HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը գիտնականների հաշվին ընդառաջում է շրջակա միջավայրի նախարարությանը

Կառավարությունը չի հրաժարվել Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) համակարգում գործող Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի շենքը գիտնականներից հետ վերցնելու մտքից:

Այս տարվա հուլիսին գրել էինք, որ գործադիրը որոշման նախագիծ էր ուղարկել Կենսաքիմիայի ինստիտուտ՝ վերջինիս զբաղեցրած շենքն ու հողամասը հետ վերցնելու եւ մեկ այլ իրավաբանական անձի անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելու վերաբերյալ: Կենսաքիմիկոսները, սակայն, կտրականապես դեմ էին արտահայտվել այդ նախագծին: Իր հերթին ԳԱԱ-ն «Հետքին» հայտնել էր, որ ակադեմիան կառավարության որոշման նախագծին տվել է բացասական կարծիք, որը հիմնված է եղել Կենսաքիմիայի ինստիտուտի 100-ից ավելի աշխատակից ունեցող կոլեկտիվի որոշման վրա: ԳԱԱ-ի փոխանցմամբ՝ ինստիտուտի կոլեկտիվը միաձայն մերժել էր նախագիծը:

«Հետքի» աղբյուրը հայտնել էր, որ, ըստ նախագծի, Կենսաքիմիայի ինստիտուտի 7-հարկանի շենքը կառավարությունը մտադիր էր հատկացնել շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ին, քանի որ վերջինիս անձնակազմը ցրված է Երեւանի տարբեր հասցեներում: Մյուս կողմից, նույն նախագծի համաձայն, կենսաքիմիկոսները պետք է տեղափոխվեին իրենց ներկա հասցեի (Պարույր Սեւակի 5/1) հարեւանությամբ գտնվող մեկ այլ գիտական հիմնարկի` Ա. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի 4-րդ հարկ: Այսինքն՝ կառավարությունը մտադիր էր մի ամբողջ գիտական ինստիտուտ տեղափոխել ու տեղավորել մեկ այլ հիմնարկի մեկ հարկում: Ընդ որում՝ ինստիտուտը պետք է սեփական ուժերով լուծեր սարքավորումների տեղափոխման հարցը։

Չնայած կենսաքիմիկոսների ու ակադեմիայի բացասական արձագանքին՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն անդրդվելի է Կենսաքիմիայի ինստիտուտի շենքը վերցնելու եւ ուրիշի հանձնելու հարցում:

Կենսաքիմիայի ինստիտուտը 1961-ին հիմնադրել է կենսաքիմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս, բիոքիմիկոսների եւ նեյրոքիմիկոսների հայկական դպրոցի հիմնադիր Հրաչյա Բունիաթյանը, որի անունն էլ կրում է գիտական կառույցը:

Ներկայում ինստիտուտը ուսումնասիրություններ է իրականացնում նեյրոքիմիայի, ուռուցքաբանության եւ շաքարախտի ուղղություններով:

Ի՞նչ է առաջարկում կառավարությունը

Կառավարության որոշման ներկա նախագիծը, որը, ի թիվս այլ կազմակերպությունների, վերաբերում է նաեւ «ՀՀ ԳԱԱ Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ին, տարբեր տարածքներ հետ վերցնելու, ամրացնելու եւ անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելու մասին է:

Այսպես՝ գործադիրը մտադիր է Սեւակի 5/1 հասցեում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող եւ Կենսաքիմիայի ինստիտուտի զբաղեցրած 7864 քմ ընդհանուր տարածքով շենք-շինություններն ու դրանց զբաղեցրած, օգտագործման եւ սպասարկման համար հատկացված 1,3 հա հողամասը հետ վերցնել, ապա նույն հասցեի կիսանկուղային, ինչպես նաեւ 1-ին ու 2-րդ հարկերից 3691 քմ տարածքն անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել ՇՄՆ «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ին:

Մյուս կողմից՝ գործադիրը ծրագրում է Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնից հետ վերցնել պետական սեփականություն հանդիսացող Պ. Սեւակի 5/2 հասցեի գլխավոր մասնաշենքի 1-ին հարկի 539 քմ տարածքը: Այս հասցեում գործում է ԳԱԱ մեկ այլ կառույց՝ Ա. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտը:

Այսինքն՝ կառավարությունը մտադիր է հիդրոօդերեւութաբաններին հանել Քիմֆիզիկայի ինստիտուտի շենքից ու տեղափոխել Կենսաքիմիայի ինստիտուտ՝ նրանց տալով 6,8 անգամ ավելի մեծ տարածք:  

«Դրսում մնացած» կենսաքիմիկոսներին կառավարությունը նախատեսում է տեղափոխել հարեւանությամբ գտնվող Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի զբաղեցրած շենք՝ Էզրաս Հասրաթյան 7 հասցե՝ այստեղ նրանց հատկացնելով շենքի 7-րդ հարկն ամբողջությամբ (1072,5 քմ տարածք): Այսինքն՝ կենսաքիմիկոսների տարածքը ներկայի համեմատ կկրճատվի 7,3 անգամ:

Ինչպե՞ս է հիմնավորում կառավարությունը

Գործադիրրն իր նախագծի անհրաժեշտության վերաբերյալ հիմնավորում է ուղարկել Կենսաքիմիայի ինստիտուտ՝ հայտնելով, որ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետգույքի կառավարման կոմիտե է դիմել ՇՄՆ-ն՝ Սեւակի 5/1 հասցեում գտնվող անշարժ գույքը «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ին անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելու խնդրանքով:

ՇՄՆ-ն նշել է, որ ներկայում իր ենթակա ՊՈԱԿ-ը գործում է Երեւանի տարբեր հասցեներում. «Կազմակերպության՝ Երեւան քաղաքի տարբեր մասերում աշխատող ստորաբաժանումների արդյունավետ կառավարումը լուրջ դժվարություններ եւ խնդիրներ է առաջացնում, ինչը պահանջում է հավելյալ ուժերի եւ միջոցների ներդրում»:

Հաշվի առնելով ՇՄՆ-ի գրությունը՝ պետգույքի կառավարման կոմիտեն կազմել է կառավարության վերը նշված որոշման նախագիծը:

Այստեղ հարցն այն է, որ եթե Կենսաքիմիայի ինստիտուտի զբաղեցրած 7864 քմ ընդհանուր տարածքով շենք-շինություններից 3691 քմ-ն հատկացվելու է հիդրոօդերեւութաբաններին, ապա ի՞նչ է արվելու մնացած 4173 քմ-ն: Ինչու՞ են կենսաքիմիկոսներին տեղափոխում այլ հասցեի 1072,5 քմ տարածք, եթե նրանք կարող էին մնալ իրենց ներկա շենքում ու այն «կիսել» հիդրոօդերեւութաբանների հետ:

Այստեղ հարկ է հիշեցնել, որ կուլիսներում տեւական ժամանակ քննարկվում է մի շարք գիտական ինստիտուտների միավորման հարցը: Ըստ այդմ՝ Կենսաքիմիայի ինստիտուտը ծրագրվում է միացնել Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին: Այսինքն՝ կենսաքիմիկոսներին Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի շենք տեղափոխելով, ըստ էության, կառավարությունն անում է այս երկուսի միավորման առաջին քայլը:  

Կառավարության որոշման նախագծի վերաբերյալ ծագած հարցերի պատասխաններն ակնկալում ենք ստանալ հենց գործադիրից: Դրանք կներկայացնենք ստանալուն պես:

Լուսանկարները` Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter