HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բանկոմատներում գումար չկա, դեղորայքի եւ բանջարեղենի պակաս կա. ասում են արցախցիները

«Արցախում դեղորայքի, կաթնամթերքի, բանջարեղենի պակաս կա։ Ինչ էլ կա, արդեն լավ վիճակում չի»,- ասում է Ստեփանակերտի բնակիչ Անի Ղազարյանը։

Շուշեցի Անին 44-օրյա պատերազմից հետո ամուսնու, երկու երեխաների և սկսեսուրի հետ ապրում է Ստեփանակերտում։

Ասում է՝ թեև սննդամթերքի որոշ տեսակների պակաս կա, բայց հիմնականում արցախցիները ձմռանը պատրաստված են, տներում պաշարներ ունեն։ 

Արդեն մեկ շաբաթ է, ինչ Արցախը շրջափակման մեջ է։ Դեկտեմբերի 12-ին «բնապահպան» ներկայացող, իսկ իրականում, ըստ ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան TV»-ի՝ «Ազերգազ» ընկերության եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքի հետ կապ ունեցող մի խումբ ադրբեջանցիներ փակեցին Գորիս-Ստեփանակերտ մայրուղին։ Այնուհետև Ադրբեջանը խափանեց Արցախի գազամատակարարումը, որը վերականգնեց ամսի 16-ին։

Անին դեռևս կանխիկով է գնումներ կատարում, բայց այն կբավարարի ընդամենը մի քանի օր։ Աշխատում է խնայել։ 

«Սուպերմարկետներում ով կարողանում է, քարտով է վճարում, որ կանխիկը խնայի, բայց դե մեկ ա, եթե մի քիչ էլ երկարի, մեծամասնությունն էլ չի ձգի։ Գումար չկա, կանխիկ շատ քիչ ա, բանկոմատներում չկա, չենք կարողանում հանել։ Իշխանություններն ասում են՝ զինվեք համբերությամբ և խնայողաբար օգտագործեք ամեն ինչ»,- պատմում է նա։

Թեև Արցախը շրջափակման մեջ է, սակայն մարդկանց շրջանում խուճապ չկա։ «Ամենքն իր գործին ա»,- նշում է Անին։

Մարտակերտ քաղաքի բնակիչ Մխիթար Բաղմանյանը եղբայրների ու մոր հետ ղեկավարում է ընտանեկան փոքրիկ բիզնեսը։ Նրանք Մարտակերտում հացի փուռ և խանութ ունեն։ Մինչեւ արցախյան երկրորդ պատերազմը փոքրիկ կրպակ և լիմոնադի գործարան ունեին, որը պատերազմի ժամանակ ավերվել է։ Պատերազմի օրերին Մարտակերտի իրենց փռում հաց էին թխում ու բաժանում բնակիչներին։ Այդ ժամանակ Մխիթարը ծառայում էր։ Հայրը՝ զորացրված սպա Միքայել Բաղմանյանը, ՄՈԲ-ին կցվելով՝ գնացել էր մարտական հերթապահության։ Նա զոհվել է 44-օրյա պատերազմում։

Մինչեւ ճանապարհի փակումը Մխիթարն ավագ եղբոր՝ Դավիթի հետ ամսական երկու անգամ Մարտակերտից Երևան էր գալիս, խանութի համար առևտուր անում։ Հիմա պահեստավորած ապրանքի մեծ մաասը սպառվել է։ 

Կաթնամթերքի ու բանջարեղենի խնդիր կա։ Փուռն աշխատում է կանոնավոր կերպով, ալյուրի խնդիր դեռևս չկա։ 

«Փռերը նորմալ աշխատում են, հացի խնդիր չկա Ստեփանակերտում, բայց  մարդիկ խանութներից մեծաքանակ առևտուր են անում, որովհետև մտավախություն ունեն, որ եթե ճանապարհը երկար ժամանակ փակ մնա, սնունդը խանութներում կվերջանա, հիմա դեղատներում դեղորայքի պակաս կա, ասում են՝ պահեստներում էլ չկա»,-պատմում է Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Իլոնա Բաղդասարյանը։

Իլոնան մինչ 44-օրյա պատերազմն ընտանիքի հետ ապրում էր Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում, պատերազմում զոհվեց Իլոնայի հայրը՝ Մհեր Բաղդասարյանը։ 

Իլոնայի ընտանիքն ամեն ամիս գալիս էր Երևան՝ Եռաբլուր զինվորական պանթեոն, Մհերի շիրիմին այցի։ Այս ամիս Երևան գալ չեն կարողացել։ 

Պատմում է, որ հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 15-ին, իր ընկերուհին ավտովթարի է ենթարկվել, շտապ վիրահատության անհրաժեշտություն կար, պետք էր Երևան տեղափոխել, բայց քանի որ ճանապարհը փակ էր, Ստեփանակերտում ռիսկի են դիմել ու վիրահատել աղջկան։ 

Սկզբում բժիշկներն ասել են, թե հնարավոր է՝ աղջիկը չքայլի, քանի որ չգիտեն վիրահատությունն ինչպես կավարտվի, բարդություններ կարող են առաջանալ, բայց, բարեբախտաբար, երեկ հիվանդը երկու ոտքերը շարժել է, հուսով են, որ հետվիրահատական շրջանը լավ կանցնի։

Իլոնայի հիմնական մտահոգությունը դեղորայքի պակասի հետ է կապված։

«Մանավանդ պատերազմից հետո, շատ մարդիկ ունեն նյարդային խնդիրներ, ճնշման տատանումներ, շաքարային դիաբետ, ու դեղեր կան, որ սպառվել են դեղատներում»,- ասում է Իլոնան։

Նրա խոսքով՝ պատերազմից հետո միշտ էլ մտավախություն ունեցել է, որ ադրբեջանցիները կարող են փակել Արցախի ճանապարհը, բայց երբեք իր կամ ընտանիքի անդամների մտքով չի անցել Արցախից հեռանալ։ «Ես դեռ հույս ունեմ, որ մեր գյուղ՝ Ավետարանոց եմ գնալու»,-ասում է Իլոնան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter