HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վիրավոր Աբրահամին թողել են ձորակում․ նա մինչ օրս անհետ կորած է

Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակիչ, ժամկետային զինծառայող Աբրահամ Սարգսյանը սեպտեմբերի 14-ից համարվում է անհետ կորած։ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ժամանակ Աբրահամը 14 ամսվա զինծառայող էր։ Նրան վիրավոր վիճակում սեպտեմբերի 14-ին՝ նահանջի ժամանակ, զինակիցները թողել են 107-րդ դիրքի մոտակա ձորակում: 107-րդ դիրքը գտնվում էր Սառցալի լեռան գագաթից մոտ 550 մ հարավ՝ Ջերմուկ քաղաքից 10 կմ հեռավորության վրա։

2022 թ․ սեպտեմբերի 13-ին՝ Ադրբեջանի զինուժի հարձակման ժամանակ, Ջերմուկի զորամասի չորրորդ գումարտակի երկրորդ վաշտի ժամկետային զինծառայող Աբրահամ Սարգսյանը գտնվել է 107-րդ մարտական դիրքում: Դիրքում 11 հոգով են եղել՝ 6 ժամկետային, 5 պայմանագրային: Հարձակման առաջին օրը դիպուկահարի կրակոցից վիրավորվել է դիրքի ավագը՝ պայմանագրային Արմեն Աբրահամյանը, զոհվել է իր վարորդի հետ օգնության եկած հետախուզական վաշտի հրամանատարը՝ կապիտան Արման Զաքարյանը: Անօդաչու թռչող սարքի հարվածից զոհվել են ժամկետային զինծառայողներ Տիգրան Տեր-Առաքելյանը եւ Արսեն Վարդանյանը։ Աբրահամ Սարգսյանը վիրավորվել է։

Սեպտեմբերի 14-ին 107-րդի հարեւան դիրքերը ադրբեջանցները գրավել են, շրջափակման վտանգի մեջ հայտնված անձնակազմը որոշել է դուրս գալ դիրքից: Երեք զոհվածի մարմինները մնացել են դիրքում: Վիրավորներին՝ դիրքի ավագ Արմեն Աբրահամյանին եւ Աբրահամ Սարգսյանին, զինակիցները հանել են դիրքից եւ շարժվել դեպի մոտակա ձորակ: Նահանջի ճանապարհին ձորակում վիրավորներին թողել են: Պայմանագրային զինծառայողներից մեկը մեզ հետ զրույցում պատմեց, որ վիճակը ծանր է եղել, տեղանքը դիտարկվել է թշնամու կողմից, եւ եթե արագ դուրս չգային, կամ պիտի զոհվեին, կամ գերի ընկնեին:

Աբրահամի հայրը՝ Արթուր Գրիգորյանը (Աբրահամը կրում է մոր ազգանունը), 2022 թ․ սեպտեմբերի 15-ից եղել է Ջերմուկի զորամասում։ Նա փորձել է վիրավոր որդու գտնվելու մասին տեղեկություններ իմանալ, սակայն այդպես էլ ոչինչ չի պարզել: Արթուր Գրիգորյանին միայն ասել են, որ ամեն ինչ անում են Աբրահամին հանելու համար:

«Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 16-17-ի կողմերը, խոսեցի Աբրահամիս հետ, ասեց՝ ամեն ինչ նորմալ է, չասեց, որ վիրավոր է, դրանից որոշ ժամանակ հետո զանգում էինք, անհասանելի էր, իմացա, որ վիրավոր է: Գիշերը Դալարիկից գնացի Ջերմուկ, էնտեղ չէին թողնում մեքենաները անցնեին, ասեցի՝ պետք է տղայիս հասնեմ ինչ էլ լինի, մեքենան թողեցի եւ ոտքով շարունակեցի, էդպես մի ձև հասա Ջերմուկի զորամաս»,- պատմում է Աբրահամի հայրը՝ Արթուր Գրիգորյանը։

Սեպտեմբերի 15-ի առավոտյան Ջերմուկի զորամասում Աբրահամի հայրը սպաներից փորձել է տեղեկություն ստանալ որդու մասին: Նրան զորամասի հրամանատարը ասել է, որ Աբրահամը վիրավոր է, իրենց դիրքի անձնակազմը նահանջել է, ճանապարհին են, մի քանի ժամից կհասնեն զորամաս։

«Էդ ընթացքում, զորամաս մտնող բոլոր մեքենաներին մոտենում էի, հարցուփորձ էի անում վիրավորներին, Կարմիր խաչի մեքենայով դիրքերից բերված զոհվածների մարմիններն էի ստուգում հատ-հատ, բոլորի մեջ Աբրահամին էի փնտրում, չկար»,- պատմում է հայրը։

Նույն օրը Կարմիր խաչի միջնորդությամբ հայկական կողմը դուրս է բերում 107-րդ դիրքում զոհված երկու ժամկետային զինծառայողի՝ Տիգրան Տեր-Առաքելյանի եւ Արսեն Վարդանյանի, ինչպես նաև հետախուզական վաշտի հրամանատար Արման Զաքարյանի աճյունները։

Սեպտեմբերի 15-ի գիշերը զորամաս են հասել 107-րդ դիրքից նահանջած զինծառայողները՝ 3 ժամկետային և 4 պայմանագրային զինծառայող, ինչպես նաև կապիտան Զաքարյանի վարորդը (պայմանագրային)։

«Զորամաս հենց մտան, սկսեցի հարցնել՝ որտե՞ղ է Աբրահամը, ասեցին՝ թողել ենք ճանապարհին իրեն և դիրքի ավագին, վիրավոր էին, մինչև ճանապարհի կես կարողացանք բերել, հետո արդեն անհնար էր»,- պատմում է Արթուր Գրիգորյանը։

Դիրքից նահանջածներից յուրաքանչյուրի հետ առանձին խոսելով՝ Արթուր Գրիգորյանը որդու վիճակի մասին տարբեր բաներ է լսել, երբեմն իրար հակասող, ոմանք ասել են, որ Աբրահամի վիճակը ծանր է, արդեն արյուն էր թքում, ուրիշները ասել են, որ չեն տեսել նման բան, և որ վիճակը շատ ծանր չէր։

Իմանալով, որ որդուն ճանապարհին են թողել վիրավոր վիճակում, Արթուրը զորամասի հրամանատարին, սպաներին ամբողջ գիշեր խնդրել է, որ կազմակերպեն որդու դուրսբերումը, սպաները հանգստացրել են նրան՝ ասելով, թե խմբեր են պատրաստում տարածքից վիրավորներին և զոհվածներին դուրս բերելու համար։

«Սեպտեմբերի 16-ի առավոտը՝ ժամը 7-ի կողմերը, մոտեցա զորամասի հրամանատարին, ասեցի՝ ես եմ մտնում, տղերքից մեկին, ով Աբրահամին թողել է, տեղը գիտի, վերցնում եմ, մտնեմ տղուս հանեմ, չթողեցին»,- պատմում է Արթուր Գրիգորյանը:

Մինչև սեպտեմբերի 20-ը Արթուրը մնացել է զորամասում, բայց որդուց որևէ տեղեկություն չի հաջողվել իմանալ, հնարավոր չի եղել թշնամու վերահսկողության տակ անցած տարածք մտնել։

Սեպտեմբերի 20-ին Ադրբեջանը փոխանցել է 2022 թ․ սեպտեմբերի 13-14-ի ագրեսիայի ընթացքում զոհված 95 զինծառայողի աճյուն, որի մեջ է եղել նաև 107-րդ դիրքի ավագի Արմեն Աբրահամյանի դին:

«Հատ-հատ բոլոր մորգերը գնացել եմ, բոլոր աճյունները նայել եմ, ԴՆԹ թեստը հանձնել եմ, ինչքան հնարավոր տեղ կա, դիմել եմ, ոչ մի տեղեկություն չկա, ոչ մի բան չեն ասում, արդեն մի ամսից ավել է՝ պահանջում եմ պատասխանատուներից, ասեք՝ ու՞ր է իմ տղան»։ Ոչ ոք այդպես էլ որեւէ պատասխան չի տվել Արթուր Գրիգորյանին:

Աբրահամ Սարգսյանը մինչ օրս համարվում է անհետ կորած։

Լրացում․ Ադրբեջանական կողմը հոկտեմբերի 27-ին հայկական կողմին է փոխանցել 10 զինծառայողի մարմին, որոնց մեջ է եղել նաև Աբրահամ Սարգսյանի մարմինը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter