պատերազմով։

Բայց մեկ այլ կարեւոր գործընթաց կա, որն ակնհայտ է դառնում՝ ԱՄՆ-ի ակտիվացումն է մեր տարածաշրջանում։ Կարող ենք արձանագրել, որ եթե ներկան համեմատենք Թրամփի նախագահության շրջանի հետ, ապա ԱՄՆ-ն մանավանդ վերջին ամիսներին ակտիվացրել է իր քաղաքականությունը մեր տարածաշրջանում։ Բացի Փելոսիի այցից՝ տեսնում ենք, որ  հանդիպումներ, զրույցներ, հեռախոսազրույցներ են տեղի ունենում ամերիկյան բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների հետ, այսինքն՝ ամերիկացիները, իմ կարծիքով, գնահատելով Ռուսաստանի թուլացումը, ցանկանում են ավելի ակտիվանալ այս տարածաշրջանում։ Իմ գնահատմամբ՝ Թուրքիան ինչու՞ է շտապում․ բացի նրանից, որ ուզում է (քանի պարտությունը համեմատաբար նոր է Հայաստանի համար)՝ Ադրբեջանն իր նպատակին հասնի, նաեւ շտապում է, քանի որ մտավախություն ունի, որ ԱՄՆ-ն կարող է ավելի լայնածավալ քաղաքականություն իրականացնել տարածաշրջանում՝ այստեղ վերցնելով հիմնական պատասխանատվությունը։ Իսկ քանի դեռ դա տեղի չի ունեցել, Թուրքիան շտապում է լցնել այդ որոշակի վակուումը։ Հետաքրքիր զարգացումներ կարող են լինել։

Հաջորդ գործընթացը Եվրամիության ակտիվացումն է մեր տարածաշրջանում, որն արդեն կոնկրետ ձեւեր ունի։ Գիտենք, թե Բրյուսելում ինչ քննարկումներ են տեղի ունենում։

Սրան կավելացնենք (գործընթաց չէ, բայց որոշակի դիրքորոշում է) Իրանի դիրքորոշումը։ Վերջինս կոնկրետ գործողություններ չի իրականացնում այստեղ, բայց գոնե կոնկրետ հայտարարությունների մակարդակով փորձում է արտահայտել իր դիրքորոշումը։ Այն կապված է, ինչպես գիտեք, սահմանների անփոփոխ մնալու հետ։ Իրանը շատ զգայուն է Սյունիքում ադրբեջանական ագրեսիվ գործողությունների նկատմամբ։

Տարածաշրջանում մի նոր փուլ է սկսվում։ Եթե մինչեւ 44-օրյա պատերազմը տարածաշրջանն անջատված էր համաշխարհային գործընթացներից, եւ այստեղ միանձնյա կարեւոր դեր էր խաղում Ռուսաստանը, տեսնում ենք, որ հիմա ակտիվացել են այլ խաղացողներ եւս։ Որպես Հարավային Կովկաս՝ ներգրավվում ենք համաշխարհային գործողությունների մեջ։ Եթե ավելի լայն նայենք, ապա տեղի է ունենում գոյություն ունեցող աշխարհակարգի թուլացում կամ նույնիսկ փլուզում եւ նոր աշխարհակարգի ձեւավորում։ Եվ մեր տարածաշրջանը գտնվում է այդ գործընթացների շրջանակում։ Սա լավ է, թե վատ, այլ խնդիր է, ես փաստն եմ արձանագրում։

-Այսինքն՝ շահերի վերաձեւման փուլում տարածաշրջանը հեռու է խաղաղությունից, եթե կոպիտ ձեւակերպենք։

-Այո, եւ, իհարկե, այստեղ շատ կարեւոր նշանակություն ունեցավ 44-օրյա պատերազմում մեր պարտությունը, ինչը հնարավորություն տվեց, որ տարածաշրջանում այս բոլոր գործընթացներն ի հայտ գան ու արագ տարածվեն։

Լուսանկարը՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter