HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Նիկոլ Փաշինյան. «ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցությունը Ադրբեջանին հետ չպահեց ագրեսիվ քայլերից»

Այն, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ էր, այդ փաստը հետ չպահեց Ադրբեջանին ագրեսիվ քայլերից։ Այդ մասին այսօր Երևանում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի բացման ժամանակ։ 

«Փաստացի մինչ օրս կազմակերպության անդամ պետություններին չի հաջողվել որոշում կայացնել Ադրբեջանի ագրեսիային ՀԱՊԿ արձագանքի վերաբերյալ։ Այս փաստերը մեծ վնաս են հասցնում ՀԱՊԿ վարկանիշին ինչպես մեր երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Իմ գնահատմամբ` սա Հայաստանի ամենամեծ անհաջողությունն էր` որպես ՀԱՊԿ նախագահող երկրի»,- հայտարարեց Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ այսօր ավարտվում է Հայաստանի նախագահությունն այդ կազմակերպությունում։ Ըստ նրա՝ այս շրջանը բավական հագեցած էր, քանի որ նշում էին ՀԱՊԿ պայմանագրի ստորագրման 30-ամյակը և ՀԱՊԿ-ի ստեղծման 20-ամյակը։ «Ցավոք, մեր տրամադրությունն այնքան էլ հոբելյանական չէ։ Վերջին 2 տարիների ընթացքում Հայաստանն առնվազն երեք անգամ Ադրբեջանի կողմից ագրեսիայի է ենթարկվել»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ այս տարի ավարտվում է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնավարման ժամկետը, իսկ հաջորդ գլխավոր քարտուղարը կլինի Ղազախստանի ներկայացուցիչ։

Հիշեցնենք, որ այսօր Երևանում ընթանում է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։ Հանդիպմանը մասնակցում է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, կողմերը կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական հարցերն ու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեության հիմնական արդյունքները: Ըստ ավելի վաղ տարածված հաղորդագրության՝ կարևոր հարցերից մեկը կլինի ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը և Հայաստանին օգնություն տրամադրելու համատեղ միջոցառումների քննարկումը, որի մասին, ավելի վաղ, Ստանիսլաս Զասը հայտարարել էր, որ կողմերը համաձայնեցրել են համատեղ օգնության միջոցները՝ չմանրամասնելով, թե ինչ օգնության մասին է խոսքը։

ՀԱՊԿ-ում հաջորդ տարի նախագահությունն անցնելու է Բելառուսին, ուստի նախատեսվում է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կներկայացնի ՀԱՊԿ-ում այդ երկրի առաջնահերթությունները, որոնք պետք է իրագործվեն իր նախագահության շրջանում։

Լուսանկարը՝ TACC գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter