HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

«Սարտեքսն» արձագանքել է «Հետքի» հրապարակմանը

Հոկտեմբերի 6-ին «Սարտեքս» հայ-իտալական ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա էին արել, որի մասին գրել ենք։

Հոդվածի հրապարակումից հետո Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը «Հետքի» հրապարակման հիման վրա «Սարտեքս» ընկերության վերաբերյալ վարչական վարույթ է հարուցել։

«Սարտեքսի» տնօրեն Սուրեն Մկրտումյանը հերքում է հրապարակել, որում, մասնավորապես, նշվում է, թե հոդվածում առկա տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

Հիշեցնենք, որ բողոքի ակցիայի օրը «Հետքը» փորձել էր խոսել նաև «Սարտեքս» ընկերության տնօրինության հետ, բայց անվտանգության աշխատակիցն ասել էր, թե փոխտնօրեն Ավետիս Աբազյանը զբաղված է, չի կարող ընդունել մեզ, իսկ Սուրեն Մկրտումյանը տարածքում չէ։

Ստորև ներկայացնում ենք ընկերության տնօրեն Սուրեն Մկրտումյանի հերքման տեքստը։

 «Թեև հոդվածում նշվում է, որ «ըստ Աշխատանքային պայմանագրի՝ դերձակների ամսական աշխատավարձը 160 000 դրամ է, բայց իրականում ստանում են 100 000 դրամ», սակայն համաձայն աշխատանքային պայմանագրի՝ դերձակներն աշխատում են ոչ թե հաստատուն աշխատավարձով, այլ՝ գործավարձային։ Կախված արտադրված արտադրանքի քանակից և աշխատակցի որակավորումից՝ ընկերությունում դերձակի միջին ամսեկան աշխատավարձը կազմում է 110-160 հազար ՀՀ դրամ։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ, կարևորելով աշխատակիցների սոցիալական խնդիրների լուծումը, ընկերությունը կամովին՝ իր հիմնադիրների որոշման համաձայն, հոգում է աշխատակիցների՝ արտադրամաս գալու և տուն վերադառնալու տրանսպորտային ծախսերը, ինչպես նաև ընկերության աշխատակիցներին տրամադրում անվճար սնունդ։ Մինչդեռ, եթե ընկերությունը ցանկանար աշխատակիցներին շահագործել, ապա, բնական է, կամովին նման պատասխանատվություն չէր վերցնի և նման ծախսեր չէր կատարի։ Ինչ վերաբերում է հոդվածում առկա այն տեղեկատվությանը, որ «իտալացի աշխատակիցները, որոնք հսկում են դերձակների աշխատանքը, վիրավորում, հայհոյում ու կոպտում են նրանց», ապա ընկերությունը չունի իտալացի աշխատակիցներ։ Խոսքը, հավանաբար, ընկերության պատվիրատուների ներկայացուցիչների մասին է, որոնք վերահսկում են արտադրանքի որակը Պատվիրատուի սահմանած չափորոշիչներին։ Սակայն տվյալ աշխատակցիները հայերեն չգիտեն և պարզ չէ, թե ինչպես կարող են վիրավորել և հայհոյել դերձակներին։ Ընկերությունը պատրաստ է կոնկրետ դեպքի մասին ահազանգ ստանալու դեպքում հարուցել կարգապահական վարույթ և դրա արդյունքում պատվիրատուի առաջ հարց բարձրացնել ներկայացուցչի նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու մասին՝ առանց հաշվի առնելու մեղավոր անձի ազգությունը, քաղաքացիությունը։ Տեղեկացնում ենք նաև, որ «Սարտեքս» ընկերությունն ունի մոտ 800 աշխատակից, իսկ այդ օրվա հավաքին մասնակցում էր ընդամենը 30 մարդ, որը կազմակերպվել էր 4 աշխատակցի և արտադրության նախկին տնօրենի կողմից։ Բացի նշվածներից, հավաքի բոլոր մասնակիցները հենց հաջորդ օրը վերադարձել են բնականոն աշխատանքին»,-ասվում է հրապարակման մեջ։

«Հետքը» զրուցեց արտադրության նախկին տնօրեն Գևորգ Գևորգյանի հետ։

Վերջինս նշեց, որ իր դիմումի համաձայն օրեր առաջ ազատվել է աշխատանքից, բայց ղեկավարությունն արդեն բանավոր հայտնել էր, որ Գևորգյանը պետք է ազատի զբաղեցրած պաշտոնը։

«Ստացվում է, որ իրենք գոհ չեն եղել իմ կատարած աշխատանքից, ես էլ հեռացել եմ զբաղեցրած պաշտոնից»,-ասաց նա։

Աշխատակիցների նկատմամբ կոպիտ վերաբերմունքի փաստերը տնօրեն Սուրեն Մկրտումյանի կողմից հերքելու առնչությամբ Գևորգյանը նշեց, որ իր պաշտոնավարման 10 ամիսների  ընթացքում իր հնարավորությունների սահմանում փորձել է թույլ չտալ, որ ղեկավարությունը վատ վերաբերվի աշխատակիցներին։

Ընկերության  հրապարակած հերքման մեջ նշված էր նաև, որ բողոքի ակցիան կազմակերպել են 4 աշխատակից և արտադրության նախկին տնօրենը։ Գևորգ Գևորգյանը ևս մեկ անգամ պնդեց, որ երբևէ, ոչ մի ակցիա չի կազմակերպել, հոկտեմբերի 6-ի ակցիայի մասնակից աշխատակիցներին էլ խնդրել է վերադառնալ աշխատանքի, քանի որ եթե նրանք զրկվեն աշխատանքից, Գևորգյանն աշխատանքով ապահովել չի կարող։

«Սարտեքս» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2019 թվականի հունիսի 6-ին։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ ընկերության տնօրենը Սուրեն Մկրտումյանն է, իսկ հիմնադիրների թվում՝ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի կինը՝ Շողերինա Մկրտչյանը։

Արտադրամասի բացման արարողությունը տեղի է ունեցել 2019 թվականի նոյեմբերի 1-ին, որին մասնակցել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Բացման արարողության ժամանակ Փաշինյանին ուղեկցել են Սամվել Ալեքսանյանն ու նրա դուստրը՝ Աստղիկ Ալեքսանյանը, որը կառավարում է Ալեքսանյանների տեքստիլի բիզնեսը։

«Հետքը» կապ է հաստատել ընկերության աշխատակիցներից մեկի հետ, որը դեպքից հետո իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ Մեր աղբյուրը ցանկացավ անանուն մնալ եւ ասաց, որ որոշել է ազատվել աշխատանքից, քանի որ չգիտեր՝ ինչ է սպասվում աշխատակիցներին գործադուլից հետո։ Նրանց սպառնացել էին ազատել աշխատանքից, չվճարել այդ ամսվա աշխատավարձը։ 

Մեկ այլ աշխատակից, որը նույնպես ցանկացավ անանուն մնալ, հայտնեց, որ «Սարտեքս» ընկերության աշխատակիցներից ոմանք, որոնք մասնակցել են գործադուլին, ինքնակամ դուրս են եկել աշխատանքից։ Մյուսները շարունակում են աշխատել։

Տեղեկությունը, թե գործադուլը կազմակերպել էին 4 հոգի և արտադրության նախկին տնօրենը, եւ դրան մասնակցել է 30 մարդ, ըստ մեր աղբյուրի՝ իրականությանը չի համապատասխանում։ Բոլոր աշխատակիցները ցանկացել են միանալ գործադուլին, բայց նրանց փակել են աշխատասենյակներում ու թույլ չեն տվել դուրս գալ։ Իրենց դիմումի համաձայն աշխատանքից ազատված դերձակների աշխատավարձերից, ըստ մեր աղբյուրի, պահումներ չեն արվել։

Ըստ տնօրեն Սուրեն Մկրտումյանի՝ գործադուլի օրը ընկերության շենքի բակում հավաքված է եղել 30 հոգի, սակայն«Հետքի» տեսախցիկն արձանագրել է ակցիային մասնակցող 100-ից ավելի աշխատակիցներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter