HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գիտնականների տարածքի վրա «աչք դրած» պետական մարմինները խուսափում են հստակ պատասխաններից

Կառավարությունը մտադիր է ԳԱԱ Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի շենքը հետ վերցնել գիտնականներից ու դրա մի մասը հատկացնել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ին, իսկ թե ինչ է անելու ինստիտուտի տարածքի մեծ մասը, ո՛չ կառավարությունը, ո՛չ ՇՄՆ-ն չեն հստակեցնում: Նրանք չեն բացատրում նաեւ, թե ինչն է խանգարում նշված ՊՈԱԿ-ին ու կենսաքիմիկոսներին պահել նույն շենքում:

Ինչպես գրել ենք, ՇՄՆ-ն դիմել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածնքների նախարարությանը ենթակա պետգույքի կառավարման կոմիտե, որի հաշվեկշռում են գտնվում Երեւանի Սեւակի 5/1 հասցեում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող եւ Կենսաքիմիկայի ինստիտուտի կողմից զբաղեցված 7864 քմ ընդհանուր տարածքով շենք-շինություններն ու դրանց զբաղեցրած, օգտագործման եւ սպասարկման համար հատկացված 1,3 հա հողամասը: Նախարարությունն այստեղ է ցանկանում տեղավորել իրեն ենթակա ՊՈԱԿ-ի բոլոր ստորաբաժանումները, որոնք ներկայում գտնվում են մայրաքաղաքի տարբեր հասցեներում:

ՇՄՆ-ի գրության հիման վրա պետգույքի կառավարման կոմիտեն կառավարության որոշման նախագիծ է կազմել, որով նախատեսվում է, որ վերոնշյալ շենք-շինություններն ու հողամասը գիտնականներից հետ վերցնելուց հետո շենքի կիսանկուղային, ինչպես նաեւ 1-ին եւ 2-րդ հարկերից 3691 քմ տարածքն անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել «Հիդրոօդերութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ին: Մնացած 4173 քմ-ի հետագա ճակատագրի վերաբերյալ պատկան մարմինները լռում են:  

Մյուս կողմից՝ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է Կենսաքիմիայի ինստիտուտը տեղափոխել ու տեղավորել հարեւանությամբ գտնվող մեկ այլ գիտական հիմնարկի՝ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի 7-րդ հարկում, որի տարածքը 1072,5 քմ է:

Վարչապետ Փաշինյանին գրավոր հարցրել էինք, թե ինչու հնարավոր չի համարվել Կենսաքիմիայի ինստիտուտի եւ Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի գործունեությունը նույն շենքում, եթե վերջինս, ըստ կառավարության որոշման նախագծի տվյալների, բավարար է երկու կառույցներին տեղավորելու համար: Բացի դրանից՝ հարցրել էինք, որ եթե Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը զբաղեցնելու է 7684 քմ տարածքից միայն 3691 քմ-ն, ապա ի՞նչ է արվելու տարածքի մնացած մասը:

Կառավարությունը մեր հարցումը վերահասցեագրել է ՇՄՆ, որի դիմումի հիման վրա կազմվել է գործադիրի որոշման նախագիծը: Հարցմանը պատասխանել է նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը: Վերջինս նշել է, թե ՏԿԵՆ-ը (ավելի կոնկրետ՝ պետգույքի կառավարման կոմիտեն – հեղ.) մշակել է «Տարածքներ հետ վերցնելու, ամրացնելու եւ անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելու մասին» կառավարության որոշման նախագիծ, ինչի վերաբերյալ ՇՄՆ-ն ներկայացրել է իր առաջարկությունները: Գաբրիելյանը, սակայն, չի ասում, որ նախագծի հիմքը իրենց դիմումն է Սեւակի 5/1 հասցեն «Հիդրոօդերութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ին անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելու համար: Այսինքն՝ փոխնախարար Գաբրիելյանը չի ասում, թե ինչու է ՇՄՆ-ն «աչք դրել» հենց այդ շենքի վրա:  

«Հայտնում եմ, որ նախագիծը գտնվում է քննարկման փուլում»,- հավելել է փոխնախարարը՝ այդպես էլ կոնկրետ պատասխան չտալով: Այսինքն՝ վարչապետին ուղղված մեր երկու հարցերն էլ փաստացի անպատասխան են մնացել:

Հիշեցնենք, որ կուլիսներում տեւական ժամանակ քննարկվում է մի շարք գիտական ինստիտուտների միավորման հարցը: Ըստ այդմ՝ Կենսաքիմիայի ինստիտուտը ծրագրվում է միացնել Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին: Այսինքն՝ կենսաքիմիկոսներին Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի շենք տեղափոխելով, ըստ էության, կառավարությունն անում է այս երկուսի միավորման առաջին քայլը, ինչին, սակայն, կենսաքիմիկոսները դեմ են:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter