HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկ շաբաթվա մեջ երկրորդ անգամ հեռախոսազրույց են ունեցել։ Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ կողմերը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը։

«Քննարկվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների իրականացման հետագա քայլերը՝ շեշտը դնելով տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման գործնական հարցերի վրա»,- ասված է ռուսական կողմի տարածած հաղորդագրության մեջ։

Վերջին անգամ Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց էին ունեցել նոյեմբերի 22-ին։ Այդ ժամանակ նրանք քննարկել էին հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման մասով Հայաստանի հետ պայմանավորվածությունների կատարումը և Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի վերականգնումը։ Հաջորդ օրը՝ նոյեմբերի 23-ին, Պուտինը Երևանում մասնակցել էր ՀԱՊԿ գագաթնաժողովին և հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Հոկտեմբերի 31-ին Սոչիում Ալիևի և Փաշինյանի հետ հանդիպումից հետո Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ կողմերը համատեղ հայտարարություն են համաձայնեցրել։ Նա նաև նշել էր, որ հանդիպումն օգտակար է եղել և դա պայմաններ է ստեղծում ընդհանուր առմամբ կարգավորման ուղղությամբ հետագա քայլերի համար։

 

Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter