HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարտին Ավետիսյանն այսօր կդառնար 20 տարեկան, նա զոհվել է մարտական դիրքում

Շարքային Մարտին Ավետիսյանը զոհվել է 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Սյունիքի մարզում Սրաշեն-Շիկահող գյուղերի մոտ՝ 124 մարտական դիրքում։ Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, նա կդառնար 20 տարեկան։ Մարտինը բանակ էր զորակոչվել 2021 թվականի մարտին, ծառայում էր Կապանում։

Մայրը հիշում է, որ Մարտինը բանակային կյանքից երբեք չի դժգոհել 1,5 տարվա զինծառայող էր, ամեն անգամ տուն զանգելիս մորն ասել է, որ ամեն ինչ լավ է։

«Շատ կապված էինք իրար հետ, օրերն էինք հաշվում, երբ պիտի տուն գա, էն էլ էս չարաբաստիկ պատերազմը սկսվեց»,- ասում է մայրը՝ Աննա Գևորգյանը։

Նրանց ընտանիքն ապրում է Արագածոտնի մարզի Օշական գյուղում։

Զոհվելուց հետո 14 օր Մարտինը համարվել է անհետ կորած։ Նրա մարմինը սեպտեմբերի  20-ին Ադրբեջանի կողմից Հայաստանին փոխանցված 95 մարմինների մեջ էր։

Հայկ Ավետիսյանը՝ Մարտինի հայրը, հորեղբոր հետ գնացել ու 6 օր մնացել է Կապանում։ Նրանք ուզում էին Մարտինից որևէ լուր իմանալ, բայց զորամասից նրանց ոչ մի հստակ պատասխան չէին տալիս։

«Մեզ մեկ ասում էին անտառներում է, մեկ ասում էին դիրքը պայթացրել են, էլ մեր վերահսկողության տակ չի, ոչ մեկի ասածը մյուսի ասածի հետ չէր համապատասխանում, մինչև որ 95 դիեր փոխանցեցին, ասեցին Մարտինի մարմինը, հավանաբար, էդ դիերի մեջ ա, ամուսինս ԴՆԹ անալիզ հանձնեց, համապատասխանեց»,- պատմում է Աննան։

Մարտին Ավետիսյանը զոհվել է 13-ին գիշերը անօդաչուի հարվածից։ Վնասվածքներ էր ստացել որովայնի, ոտքի, կրծքավանդակի շրջանում։

Մարտինը բանակ զորակոչվելուց 2 ամիս առաջ գնացել և ձեռքին դաջվածք էր արել։

Մայրը դեմ է եղել, որդուն հարցրել է՝ ինչու՞ է դաջվածք արել, Մարտինը պատասխանել է, որ 44-օրյա պատերազմում զոհվածներից շատերին հենց դաջվածքներով էին ճանաչում։

Մարտինի մարմինն էլ ձեռքի դաջվածքով և Աննայի ուղարկած հագուստով էին ճանաչել, որը նա հագել էր զինվորական համազգեստի տակից։

Մարտինը մինչև ծառայության անցնելը հոր հետ շինարարությամբ էր զբաղվում, աշխատած գումարը հավաքում էր, որ մեքենա գնեն, տունը նորոգեն։

«Էնքան համեստ ու լավն էր, մեզ չէր ուզում ոչ մի բանով նեղություն տալ, հիմա էլ, որ անցյալով եմ խոսում, ներսս փշուր-փշուր ա լինում, չեմ ուզում հավատալ, որ չկա»,- ասում է Աննան։

Մարտինը տան ավագ որդին էր։

Մարտին Ավետիսյանը հուղարկավորված է Օշականում՝ ընտանեկան գերեզմանատանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter