HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժը

Ֆրանսիան կոչ է անում առանց նախապայմանների վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժը։ Այդ մասին նշվում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ, որը տարածվել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանության կայքում։

«Ֆրանսիան կոչ է անում առանց որևէ նախապայմանի վերականգնել Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի մատակարարումը՝ պահպանելով այնտեղ ապրող բնակչության իրավունքները»,- նշվում է հայտարարության մեջ։

Ափսոսանք հայտնելով երթեւեկի ու մատակարարումների համար ստեղծված խոչընդոտների կապակցությամբ, Փարիզը հիշեցրել է նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարությունը, որտեղ ընդգծվում էր Լաչինի միջանցքի անխափան գործունեության մասին։ «Ադրբեջանը պարտավորվել է երաշխավորել երկու ուղղությամբ Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտի և բեռների տեղաշարժի անվտանգությունը»,- ընդգծվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ իրավիճակը լարված է Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին։ Քաղաքացիական հագուստով մի քանի հարյուր ադրբեջանցիներ Շուշիի հատվածում արդեն երրորդ օրը փակել են ճանապարհը՝ Արցախի բնակչության պահելով շրջափակման մեջ։

Վերջիններիս փոխանցմամբ՝ նրանք, իբր, բողոքում են «հայերի կողմից Լեռնային Ղարաբաղի բնական պաշարների ապօրինի օգտահանման դեմ»։ Ադրբեջանցիները հանդիպում են պահանջում ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի հետ, սակայն վերջինս անտեսում է նրանց պահանջը։ Ռուսական ուժերը նաև հատուկ տեխնիկա են բերել Շուշիի մոտ և տեղադրել մոդուլային զորանոցներ։

Երեկ երեկոյան նաև հայտնի դարձավ, որ Ադրբեջանը խափանել է Արցախի գազամատակարարումը։ «Եղանակային նման պայմաններում երկնագույն վառելիքի մատակարարման դադարեցումը հումանիտար ու տնտեսական ահաբեկչություն է, որը հետևողականորեն իրականացնում է Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակիչների դեմ: Իրավիճակի մասին հանրությանը պարբերաբար տրամադրվելու է տեղեկատվություն»,- նշված է Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրությունում։

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter