HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արեւելագետ․ «Պետք է հասկանանք, որ մեր ապագան դեպի Արեւելք է»

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեական մեղադրանքը՝ ուղղված Ռուսաստանին հայ-ադրբեջանական հակամարտության հարցում, պատահական չէր։ Ըստ ֆրանսաբնակ արեւելագետ, լրագրող Տիգրան Եգավյանի՝ 44-օրյա պատերազմի արդյունքից Ֆրանսիան դժգոհ է մնացել։ Մյուս կողմից՝ քանի որ Մինսկի խումբն էլ չեզոքացավ կամ հոգեվարքի մեջ է, Ֆրանսիան փորձում է որեւէ ձեւով լծակ պահել։ Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակումից հետո Ֆրանսիան դիվանագիտական ջանքերով իր ձայնը փորձեց լսելի դարձնել՝ առաջին հերթին Ռուսաստանին փոխանցելով հատուկ ուղերձ։ Սակայն այդ ջանքերն, ըստ Եգավյանի, ապարդյուն էին, քանի որ Ֆրանսիայի դիրքը, կեցվածքը մեկուսացած է Եվրամիության մեջ։

«Եվրամիության մեջ Ֆրանսիան կղզիացած է, չունի աջակցություն։ Դա հիշեցնում է Լիբանանի դեպքը, երբ Մակրոնը գնացել էր Լիբանան՝ Բեյրութի նավահանգստի պայթյունից հետո այն փրկելու համար։ Նա կամեցողություն ցուցաբերեց եւ փորձեց ամբողջ քաղաքական համակարգը փոխել»,- նկատում է Տիգրան Եգավյանը՝ հավելելով, որ երբ լիբանանյան այցից հետո Մակրոնը հասկացավ իր առաքելության սպառված լինելը, սկսեց խոսել ոչ դիվանագիտական լեզվով։ Ըստ «Հետքի» զրուցակցի՝ Մակրոնը լավ հաղորդակցվող ու լավ դիագնոստիկ է, սակայն հաճախ շտապում է, համբերություն չունի։ Մինչդեռ, ըստ Տիգրան Եգավյանի, դիվանագիտությունը երկար ժամանակ ու առաջին հերթին համբերություն է պահանջում։

«Ռուսները չեն թողնում, որ Ֆրանսիան միջամտի Հարավային Կովկասի հարցերում,- նշում է արեւելագետը,- եթե Մակրոնը լծակ չունի, ապա չգիտեմ, թե ինչպես պիտի ծրագրային դրույթներ փոխի գետնի վրա։ Ֆրանսիական բանակն ի վիճակի չէ համագործակցության պայմանագիր կնքել Հայաստանի բանակի հետ, եւ ֆրանսիական դիվանագիտական միջոցները սահմանափակ են»։

Դեռ 2020 թ․ նոյեմբերի 13-ին Տիգրան Եգավյանը «Հետքի» հետ զրույցում ասել էր, որ Ֆրանսիան կորցրեց իր քարտերն այս շրջանում եւ այս խաղի մեջ։ Հարցին, թե պատերազմից երկու տարի անց ակտիվանալու Ֆրանսիայի ջանքերն ինչով են պայմանավորված, արեւելագետն ասում է․ «Ֆրանսիան դժգոհ է Մինսկի խմբի՝ օրինաչափությունից դուրս գալուց եւ փորձում է իր տեղը պահել։ Պետք չէ կենտրոնանալ միայն Հայաստանի եւ Հարավային Կովկասի վրա, պետք է հասկանալ, որ Ֆրանսիան մրցակցության մեջ է Ռուսաստանի հետ Աֆրիկայում եւ ուրիշ երկրներում, նաեւ՝ Թուրքիայի հետ։ Եվ սա մեծ խաղի մաս է»։

Եգավյանի խոսքով՝ թե՛ Ռուսաստանը, թե՛ Թուրքիան փոխհամաձայնեցված գործեցին՝ Ֆրանսիայի ազդեցությունը չեզոքացնելու համար նաեւ աֆրիկյան ֆրանսախոս երկրներում։ Այդտեղ թե՛ ռուսների, թե՛ թուրքերի ազդեցությունն սկսել է մեծանալ։ Դրան զուգահեռ այդ երկրների ֆրանսախոս մեդիան տարածում է հակաֆրանսիական քարոզչություն։

Արեւելագետն ասում է, որ Ֆրանսիայի՝ Ադրբեջանի վրա ազդելու կարողությունները սահմանափակ են, եւ Ֆրանսիայի դերակատարումը Հայաստանում սահմանափակվում է մշակութային ու մարդասիրական թեմաներով։

Փոխարենը ռազմական համագործակցությունը Հայաստանի ու Ֆրանսիայի միջեւ շատ ցածր մակարդակի վրա է։ Օրինակ՝ ռազմարդյունաբերության ոլորտի ֆրանսիական ընկերություններ մեր երկրում չկան։ «Ես ոչինչ չեմ տեսնում այս գծով։ Միայն տեսնում եմ, որ Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը համաձայն է Հայաստանին օգնել արտակարգ դրությունների ժամանակ»,- նկատում է ֆրանսաբնակ լրագրողն ու հավելում, որ գուցե նաեւ Ֆրանսիան դասընթացներ կազմակերպի հայ սպաների համար, ինչպես անում է Հունաստանում։

Տիգրան Եգավյանը հիշեցնում է Ֆրանսիայի դիրքորոշումն առ այն, որ ինքը ՆԱՏՕ-ի կազմում է, իսկ Հայաստանը՝ ՀԱՊԿ-ի, այսինքն՝ ազդեցության տարբեր գոտիներում են։ Այդ պատճառով, ըստ նրա, ֆրանսիացիների համար դժվար է մի կողմից հայերին հուսախաբ չանելը, մյուս կողմից՝ պատրանքներ չստեղծելը։ «Հետքի» զրուցակիցը շեշտում է, որ պետք է իրատես լինել ու հարցին ռոմանտիկ չմոտենալ։ Բայց նաեւ նկատում է՝ հայ-ֆրանսիական հարաբերությունները հնարավոր է զարգացնել, մանավանդ որ Ադրբեջանի եւ Ֆրանսիայի կապերը դյուրաբեկ ու խաբուսիկ են, իսկ ադրբեջանցիները հիմա ավելի ագրեսիվ են։

Այդուհանդերձ, Եգավյանն այսպիսի դիտարկում է անում՝ պետք է հաշվի առնել, որ ֆրանսիական դիվանագիտությունը թրքասեր է 19-րդ դարից սկսած, մինչդեռ ֆրանսիական բանակը միշտ հայասեր է եղել, չնայած ժողովրդավար երկրներում բանակը ազդեցություն չունի քաղաքական որոշումների վրա։ Ըստ նրա՝ ֆրանսիական դիվանագիտության թրքասիրությունը շարունակվում է մինչ օրս։ Բացի դրանից՝ Ֆրանսիան կախում ունի ՆԱՏՕ-ից, որտեղ վճռորոշ դերն ԱՄՆ-ինն է։ «Դրա համար մտահոգված եմ Ֆրանսիայի եւ իշխանության ապագայով, որովհետեւ գնալով ավելի շատ են կախման մեջ ընկնում ամերիկացիներից»,- նկատում է «Հետքի» զրուցակիցը։

«Թուլացած Ռուսաստանը շատ ավելի վտանգավոր է Հայաստանի համար»

Անդրադառնալով Հարավային Կովկասում ԱՄՆ-ի վերջին ակտիվությանը՝ Տիգրան Եգավյանն ասում է, թե քանի որ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով Ռուսաստանը թուլացավ, հարմար առիթ կա թուլացնելու թե՛ այդ երկիրը, թե՛ Իրանը։ «Նենսի Փելոսին Հայաստանում խոսեց ժողովրդավարության մասին, բայց ընդհանրապես չխոսեց ՆԱՏՕ-ի հետ համագործակցության մասին։ Դրա համար մտահոգություն ունեմ, որ ավելի շատ նման է կրակի վրա յուղ լցնելուն։ Ամերիկացիները Ղրղզստանում բազա ունեին, չե՞ն կարող Հայաստանում էլ բացեն․ չեն ուզում»,- նշում է ֆրանսաբնակ արեւելագետը։

Եգավյանի դիտարկմամբ՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի հապշտապ դուրս գալը վնասակար կլինի մեր երկրի համար, չնայած որ ռազմական դաշինքը չի օժանդակում իր անդամին։ «Կարծում եմ՝ հայերը պետք է լուռ մնան եւ կամաց-կամաց դուրս գան այդ դաշինքից։ Եվ այդ ընթացքում հասկանան, որ ՀԱՊԿ-ն հայերին ուշադրություն չի դարձնելու, զորք չի ուղարկելու»,- ասում է մեր զրուցակիցն ու մասնավորեցնում, որ ՀՀ իշխանությունները խելոք կլինեն, եթե Հայաստանի անվտանգության համար դեր չխաղացող ՀԱՊԿ-ից հեռանան առանց աղմուկ հանելու, քանզի թուլացած Ռուաստանը շատ ավելի վտանգավոր է Հայաստանի համար։

Ի՞նչ է կատարվում տարածաշրջանում

Տիգրան Եգավյանն ասում է, որ մեր տարածաշրջանում ականատես ենք Ռուսաստանի ու Թուրքիայի կողմից վարվող նեոիմպերիալիզմի աշխարհաքաղաքականության, որտեղ չկա Արեւմուտքը։ Բացի դրանից՝ արեւելագետը նկատում է, որ իմպերիան՝ կայսրությունը, որպես այդպիսին, սահման չունի, այլ միայն ճակատ։ Սա նշանակում է, որ Թուրքիան ու Ռուսաստանը մրցակցության մեջ կլինեն, բայց երբեմն կհամագործակցեն, ինչը շատ խաբուսիկ ու փոփոխական է։ «Ռուսաստանն ու Թուրքիան շահեր ունեն Սիրիայում, Լիբիայում, Միջին Արեւելքի տարբեր երկրներում։ Մրցակության մեջ են, բայց երկուսի համատեղ շահն այն է, որ Արեւմուտքին ընդհանրապես դուրս թողնեն այդ խաղից։ Իսկ Հայաստանը մեծ նշանակություն չունի նրանց համար, ու պատրաստ են զոհել։ Թուրքիան ու Ռուսաստանը գործընկերներ են, բայց դաշինք չեն։ Դրա համար այս խաղը շատ ավելի վտանգավոր է»,- ասում է արեւելագետը։

Ի՞նչ պետք է անի Հայաստանը

Տիգրան Եգավյանը կարծում է, որ Հայաստանը պետք է շարունակի երկխոսությունը Թուրքիայի հետ եւ առանց միջնորդի, դեմ առ դեմ խոսի Ադրբեջանի հետ, որպեսզի հասկանա, թե որն է նրանց խաղը։

Մյուս կողմից՝ Հայաստանը պետք է մերձենա այն երկրների հետ, որոնք ռազմավարական շահ ունեն մեզ հետ՝ Հնդկաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Եգիպտոս, Հունաստան, Չինաստան, Իրան, որոնք կարող են աջակցել Հայաստանին, բայց միաժամանակ դեմ չեն Ռուսաստանին։

«Հայերը պետք է հասկանան, որ Արեւմուտքի մաս չեն կազմելու։ Դա շատ կարեւոր է։ Ընդհանրապես, Արեւմուտքից բան չկա սպասելու՝ ո՛չ ամերիկացիներից, ո՛չ ֆրանսիացիներից, ո՛չ Եվրամիությունից։ Անհեթեթություն է երեւակայել, որ Արեւմուտքը կօգնի։ 1920 թ․ պատմությունը կրկնվում է, երբ թուրքերը մտածում էին, թե ինչպես են Կարսն ու Արդահանը գրավելու, իսկ հայերը մտածում էին Արեւմուտքի օգնության մասին։ Նույն պատրանքները հիմա են։ Մենք քրիստոնյա ենք, բայց Արեւմուտք չենք։ Մենք պետք է հասկանանք, որ մեր ապագան դեպի Արեւելք է»,- եզրափակում է արեւելագետը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter