HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ադրբեջանը հայտարարել է, թե ինքը կապ չունի Արցախում գազամատակարարման դադարեցման հետ

Ադրբեջանական «Ազերիգազ» արտադրական միավորումը, որը պատկանում է Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը՝ SOCAR-ին, հայտարարել է, որ «ադրբեջանական կողմը որևէ կապ չունի ռուս խաղաղապահների կողմից ժամանակավորապես վերահսկվող տարածքներում գազի մատակարարման դադարեցման հետ»։ Այդ մասին, հղում անելով ընկերության տարածած հայտարարությանը, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Այն տարածքներ գազի մատակարարումը, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուսական խաղաղապահները, իրականացվում է Հայաստանի կողմից, դրանք ինտեգրված չեն մեր երկրի գազամատակարարման համակարգին»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

Ադրբեջանական կողմը հայկական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, որ Ադրբեջանը խափանել է Հայաստանից Արցախ գնացող գազի մատակակարումը, «սադրիչ» է բնորոշում՝ պնդելով, թե իբր դա «միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու նպատակով է արվում»։ Ադրբեջանական ընկերությունը հավելել է, որ գազատարի այն հատվածում, որը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, առաջիկա օրերին տեխնիկական ստուգում կարվի։

Հիշեցնենք՝ երեկ երեկոյան Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ Ադրբեջանը խափանել է Արցախի գազամատակարարումը։ «Եղանակային նման պայմաններում երկնագույն վառելիքի մատակարարման դադարեցումը հումանիտար ու տնտեսական ահաբեկչություն է, որը հետևողականորեն իրականացնում է Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակիչների դեմ»,- ասվում էր հաղորդագրության մեջ։

Դրանից զատ, Արցախի իշխանությունները հայտարարել են, որ ճանապարհի փակ լինելու ու գազամատակարարման դադարեցման պատճառով Արցախում առաջացել է բենզինի, դիզվառելիքի, հեղուկ և սեղմված գազի պակաս, ինչի հետևանքով այնտեղ անցել են խնայողական ռեժիմի։ Դադարեցվել է նաև այն ուսումնական հաստատությունների աշխատանքը, որտեղ ջեռուցումը կազմակերպվում էր գազով։

Բացի այդ, արդեն երրորդ օրն է, ինչ քաղաքացիական հագուստով մի քանի հարյուր ադրբեջանցիներ Շուշիի հատվածում փակել են Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհը` Արցախի բնակչությանը պահելով շրջափակման մեջ։

Վերջիններիս փոխանցմամբ՝ նրանք, իբր, բողոքում են «հայերի կողմից Լեռնային Ղարաբաղի բնական պաշարների ապօրինի օգտահանման դեմ»։ Ադրբեջանցիները հանդիպում են պահանջում ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի հետ, սակայն վերջինս անտեսում է նրանց պահանջը։ Ռուսական ուժերը նաև հատուկ տեխնիկա են բերել Շուշիի մոտ և տեղադրել մոդուլային զորանոցներ։ Ռուս խաղաղապահներին չի հաջողվում ադրբեջանցիներին համոզել բացել ճանապարհը։

Լուսանկարը՝ apa.az-ից

Մեկնաբանություններ (1)

Միհրան
"Ադրբեջանը հայտարարել է, թե ինքը կապ չունի Արցախում գազամատակարարման դադարեցման հետ" ......Քերականապես, ոչ հայերեն․․․"հետը" այստեղ սխալ է։ ""Հետը" միայն մարդու/շնչավորի վերաբերյալ է գործածվում․․․․Այստեղ տրական հոլով է պետք - Ադրբեջանը հայտարարել է, թե ինքը կապ չունի Արցախում գազամատակարարման դադարեցմանը․․․․․․Ավելի լավ կլիներ գրել - Ադրբեջանը հայտարարել է, թե ինքը պատասխանատու չէ Արցախում գազամատակարարման դադարեցման համար․․․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter