HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը ցանկանում է վերցնել Կենսաքիմիայի ինստիտուտի տարածքը. գիտնականները դեմ են

Այս ամիս կառավարությունը որոշման նախագիծ է ուղարկել Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտ՝ վերջինիս զբաղեցրած շենքն ու դրա տարածքը հետ վերցնելու եւ մեկ այլ իրավաբանական անձի անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելու մասին։ Կենսաքիմիկոսները կտրականապես դեմ են գործադիրի մտահղացմանը։ Ինստիտուտը գտնվում է Երեւանի Պարույր Սեւակի 5/1 հասցեում:

«Հետքի» աղբյուրը հայտնել է, որ, ըստ նախագծի, Կենսաքիմիայի ինստիտուտի 7-հարկանի շենքը կառավարությունը մտադիր է հատկացնել շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ին, քանի որ վերջինիս անձնակազմը ցրված է Երեւանի տարբեր հասցեներում: Մյուս կողմից, նույն նախագծի համաձայն, կենսաքիմիկոսները պետք է տեղափոխվեն իրենց ներկա հասցեի հարեւանությամբ գտնվող մեկ այլ գիտական հիմնարկի` Ա. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի 4-րդ հարկ: Այսինքն՝ կառավարությունը մտադիր է մի ամբողջ գիտական ինստիտուտ տեղափոխել ու տեղավորել մեկ այլ հիմնարկի մեկ հարկում:

Ընդ որում՝ ինստիտուտը պետք է սեփական ուժերով լուծի սարքավորումների տեղափոխման հարցը։

Սակայն Կենսաքիմիայի ինստիտուտը բացասական արձագանք է տվել նախագծին։ Փորձեցինք որոշ հարցերի պատասխան ստանալ ինստիտուտի տնօրեն Ալվարդ Անտոնյանից, բայց վերջինս հրաժարվեց զրուցել՝ պատասխանելով, որ ինստիտուտն իր տեսակետն արդեն փոխանցել է ԳԱԱ-ին, եւ ինքը լրագրողների հետ չի ցանկանում խոսել այդ թեմայով։ Անտոնյանի նման խուսափողական կեցվածքն առնվազն զարմանալի է՝ հաշվի առնելով, որ շենքը կորցնելու վտանգ կա, ինչի մասին լայն հանրությունը տեղյակ չէ, իսկ նույն կառավարությունն առիթը բաց չի թողնում խոսել գիտելիքահեն տնտեսության մասին, մյուս կողմից, ինչպես արդեն գրել ենք, կուլիսներում տեւական ժամանակ քննարկվում է մի շարք գիտական ինստիտուտների միավորման հարցը: Ըստ այդմ՝ Կենսաքիմիայի ինստիտուտը ծրագրվում է միացնել Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին:

Հատկանշական է, որ երբ միավորման մասին այս մայիսին կարծիք էինք հարցրել Ալվարդ Անտոնյանից, նա ընդունարանի աշխատողի միջոցով փոխանցել էր, թե ԳԱԱ նախագահը հեռուստատեսությամբ անդրադարձել է հարցերին, եւ ինքն ավելացնելու բան չունի: Իր հերթին Մոլեկուլային կենսաբանության ինտիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը «Հետքին» հայտնել էր, թե չի կարող մեկնաբանել հավանական միավորումը, քանի որ չի տիրապետում նմանատիպ ինֆորմացիայի ու չգիտի, թե միավորումն ինչ պայմաններով է իրականացվելու։ Նաեւ նշել էր, թե նման խոսակցություններ կան տասնյակ տարիներ, բայց առարկայական քայլեր չեն քննարկվել։ Ըստ Առաքելյանի՝ ներկայում ոչ մի առարկայական խոսակցություն միավորման թեմայով չկա։ Բայց ինչպես կարելի է եզրակացնել ՀՀ գիտության կոմիտեի եւ ԳԱԱ ղեկավարության հայտարարություններից, միավորումներն անխուսափելի են, մանավանդ ծրագրի համար գումարն արդեն կա։

Կենսաքիմիայի ինստիտուտի անձնակազմի տեղափոխման մասին գրավոր հարցում էինք ուղարկել ԳԱԱ։ Ակադեմիայից պատասխանել են, որ իրենք ստացել են կառավարության որոշման նախագիծը եւ դրա մասին տվել են բացասական կարծիք, որը հիմնված է Կենսաքիմիայի ինստիտուտի 100-ից ավելի աշխատակից ունեցող կոլեկտիվի 11.07.2022 թ. ժողովում կայացրած որոշման վրա։ Ակադեմիայի փոխանցմամբ՝ ինստիտուտի կոլեկտիվը միաձայն մերժել է նախագիծը։

ԳԱԱ-ից հետաքրքրվել էինք նաեւ, թե որքան են Կենսաքիմիայի ինստիտուտի ներկա անձնակազմն ու զբաղեցրած շենքի, հողամասի տարածքը: Ներկայում ինստիտուտում աշխատում է 102 մարդ, որից 80-ը գիտական կազմն է: Ինստիտուտի շենքի մակերեսը 7090 քմ է, իսկ հողամասի չափը՝ 1,3 հա:

Լուսանկարները` Նարեկ Ալեքսանյանի, Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter