HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

682 մլն դրամ «օդի փողի» պահանջ՝ սնանկացած ավիաընկերության տնօրենից

Գլխավոր դատախազությունը «Էյր Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Արսեն Ավետիսյանից պահանջում է բռնագանձել մոտ 682 մլն դրամ՝ որպես պետությանը պատճառված վնաս: Դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Պետությանը պատճառված վնասը, ըստ դատախազության, առաջացել է ավիափոխադրող ընկերության՝ «օդի փողը» պետական բյուջե չվճարելու հետևանքով:

Հայաստանից օդային տրանսպորտի միջոցով ֆիզիկական անձանց (օդային ուղևորների) ելքի համար պետական տուրքը (10 հազար դրամ) քաղաքացիներին ավելի շատ հայտնի է «օդի փող» կամ «օդի տուրք» անվամբ:

Արդեն 5 տարի է՝ դատական շրջապտույտի մեջ է Արսեն Ավետիսյանին վերաբերող քրեական գործի քննությունը: Նա մեղադրվում է  մոտ 682 մլն դրամ «օդի փողը» պետբյուջե չվճարելու և յուրացման եղանակով հափշտակելու մեջ:

Ըստ մեղադրանքի՝ Ավետիսյանը, հանդիսանալով օդային բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ոլորտում ծառայությունների մատուցման գործունեություն իրականացրած «Էյր Արմենիա» ՓԲԸ տնօրեն, պարտավորված է եղել գանձել Հայաստանից մեկնող ֆիզիկական անձանց վաճառված ավիատոմսերից առաջացած պետական տուրքի գումարներն ու դրանք վճարել պետական բյուջե: 2014թ. ընթացքում իրականացրել է ուղևորափոխադրումներ, գանձել 681.923.052 դրամի չափով պետական տուրքի գումար և պետության կողմից իր ղեկավարած կազմակերպությանը փաստացի վստահված առանձնապես խոշոր չափերի գումարը պետական բյուջե վճարելու փոխարեն յուրացման եղանակով հափշտակել է` սեփական հայեցողությամբ տնօրինելով ամբողջ գումարը:

Քրեական գործը դատարան է ուղարկվել 2017թ. դեկտեմբերի 6-ին: Մոտ մեկուկես տարի քննելուց հետո Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 2019թ. հուլիսի 26-ին առաջադրված մեղադրանքում Արսեն Ավետիսյանին ճանաչել էր անմեղ և արդարացրել՝ հանցադեպի բացակայության հիմքով:

Գլխավոր դատախազությունը բողոքարկել է առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝ պահանջելով բեկանել այն և առաջադրված մեղադրանքում մեղավոր ճանաչել Արսեն Ավետիսյանին՝ նշանակելով պատիժ 6 տարի 6 ամիս ժամկետով:

Վերաքննիչ դատարանը 2021թ. փետրվարին մերժել է դատախազության բողոքը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի դատավճիռը:

Գլխավոր դատախազությունը, դժգոհ լինելով վերաքննիչ քրեական դատարանի որոշումից, այն բողոքարկել է Վճռաբեկ դատարան: 2022թ. ապրիլի 8-ին Վճռաբեկ դատարանը որոշել է բավարարել Գլխավոր դատախազության բողոքը: Բեկանել է վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

Արսեն Ավետիսյանի պաշտպան Կարեն Քամալյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ դատավարական ժամկետները չեն խախտվում, գործի քննությունը բնականոն հունով շարունակվում է: Նշեց, որ իրենց կռիվը իրավական հարթության վրա է: Արսեն Ավետիսյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը:

Քամալյանը նշեց, որ համաձայն չեն դատախազության մեկնաբանությունների հետ, և փորձում են իրենց տեսակետը դատարանում առաջ տանել:

Նշենք, որ 2003թ. Արսեն Ավետիսյանն իր գործընկերոջ հետ հիմնել է «Էյր Արմենիա» ՓԲԸ-ը: 2003–2013թթ. հիմնականում զբաղվել է օդային բեռնափոխադրումներով՝ իրականացնելով կանոնավոր և չարթերային թռիչքներ Հայաստանի, Եվրոպայի և մի շարք այլ երկրների միջև: Իրականացվել են կետից կետ և տարանցիկ փոխադրումներ՝ Երևանը օգտագործելով որպես տարանցիկ կետ:

Ըստ դատավճռի՝ Արսեն Ավետիսյանը հայտնել է, որ 2013թ. «Արմավիա» ավիաընկերության սնանկությունից հետո Հանրապետության նախագահի օդանավը մնացել էր առանց շահագործողի: Իրեն հրավիրել են Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն (ՔԱԳՎ), և քանի որ Հայաստանում տվյալ պահին միակ գործող ավիաընկերությունը «Էյր Արմենիա»-ն էր, իրենց հանձնարարել են համար 1 օդանավի շահագործումը:

Որպես համար 1 օդանավի շահագործող իրենք ստիպված էին ապահովել ուղևորափոխադրումների ապահովման համար անհրաժեշտ բոլոր ինֆրաստրուկտուրային և տեխնիկական ներդրումները: Այսինքն իրենք ստիպված էին ներգրավել հավելյալ մարդկային և տեխնիկական ռեսուրսներ, որոնց ֆինանսական մոտավոր հավելյալ ծախսերը կազմում էին ամսական 15 մլն դրամ: Միևնույն ժամանակ իրենք պարտավոր էին համար 1 օդանավի համար ապահովել պահեստային նույնատիպ օդանավ, որն իր հերթին ընկերության չապահովվող ծախսերը գերազանցում էր ամսական 450 հազար ԱՄՆ դոլարը:

2013թ. հունիսին ՔԱԳՎ-ն որոշել է, որ Հայաստանը պետք է ունենա 3 ավիափոխադրող, որոնցից յուրաքանչյուրը պետք է կատարի թռիչքներ Մոսկվա քաղաքի օդանավակայաններ՝ Վնուկովո, Դոմոդեդովո, Շերեմետևո: Սակայն, հետագայում պարզվել է, որ նույն ժամանակահատվածում, ըստ Ավետիսյանի, Կառավարությունը ՔԱԳՎ-ից անկախ, շատ գաղտնի դիտարկել է այլ տարբերակներ:

Հաշվի առնելով, որ «Էյր Արմենիա» ավիաընկերությունը շահագործել է իրեն հանձնված նախագահի օդանավը, նրան տրամադրվել է ուղևորափոխադրումներ կատարելու շահագործողի վկայական և համապատասախան լիցենզիաներ՝ ըստ ուղղությունների, որպեսզի ընկերությունը, կատարելով ուղևորային կանոնավոր փոխադրումներ, կոմպենսացնի հավելյալ օդանավի և այլ առաջացած վերոհիշյալ ծախսերը։

Թռիչքները պլանավորված էր իրականացնել 2013թ. օգոստոսից: Սակայն թռիչքների կատարման թույլտվությունները Ռուսաստանի Դաշնությունը տրամադրել է բարձր սեզոնայնության ավարտից հետո՝ սեպտեմբեր ամսին։ Ըստ Արսեն Ավետիսյանի՝ հետագայում պարզ է դարձել, որ ՌԴ ավիացիոն իշխանությունները թույլտվությունները միտումնավոր ուշացրել են «Էյր Արմենիա»-ի մրցակցությունից ձերբազատելու համար:

Այդ պատճառով «Էյր Արմենիա» ավիաընկերությունը ստիպված է եղել գործունեությունը սկսել ցածր սեզոնայնության շրջանում՝ առաջին թռիչքն իրականացնելով Երևան-Ռոստով ուղղությամբ, 2013թ. հոկտեմբերի 24-ին:

Ըստ դատավճռում ամրագրված փաստերի՝ ընկերության կողմից վաճառքների սկսման օրը բոլոր ռուսական ավիաընկերությունները տոմսերի սակագներն անմիջապես նվազեցրել են առնվազն 25%-ով: Ի զարմանս «Էյր Արմենիա» ավիաընկերության, նույն օրը Հայաստանի կառավարությունը անսպասելիորեն հայտարարել է բաց երկնքի քաղաքականության վերաբերյալ իր որոշումը (23.10.2013 N 1248-Ա): Սա նշանակում է, որ օտարերկրյա ավիաընկերությունների համար ՀՀ-ում հանվում են բոլոր տեսակի սահմանափակումները՝ կապված թռիչքների քանակի, նշանակված փոխադրողների և երթուղիների աշխարհագրության հետ։

Բաց երկնքի քաղաքականության հայտարարությունից հետո ընկերությունը հայտնվել է խոցելի իրավիճակում: Արդեն իսկ վճարված են եղել օդանավերի վարձակալության դեպոզիտները և կանխավճարները: Կատարված են եղել բոլոր տեսակի ինֆրաստրուկտուրային ծախսերը, այդ թվում՝ անձնակազմի վերապատրաստման, վաճառքի համակարգերի, համազգեստների, տարբեր միջազգային ավիացիոն ինֆրակառուցվածքների անդամակցության (IATA), գրասենյակների վարձակալության, օդանավերի տեխսպասարկման և այլ ծախսեր:

Ըստ Արսեն Ավետիսյանի և իր պաշտպանի կողմից ներկայացված ապացույցների՝ դրանք իրականացվել էին բանկերից վարկեր վերցնելով՝ գրավադրելով իր և գործընկերոջը պատկանող, Երևանի կենտրոնում գտնվող գրասենյակային տարածքները և բնակարանները։

Դեկտեմբեր ամսին ընկերությունը, ՔԱԳՎ-ից ստանալով նաև կանոնավոր թռիչքների թույլտվության իրավունք դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ), պլանավորել է ամանորյա տոներին 4 չարթերային թռիչք դեպի Դուբայ: Ավիատոմսերի 50%-ն արդեն վաճառված է եղել, երբ ԱՄԷ-ի կողմից թռիչքից ընդամենը 24 ժամ առաջ մերժվել է թույլտվությունը՝ պատճառաբանելով, որ հայկական գրանցում ունեցող օդանավերի թռիչքները դեպի Դուբայ արգելված են ՀՀ ՔԱԳՎ թռիչքային անվտանգության պայմաններին չհամապատասխանելու հիմքով:

«Մեր ընկերությունը ստիպված է եղել Վրաստանից վարձակալել օդանավ և կրելով խոշոր ֆինանսական վնասներ՝ ապահովելով ուղևորների տեղափոխումը՝ աշխատելով ամեն կերպ ապահովել ուղևորների նկատմամբ պայմանագրային պարտավորությունները, ինչպես նաև պահպանելով ընկերության պատիվն ու բարի համբավը, որը ամենաթանկ կապիտալն է»,- հայտնել է Ա. Ավետիսյանը:

Կրելով վնասներ և հաշվի առնելով ցածր բեռնվածությունը՝ հունվար-փետրվար ամիսներից Ավետիսյանը գրավ է դրել իր ծնողներին պատկանող առանձնատունը և 1 մլն 200 հազար եվրո հավելյալ վարկ վերցրել HSBC բանկից, որպեսզի կարողանա դիմակայել մրցակցությանը և կատարել ընկերության պարտավորությունները, այդ թվում՝ պետության նկատմամբ հարկերի և տուրքերի մասով: Սակայն, հետագայում ընկերության վիճակն ավելի է վատացել:

Ընդանուր առմամբ 2014թ. սեպտեմբերից-դեկտեմբեր ամիսներին, ըստ Արսեն Ավետիսյանի, կատարվել է մոտ 488 մլն դրամի ավիատոմսերի վերադարձ։ Ավիատոմսերի վերադարձի գումարները ուղևորներին տրվում են կոնկրետ վաճառքն իրականացնող գործակալի կողմից, և բնականաբար գործակալները սկսել են ուշացնել ավիաընկերության գումարները, ուղևորների նկատմամբ իրենց պայմանագրային պարտավորությունները կատարելու նպատակով:

2014թ. հոկտեմբերի 29-ին «Էյր Արմենիան» դադարեցրել է իր գործունեությունը, քանի որ B737 օդանավի սեփականատերն արգելել է իր օդանավի շահագործումը: Այդ ժամանակահատվածում ընկերությունն արդեն խորը ֆինանսական ճգնաժամի մեջ է եղել և ունակ չի եղել վճարել օդանավի վարձակալության կամ որևէ այլ ծախս։

Ավետիսյանն ու իր պաշտպանները հայտնել են, որ օդի տուրքի գումարները գործակալների կողմից փոխանցվում են մեկ թվով՝ ներառված ավիատոմսերի վաճառքի գնի մեջ, այնպես, ինչպես օդանավակայանի տուրքը, նավթի արժեքը և այլն:

Պաշտպանական կողմից դատարանում հայտնել են, որ ընդհանուր առմամբ ընկերությունը 2014թ. պետտուրքի մասով փաստացի կատարել է մոտ 380 մլն դրամի վճարումներ և առանց տույժերի մոտ 682 մլն դրամ մնացել է պարտք։

Ծրագրվել է օտարերկրյա գործակալներից գումարները ստանալուց հետո իրականացնել պետության հանդեպ պարտավորությունների կատարում, սակայն 2021թ. սեպտեմբերի 11-ից հետո խոշոր գործակալները գումարներն ընկերությանը չեն փոխանցել, այլ անկախ գումարի ծագումից և նշանակությունից, այն ամբողջությամբ ուղղել են իրենց գրասենյակներում վաճառված ավիատոմսերի վերաձևակերպումներին, վերադարձին կամ իրենց երկրներում «Air Armenia»-ին սպասարկած օդանավակայաններին: Այսինքն՝ ընկերությունն այդ գումարները հիմնականում չի ստացել և չի տնօրինել:

2015թ. նոյեմբերին HSBC բանկի հայցով ընկերությունը սնանկ է ճանաչվել: Քրեական գործի նյութերի համաձայն՝ HSBC բանկի նկատմամբ «Էյր Արմենիա»-ի ընդհանուր պարտավորությունները կազմել են մոտ 2 մլն 100 հազար եվրո և 85 մլն դրամ։

Ընկերությունը ունեցել է նաև գրավով չապահովված վարկեր, որոնց համար, բացի գրավի առարկաներից, եղել են նաև անձնական երաշխիքներ: Արգելանք է դրվել Արսեն Ավետիսյանի, վերջինիս ծնողների և մյուս բաժնետիրոջը պատկանող բոլոր գույքերի և հաշվեհամարների վրա:

Արսեն Ավետիսյանը դատարանում հայտնել է, որ 2013-2014թթ. «Էյր Արմենիա» ՓԲԸ ֆինանսական վնասները կազմել են մոտ 16 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։

«Ինչ վերաբերում է պետությանը հասցրած վնասին, ապա կարող ենք նշել, որ կոմերցիոն տեսանկյունից պետությունը որևէ վնաս չի կրել»,- հայտնել է Ավետիսյանը:

Արսեն Ավետիսյանը հայտնել է, որ իրեն առաջադրված մեղադրանքն առաջին հերթին շատ վիրավորական է, քանի որ մեղադրվում է մի արարքի համար, որն ուղղված է պետության սեփականության դեմ և համարվում է ծանր հանցագործություն։

«Ես՝ որպես տնտեսվարող, հավանական է, որ թույլ տված լինեմ որոշ թերություններ կամ բացթողումներ, սակայն իմ արարքը դիտել որպես պետության գույքի յուրացում, որքանով տարօրինակ, այնքանով էլ անհասկանալի է»,- հավելել է ամբաստանյալի աթոռին հայտնված ընկերության տնօրենը:

Վերաքննիչ դատարանն իր համաձայնությունն է հայտնել առաջին ատյանի դատարանի այն հետևություններին, որ «ամբաստանյալ Արսեն Ավետիսյանի վստահությանը հանձնված գույքն ինքն իր կամ մեկ այլ անձի սեփականությունը չի դարձրել, այդ գույքը դուրս չի բերել սեփականատիրոջ գույքային ընդհանուր ֆոնդից և չի ընդգրկել իր սեփական գույքային ֆոնդի մեջ և վերջապես շահադիտական դրդումներով այն չի յուրացրել, ինչպես իր, այնպես էլ մեկ այլ անձի օգտին: Ավելին՝ հայտնվելով ֆորսմաժորային իրավիճակում ամբաստանյալ Արսեն Ավետիսյանը բանկում գրավադրել է իր և իր ընտանիքի անդամներին պատկանող անշարժ և շարժական գույքը և ողջ գումարը ուղղել ընկերությունը պահպանելուն, իսկ ինչու ոչ նաև նախկինում ներդրած մեծ գումարները չկորցնելու համար»:

Դատարանը նաև արձանագրել է, որ «տվյալ դեպքում առերևույթ առկա է համապատասխան կազմակերպության կողմից իր ստանձնած քաղաքացիաիրավական պարտականությունները չկատարելու մասով քաղաքացիաիրավական բնույթի վեճ և ստանձնած գույքային պարտավորությունների չկատարումը չի կարող հիմք հանդիսանալ քրեադատավարական կառուցակարգի կիրառման համար:

Վճռաբեկ դատարանը, բեկանելով վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, որով ուժի մեջ էր թողել առաջին ատյանի դատարանի արդարացման դատավճիռը, արձանագրել է, որ «ստորադաս դատարանները, Ա. Ավետիսյանին առաջադրված մեղադրանքում արդարացնելով, պատշաճ գնահատման չեն ենթարկել վերջինին պատկանող «Էյր Արմենիա» ընկերության և Հայաստանի Հանրապետության միջև ձևավորված իրավահարաբերությունների բնույթն ու այդ համատեքստում տվյալ կազմակերպությանը՝ ենթաօրենսդրական ակտի ուժով վստահված ու փաստացի պետության ֆոնդին ուղղման ենթակա միջոցների տնօրինման հանգամանքները՝ նյութաիրավական նորմի մեկնաբանման հարցում հանգելով սխալ եզրահանգման»:

Այժմ գործը քննվում է վերաքննիչ քրեական դատարանում և հայտնի չէ, թե երբ կավարտվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter