HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Յուկոսի» անունով Credit Suisse բանկում հաշիվներ են բացվել. տնօրինությունը տեղյակ չէ, իսկ բանկը լռում է

 

 

📌 Միխայիլ Խոդորկովսկու հիմնադրած նավթային «Յուկոս Օյլ» ընկերության հայաստանյան դուստր՝ «Յուկոս ՍՆԳ ինվեստմենթ»-ի (Yukos CIS Investment Limited) անունով շվեյցարական Credit Suisse բանկում բացված երկու հաշիվներին եղել է ավելի քան 150 միլիոն շվեյցարական ֆրանկ։

📌 Նման խոշոր ընկերության դուստր ձեռնարկության բանկային հաշվին այսքան գումարի առկայությունը որևէ կասկածի տեղիք չէր տա, եթե ընկերության նախկին ղեկավարությունը չպնդեր, թե տեղյակ չէ՝ դա ինչ գումար է և ով է բացել բանկային այդ հաշիվները։

📌 Credit Suisse-ը լռում է` բանկը չի պատասխանել մեր հարցմանը։ Սա կասկածի տեղիք է տալիս, քանի որ Credit Suisse-ը նախկինում միշտ պատասխանել է մեր հարցումներին։

«Յուկոս ՍՆԳ ինվեստմենթ»-ի բանկային հաշիվների մասին տեղեկատվությունը «Հետք»-ին հասանելի է դարձել Suisse Secrets հետաքննության շրջանակում։

Suisse Secrets-ը միջազգային լրագրողական հետաքննություն է՝ հիմնված բանկային հաշիվների մասին տվյալների արտահոսքի վրա։

Արտահոսած տեղեկատվությունը վերաբերում է մոտ 30 հազար անձի և ավելի քան 18 հազար բանկային հաշիվների: Արտահոսած տվյալներում Հայաստանի հետ կապ ունեցող անձանց թիվը մոտ 500 է, իսկ բանկային հաշիվների թիվը՝ մոտ 400:

2000-ականների սկզբին Միխայիլ Խոդորկովսկու և Վլադիմիր Պուտինի միջև ծագած քաղաքական տարաձայնությունների արդյունքում Ռուսաստանում «Յուկոս Օյլ»-ի դեմ տարբեր քրեական գործեր հարուցվեցին։ 

Ռուսաստանի կառավարությունը սառեցրեց «Յուկոս Օյլ»-ի բաժնեմասերը, շարունակվեցին ընկերության դեմ դատական գործերն ու հետապնդումները, ինչի արդյունքում ընկերության բաժնեմասերն արժեզրկվեցին, և ընկերությունը 2006-ին սնանկ ճանաչվեց։

2005-ին Միխայիլ Խոդորկովսկին դատապարտվեց 14 տարվա ազատազրկման՝ փողերի լվացման և տնտեսական բնույթի այլ հանցագործությունների համար։ Պուտինը նրան ներում շնորհեց 2013-ին։ Ազատ արձակվելուց հետո Խոդորկովսկին տեղափոխվեց Շվեյցարիա, այնուհետև՝ Մեծ Բրիտանիա, որտեղ նա շարունակում է իր ընդդիմադիր գործունեությունը։

«Յուկոս Օյլ»-ը հայցեր ներկայացրեց Ռուսաստանի դեմ տարբեր միջազգային դատարաններում՝ ընկերության դեմ քաղաքական հետապնդումներ իրականացնելու համար։ Որոշ գործերով «Յուկոսը» հաղթեց, և Ռուսաստանը պարտավորվեց խոշոր գումարներ վճարել «Յուկոսի» իրավահաջորդ ընկերություններին։ Այս գործերն ավելի հայտնի են Yukos Case (Յուկոսի գործը) անվամբ։

Ընկերության դեմ հետապնդումների ժամանակ «Յուկոս Օյլ»-ը իր դուստր ընկերությունների միջոցով փորձեց գումարները հանել Ռուսաստանից։ Սրա վերաբերյալ աշխարհի տարբեր երկրներում քրեական և դատական գործեր հարուցվեցին։ 

Այս գործերի մաս կազմեց նաև «Յուկոս»-ի հայաստանյան դուստր՝ «Յուկոս ՍՆԳ ինվեստմենթ» ընկերությունը, որի մասին «Հետքում» տարբեր հրապարակումներ կանլ։

«Յուկոս ՍՆԳ ինվեստմենթ»-ի նախկին տնօրենն անակնկալի եկավ

Ըստ #SuisseSecrets-ի արտահոսած տվյալների, Credit Suisse-ում «Յուկոս»-ի հայաստանյան դուստր ընկերությունը ունեցել է երեք հաշիվ։

Բոլոր հաշիվները բացվել են 2008-ին։ Դրանցից մեկին ընդհանրապես որևէ գումար չի եղել, և բացվելուց մեկ տարի անց այն փակվել է։ Այդ հաշվով ընկերությունը գործարքներ չի կատարել:

Իսկ մյուս երկու հաշիվներին ընդհանուր առմամբ եղել է ավելի քան 150 մլն շվեյցարական ֆրանկ։ 

Քանի որ բանկային հաշիվները բացվել են «Յուկոս ՍՆԳ ինվեստմենթ»-ի տնօրեն Արմեն Միքայելյանի պաշտոնավարման ընթացքում, փորձեցինք նրանից ճշտել, թե ինչ հաշիվներ են եղել հայաստանյան ընկերության անվամբ և, ի վերջո, ինչ գումար էր այդ հաշիվներին։

Արմեն Միքայելյանն անակնկալի եկավ, երբ իմացավ, որ երեք հաշիվ կար Credit Suisse-ում։ Նա տեղեկացրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում միայն մեկ հաշիվ է բացվել, որը 2009-ին փակվել է։ 

«Ես պաշտոնապես հաստատում եմ, որ տեղյակ չեմ եղել որևէ այլ հաշվի մասին, բացի այն մեկից, որը բացվել է Clariden Leu-ում 2008-ին և փակվել 2009-ին։ Նշված հաշվի փակումը հաստատվել է Clariden Leu-ի կողմից»,- ասաց Արմեն Միքայելյանը։ 

Նույնաբովանդակ պատասխան ստացանք նաև JLA Communications-ի նախագահ Ջիմ Լեյքից, որին «Յուկոս»-ի նախկին ղեկավարությունը լիազորել է զբաղվել մամուլի հարցերով։ 

««Յուկոս ՍՆԳ ինվեստմենթ»-ը բացել է մեկ հաշիվ Clariden Leu-ում 2008-ին, որը ենթադրաբար նույն հաշվեհամարն է, որին անդրադարձել եք։ Մեր գրառումների հպանցիկ վերանայումը, կարծես, ցույց է տալիս, որ նշված հաշիվը փակվել է նախքան «Ռոսնեֆտի» թշնամական բռնագրավումը»,- մեր գրավոր հարցմանը պատասխանեց Ջիմ Լեյքը։ 

Clariden Leu-ն 2007-ին Ցյուրիխում հիմնադրված բանկ է, որը ստեղծման պահին մասամբ Credit Suisse խմբին է պատկանել։ Սակայն 2012-ից այն միաձուլվեց Credit Suisse-ին։ 

«Ինչպես պրն Միքայելյանը, Յուկոսի ղեկավարությունը նույնպես տեղյակ չէ որևէ այլ հաշվեհամարի մասին, որը երբևէ բացվել է Credit Suisse-ում «Յուկոս ՍՆԳ ինվեստմենթ»-ի անունով։ Մենք տեղյակ ենք միայն մեկ հաշվեհամարի մասին, որը «Յուկոս ՍՆԳ ինվեստմենթ»-ը Clariden Leu-ում բացել և փակել է վաղուց։ Անտեղյակ լինելով նման հաշիվների գոյության մասին՝ պետք է որ ակնհայտ լինի, որ մենք չենք կարող ասել, թե ով է «կառավարել» դրանք կամ ինչպես են տնօրինվել այդ հաշիվներում ենթադրաբար եղած գումարները»,-նշված է պատասխանի մեջ։ 

Ջիմ Լեյքը տրամադրեց նաև իրենց բացած հաշվեհամարի տվյալները, որոնք չեն համապատասխանում Credit Suisse–ի՝ մեր ձեռքի տակ եղած երեք հաշիվներից ոչ մեկին։

Ավելին, Clariden Leu-ի հաշվեհամարը երկու ենթահաշիվ ունի՝ եվրոյի և ԱՄՆ դոլարի, իսկ մեր ձեռքի տակ հայտնված՝ Credit Suisse-ում բացված հաշվեհամարները շվեյցարական ֆրանկով են։ 

Արմեն Միքայելյանին հարցրեցինք՝ որևէ կասկած ունի՞, թե ովքեր են բացել այդ հաշիվները։ Եվ երբ մասնակցել է իրենց նշած հաշվեհամարի բացմանը, ովքե՞ր են ներկա եղել կամ ուղեկցել իրեն։ Նա խուսափողական պատասխան տվեց՝ չանդրադառնալով բուն հարցին։

 «Ես վստահ չեմ, որ կարող եմ ինչ-որ բան պատմել ձեզ իբր ավելի քան հարյուր միլիոն դոլար արժողությամբ հաշիվների՝ ձեր հետաքննության մասին, բացառությամբ, որ դրանք ոչ մի առնչություն չունեն ինձ կամ «Յուկոս ՍՆԳ ինվեստմենթի» հետ, ինչը հաստատում են փաստաթղթերը և մյուսները»,-ասաց նա։

Արմեն Միքայելյանին նաև հարցրեցինք՝ արդյոք ինչ-որ գործընթաց նախաձեռնել է՝ պարզելու, թե ովքեր են «Յուկոս ՍՆԳ ինվեստմենթի» անունով հաշիվներ բացել այն ժամանակահատվածում, երբ ինքն է եղել ընկերության տնօրենը։ 

«Ես չեմ կարող որևէ մեկնաբանություն տալ բանկային այն հաշիվների մասին, որոնց մասին որևէ գաղափար չունեմ։ Ոչ էլ այն կարգավիճակում եմ, որ տեղեկացնեմ ձեզ փաստաբանից ստացած իրավական խորհրդատվության մասին»,-նշեց Արմեն Միքայելյանը։ 

Ընկերության տնօրինությունը չասաց՝ արդյոք ունի որևէ կասկած կամ ենթադրություն, թե ով կարող էր ժամանակին ընկերության անունով հաշիվ բացել և այն տնօրինել առանց ընկերության իմացության։

«Յուկոսի» գործերի ուսումնասիրությունից պարզվեց, որ ընկերության լուծարումից հետո իրավահաջորդ ընկերություններում ներքին տարաձայնություններ և կոնֆլիկտներ են ծագել ղեկավարության, ինչպես նաև տարբեր դուստր ընկերությունների կառավարիչների միջև։

Ամենահայտնի դեպքերից մեկը «Յուկոսի» նախկին աշխատակից Դանիել Ֆելդմանի դատական գործն է։ 

Ֆելդմանին «Յուկոսի» իրավահաջորդ վեց ընկերությունները մեղադրեցին անձնական շահի համար լիազորությունները չարաշահելու, կաշառք վերցնելու և այլ ապօրինի գործունեության մեջ։ 

Ֆելդմանի դատական գործին մանրամասն ծանոթացեք այս հղումով։

Տարիներ տևած դատական գործի արդյունքում Նյու Յորքի դատարանը Ֆելդմանին, վերջիվերջո, մասամբ արդարացրեց 2020-ին, սակայն այս դատական գործը ևս մեկ անգամ ապացուցեց, որ «Յուկոսի» ներսում կային լուրջ խնդիրներ և վատ մտադրություններ ունեցող աշխատակիցներ։ 

Մի քանի կարևոր հարց է առաջանում՝ միգուցե շվեյցարական Credit Suisse-ում այս հաշիվները բացել են «Յուկոս»-ի նախկին աշխատակիցնե՞րը։  Գուցե այդ աշխատակիցները փորձել են օգտվե՞լ «Յուկոսում» ստեղծված խառը իրավիճակից։

Ինչո՞ւ է լռում Credit Suisse-ը։ Ինչո՞ւ «Յուկոսի» հայաստանյան դուստր ընկերության տնօրինությունը չի ասում՝ պատրաստվո՞ւմ է լրջորեն զբաղվել այս հարցով և պարզել, թե ովքեր են կանգնած այս հաշիվների հետևում, չէ՞ որ խոսքն ավելի քան 150 մլն ֆրանկի մասին է։

Վերջիվերջո, եթե «Յուկոսը» փորձի այս հարցերի պատասխանը գտնել, հնարավոր է Դանիել Ֆելդմանի դատական գործից ոչ պակաս աղմկահարույց նոր դատական գործընթաց սկսվի։

 

 

Ի՞նչ նպատակով էր ստեղծվել «Յուկոսի» հայաստանյան դուստր ընկերությունը

«Յուկոս» նավթային ընկերությունը 2002-ին Հայաստանում ստեղծել էր «Յուկոս ՍՆԳ ինվեստմենթ» ՍՊԸ-ն։ «Յուկոս» նավթային ընկերությունը համարել էր, որ օրենսդրական արտոնությունների և ազատական բանկային համակարգի շնորհիվ Հայաստանը շատ հարմար է միջազգային հոլդինգային խմբի ստեղծման համար՝ «Յուկոս ՍՆԳ ինվեստմենթ»-ի գլխավորությամբ:

«Յուկոս ՍՆԳ ինվեստմենթ» ՍՊԸ-ն իր հերթին հիմնադրել էր ընկերությունների խումբ՝ հոլդինգ, որոնք համատեղ ավելի քան 4 մլրդ դոլարի ակտիվների էին տիրապետում։

«Յուկոսի» մենեջերները, երբ զգացել էին մոտալուտ վտանգը, Նիդերլանդներում ստեղծել էին հայաստանյան «Յուկոս ՍՆԳ ինվեստմենթ»-ի մեկ այլ դուստր ընկերություն, որի միջոցով հայաստանյան դուստր ընկերության բոլոր ակտիվները փոխանցել էին բաժնետերերի շահերը պաշտպանելու նպատակով ստեղծված ստիխտինգային հիմնադրամին` Stichting Administratiekantoor FPH.

Ստիխտինգային հիմնադրամն իրավաբանական հատուկ կարգավիճակ ունեցող կազմակերպություն է, որը չունի բաժնետերեր, սակայն կարող է բարեգործական, հասարակական, տնտեսական, նույնիսկ առևտրային գործունեություն ծավալել: Կարող է նաև այլ ընկերության բաժնետեր լինել և առևտրային գործունեությունը ծավալել իր դուստր ընկերությունների միջոցով և կառավարել բաժնետիրական կապիտալը: Այդ տիպի ստիխտինգը ձեռք է բերում ընկերության բաժնետոմսերը` փոխանակելով դրանք ավանդային մուտքերով (depositary receipts): Այսպես էին «Յուկոսի» մենեջերներն ապահովագրել հայաստանյան դուստր ընկերության միջոցով ստեղծված հոլդինգի կապիտալը։

Հայաստանյան ընկերության տնօրեն նշանակվել էր Արմեն Միքայելյանը։ Ընկերության կանոնադրական կապիտալը 1 մլն դոլարին համարժեք դրամ էր՝ այն ժամանակ ավելի քան 500 մլն դրամ:

Արմեն Միքայելյանը «Յուկոս ՍՆԳ ինվեստմենթի» տնօրեն էր նշանակվել մայր «Յուկոսի» գործադիր փոխնախագահ, հայազգի իրավաբան Վասիլի Ալեքսանյանի միջոցով, որի հետ Արմեն Միքայելյանը սովորել էր Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետում: Երկուսն էլ ավարտել են նաև Հարվարդի համալսարանը: Վասիլի Ալեքսանյանը 2011-ին մահացել է։

2006-ին Մոսկվայի արբիտրաժային դատարանի որոշմամբ «Յուկոս» նավթային ընկերությունը սնանկ էր ճանաչվել: 2007-ի օգոստոսին «Յուկոսի» բաժնեմասն օտարվել էր նավթային «Ռոսնեֆթ» ընկերությանը, և ի թիվս այլ բազմաթիվ ընկերությունների` սնանկության վարույթի շրջանակներում «Ռոսնեֆթը» ձեռք էր բերել նաև «Յուկոս ՍՆԳ ինվեստմենթ»-ի բաժնեմասը:

Մինչ Խոդորկովսին և իր գործընկերները բանտում էին, տարբեր օֆշորային ընկերություններ՝ Նիդերլանդներում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, ինչպես նաև Հայաստանում` դատական կարգով փորձում էին «Յուկոսի» ակտիվները ձեռք բերած  «Ռոսնեֆթից» ստանալ միլիոնավոր դոլարները կամ թույլ չտալ «Ռոսնեֆթին» կլանել այդ ընկերությունները: 

Խոդորկովսկու հայաստանյան գործընկերները հայաստանյան ընկերության, ինչպես նաև դրա հիմնադրած դուստր ընկերություններում ներդրած կապիտալին տիրանալու «Ռոսնեֆթի» փորձը կանխելու նպատակով մի քանի տարբեր գործերով անցել են հայաստանյան դատական բոլոր ատյաններով, սակայն՝ ապարդյուն։

«Ռոսնեֆտ» ընկերությունը դիմել էր նաև Հայաստանի իրավապահ մարմիններին: Հայաստանում 2009 թ․-ին հարուցվել էր քրեական գործ և մեղադրանք առաջադրվել «Յուկոս ՍՆԳ ինվեստմենթի» արդեն նախկին տնօրեն Արմեն Միքայելյանին, որովհետև վերջինս հրաժարվել էր հանձնել ընկերության փաստաթղթերն ու կնիքը, քանի դեռ դատարաններում քննվում էր «Ռոսնեֆթի» կողմից ընկերությանը տիրանալու օրինականության հարցը:

Արմեն Միքայելյանը հեռացել էր Հայաստանից և բնակվում էր ԱՄՆ-ում՝ խուսափելով իրավական հետապնդումներից։ 2018-ի իշխանափոխությունից հետո միայն Արմեն Միքայելյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվեց, եւ նա արդեն այցելում է Հայաստան։

Նիդերլանդներում ընթացող դատական գործերը վերջնական հանգուցալուծում ստացան 2015թ․-ին՝ «Յուկոսի» և «Ռոսնեֆտի» հաշտությամբ։ Կողմերը համաձայնագիր կնքեցին, որ հրաժարվում են փոխադարձ պահանջներից  և դադարեցնում են դատական բոլոր պրոցեսները, ինչպես նաև՝ պարտավորվում են ապագայում ևս միմյանց պահանջներ չներկայացնել՝ կապված «Յուկոսի» սնանկացման և լիկվիդացման հետ։

Հայաստանյան «Յուկոս ՍՆԳ ինվեստմենթ»-ի բաժնեմասը 2010-ից տնօրինում էր «Ռոսնեֆտը», սակայն վերջինս այդպես էլ չի կարողացել հասնել դրա հոլդինգային դուստր ընկերությունների կապիտալին։

Կարդացեք նաև

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter