HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Իշխանական նախկին պատգամավորը տուգանվել է հայտարարագրում սխալ ու թերի տվյալներ նշելու հետեւանքով  

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) տուգանել է 2019-2021 թթ. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, վարչապետ Փաշինյանի ընկեր Հայկ Գեւորգյանին, որն իր հայտարարագրում սխալ եւ ոչ ամբողջական տվյալներ է ներկայացրել ունեցվածքի մասին:

ԿԿՀ-ն Գեւորգյանի ունեցվածքով սկսել էր հետաքրքրվել այն բանից հետո, երբ այս տարվա ապրիլին «Հետքը» գրել էր, որ չնայած Փաշինյանն ու նրա թիմակիցները իշխանության գալուց հետո պարբերաբար խոսում են պաշտոնյաների թափանցիկ եւ հաշվետու աշխատաոճի կարեւորության մասին, հենց իր՝ Փաշինյանի մերձավորներն են խախտել հայտարարագրման վերաբերյալ օրենսդրությունը՝ իրենց ամբողջ ունեցվածքը պատշաճ չներկայացնելով: Նման 3 օրինակ էինք բերել՝ վարչապետի պաշտոնյա աներորդուն՝ պատգամավոր Հրաչյա Հակոբյանին, վերջինիս մորը (Փաշինյանի զոքանչին)՝ Կիմա Մկրտչյանին, եւ վարչապետի ընկերոջը՝ Հայկ Գեւորգյանին, որը ԱԺ պատգամավոր էր 2019-2021 թթ.:

Հակոբյանի ու Մկրտչյանի մասով ԿԿՀ-ն դեռ որոշում չի կայացրել, իսկ Գեւորգյանին հանձնաժողովը դեկտեմբերի 1-ին որոշել է ենթարկել վարչական տույժի ու տուգանել 200.000 դրամի չափով:

Գրել էինք, որ Հայկ Գեւորգյանը, ով Նիկոլ Փաշինյանի հետ աշխատել է «Հայկական ժամանակ» օրաթերթում, 20-ական % փայ ունի այս օրաթերթի հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ում (70 %-ն էլ պատկանում է Փաշինյանի զոքանչին), ինչպես նաեւ «Նիկան հրատարակչություն» ՍՊԸ-ում (մնացած 80 %-ը Փաշինյանի զոքանչինն է, «Նիկան» անունն էլ, ըստ ամենայնի, գոյացել է Նիկոլ+Աննա անունների միավորումից):

Նշել էինք, որ Գեւորգյանը 2019 եւ 2020 թթ. իր տարեկան հայտարարագրերի, ինչպես նաեւ պաշտոնի դադարեցման 2021 թ. հայտարարագրի «բաժնային արժեթղթեր եւ այլ ներդրումներ» տողի տակ որեւէ նշում չի կատարել, այնինչ պարտավոր էր ներկայացնել իր 20-ական %-ները վերը նշված ընկերություններում: Փոխարենը այս նույն 3 հայտարարագրերի «շահերի հայտարարագիր» հատվածում նախկին պատգամավորը նշել է, որ 20 % բաժնեմաս ունի «Դարեսկիզբ» ՍՊԸ-ում, իսկ «Նիկան հրատարակչության» 20 %-ի մասին որեւէ խոսք որեւէ տեղ չկա:

Նաեւ նկատել էինք, որ պատգամավորական մանդատը ստանձնելիս՝ 2019-ի հունվարին, Հայկ Գեւորգյանը դուրս է եկել «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնից, որը զբաղեցրել է 2013-2019 թթ.: Դա նորմալ է, քանի որ ՀՀ Սահմանադրությունն ամրագրում է. «Պատգամավորը չի կարող զբաղեցնել ... որեւէ պաշտոն առեւտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք՝ բացի գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքից»: Սակայն Գեւորգյանը 2009-ից տնօրեն էր նաեւ «Նիկան հրատարակչություն» ՍՊԸ-ում, այնինչ պատգամավոր դառնալիս, ըստ պետռեգիստրի տվյալների, նա չի թողել այդ պաշտոնը, ինչը Սահմանադրության խախտում է:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մեր ապրիլյան հրապարակումից հետո հարցումներ էր ուղարկել ոչ միայն տարբեր պետական մարմինների, այլեւ պարզաբանման հնարավորություն տվել նախկին պատգամավորին:

Գեւորգյանը հայտարարագրել է 2 մեքենաներից մեկը

Նկատենք նաեւ, որ ԿԿՀ-ն շեշտը դրել է միայն պաշտոնի դադարեցման 2021 թ. հայտարարագրի վրա՝ չանդրադառնալով Գեւորգյանի՝ 2019 եւ 2020 թթ. տարեկան հայտարարագրերին:

Այսպիսով՝ ԿԿՀ-ն պարզել է, որ իշխանական նախկին պատգամավորի անունով 2018 թ. գրանցվել է «Mitsubishi Pajero iO» մակնիշի ավտոմեքենա, իսկ 2021 թ.՝ նաեւ «Nissan X-Terra» մակնիշի մեքենա: Այդուհանդերձ, պաշտոնի դադարեցման հայտարարագրում Գեւորգյանը նշել է միայն առաջինը: Ըստ հանձնաժողովի՝ սա նշանակում է, որ նախկին պաշտոնյան ոչ ամբողջական տվյալ է ներկայացրել: Բացի դրանից՝ «Mitsubishi»-ի նույնականացման համարի փոխարեն Գեւորգյանը նշել է «Nissan»-ի նույնականացման համարը, ինչը համարվում է սխալ տվյալի ներկայացում:

Իր պարզաբանման մեջ Գեւորգյանը գրել է, թե «Nissan X-Terra» մակնիշի մեքենա ունենալու հանգամանքը պաշտոնի դադարեցման հայտարարագրում չի նշվել իր եւ օգնականի միջեւ «տվյալների փոխանցման ընթացքում առաջացած շփոթմունքի եւ անուշադրության հետեւանքով, ինչպես նաեւ հայտարարագրման համակարգի տեխնիկական խնդիրների պատճառով (եղել են իրավիճակներ, որ բազմաթիվ անգամներ հայտարարագրման առցանց համակարգը չի ընդունել, կամ չենք կարողացել մուտքագրել)»: Այն, որ մի մեքենայի նույնականացման համարը գրել է մյուսի դիմաց, Գեւորգյանը պատճառաբանել է նույն կերպ՝ անուշադրություն եւ տեխնիկական բարդություններ:

Պատգամավորը «չի իմացել», որ երկրորդ բնակարան ունի

Չնայած Հայկ Գեւորգյանը 2021 թ. պատգամավորի պաշտոնը թողնելուց հետո (ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում ձեւավորված նոր խորհրդարանում նա չկա) հայտարարագրել էր միայն 1 բնակարան, որը գտնվում է Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում եւ նրան է պատկանում միանձնյա սեփականության իրավունքով, ԿԿՀ-ն պարզել է, որ Գեւորգյանը Աջափնյակում գտնվող եւս մեկ բնակարանի համասեփականատեր է:

Այն, որ ինքը համասեփականատեր է, ըստ ԱԺ նախկին պատգամավորի, իմացել է հենց ԿԿՀ-ից: Պարզաբանման մեջ Գեւորգյանը նշել է, որ Աջափնյակի բնակարանը հիփոթեքային վարկի միջոցով ձեռք է բերել իր որդին, իսկ վերջինիս կինը, մայրն ու ինքը համավարկառուներ են: Ըստ նախկին պաշտոնյայի՝ որդու կողմից վարկը ստանալիս ինքը մտածել է, որ ընդամենը վարկի երաշխավոր է, սակայն ԿԿՀ-ի գրությունից հետո որդուց խնդրել է սեփականության վկայականի պատճենը ու պարզել, որ 4 համասեփականատերերից մեկն էլ ինքն է: Անշարժ գույքի չհայտարարագրումը Հայկ Գեւորգյանը համարել է թյուրիմացության հետեւանք:

Անդրադառնալով անշարժ ու շարժական գույքերը չհայտարարագրելուն՝ նախկին պատգամավորը ԿԿՀ-ին հայտնել է հետեւյալը. «Անհրաժեշտ եմ համարում նշել, որ չնայած իմ ներկայացրած պարզաբանումներին, որոնք, կարծում եմ, փաստում են որեւէ դիտավորության բացակայությունը, հայտարարագիրը կազմելիս չեմ ցուցաբերել անհրաժեշտ ուշադրություն, ինչը չունի ոչ մի արդարացում: Համարում եմ, որ նման գործելակերպը անթույլատրելի է»:    

Գեւորգյանը թերացել է կազմակերպություններում իր մասնակցությունը ներկայացնելիս

Հանձնաժողովը «Դարեսկիզբ» եւ «Նիկան հրատարակչություն» ՍՊԸ-ների մասով մատնանշել է այն նույն խախտումները, որոնց մասին «Հետքը» գրել էր եւ այստեղ էլ վերեւում նշեցինք, այսինքն՝ հայտարարատուն սրանց վերաբերյալ ներկայացրել է ոչ ամբողջական տվյալներ:

Ավելին՝ ԿԿՀ-ն պարզել է, որ բացի նշված երկուսից՝ Գեւորգյանը նաեւ Լրագրողների անկախ արհեստակցական կազմակերպության հիմնադիր եւ խորհրդի անդամ է, ինչի մասին նա պարտավոր էր նշել «շահերի հայտարարագիր» բաժնի համապատասխան տողում, ինչը չի արել: Այս թերացումը եւս ԿԿՀ-ն դիտարկել է որպես ոչ ամբողջական ներկայացված տվյալ:

Բայց սա էլ ամենը չէ: ԿԿՀ-ն ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ առեւտրային կազմակերպություններում՝ «Դարեսկիզբ» եւ «Նիկան հրատարակչություն» ՍՊԸ-ներում ունեցած իր 20-ական %-ները հավատարմագրային կառավարման հանձնելու վերաբերյալ տվյալներ Հայկ Գեւորգյանը չի ներկայացրել: Սա կարեւոր է նրանով, որ Սահմանադրությամբ եւ «Հանրային ծառայության մասին» օրենքով պատգամավորն իրավունք չունի զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Փայերը հավատարմագրային կառավարման հանձնած լինելու մասին նշումների բացակայությունը ԿԿՀ-ն դիտարկել է որպես ոչ ամբողջական տվյալների ներկայացում:     

ԿԿՀ-ն գործը տարել է դեպի վարչական պատասխանատվության տիրույթ

Ըստ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի՝ եթե հայտարարագրերի վերլուծության արդյունքում ԿԿՀ-ն հանգում է եզրակացության, որ հայտարարագիրը ներկայացված է համապատասխան պահանջների կամ կարգի խախտմամբ, կամ հայտարարագրված տվյալը սխալ է կամ ոչ ամբողջական, ապա հարուցում է վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ:

Ինչպես գրել ենք, նոյեմբերի 15-ին Հ. Գեւորգյանը ԿԿՀ-ում մասնակցել է պաշտոնի դադարեցման 2021 թ. իր հայտարարագրի վերլուծության արդյունքների հետ կապված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանը: Դրանից հետո հանձնաժողովը հարուցել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթ:

Այդուհանդերձ, ըստ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի, եթե ԿԿՀ-ն վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթի ընթացքում գալիս է հետեւության, որ կատարված արարքում առկա են հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու կամ հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելու առերեւույթ հատկանիշներ, ապա վարույթի նյութերն անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում ուղարկում է գլխավոր դատախազություն՝ ընդունելով վարույթը կասեցնելու մասին որոշում։ Այսինքն՝ գործն այդ դեպքում քննվում է քրեական տիրույթում, ինչը Հայկ Գեւորգյանի պարագայում տեղի չի ունեցել, քանի որ հանձնաժողովը նրա արարքում տվյալ թաքցնելու կամ կեղծ տվյալ ներկայացնելու առերեւույթ հատկանիշներ չի տեսել:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն՝ հայտարարատուի կողմից հայտարարագիրը դրա լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների կամ ներկայացման կարգի խախտմամբ ներկայացնելն առաջացնում է նախազգուշացում: Իսկ ահա հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելն առաջացնում է 200.000-400.000 դրամ տուգանքի նշանակում:

Դեկտեմբերի 1-ին ԿԿՀ-ն որոշել է, որ Հայկ Գեւորգյանի դեմ վարչական տույժ կիրառելիս պետք է հաշվի առնել ինչպես խախտման բնույթը, այնպես էլ պատասխանատվությունը ծանրացնող ու մեղմացնող հանգամանքները: ԿԿՀ-ն ծանրացնող հանգամանք չի գտել, փոխարենը նշել է, որ մեղմացնող հանգամանք է այն, որ Գեւորգյանն ընդունել է սխալ եւ ոչ ամբողջական տվյալներ ներկայացնելու արարքում իր անզգուշությունը: Այդպիսով՝ հանձնաժողովը նախկին պաշտոնյային տուգանել է թույլատրելի նվազագույն չափով՝ 200.000 դրամով: Բացի դրանից՝ Գեւորգյանին 3 օր է տրվել՝ պաշտոնի դադարեցման 2021 թ. հայտարարագրում ուղղումներ կատարելու համար:

Ինչպես կարող ենք տեսնել ԿԿՀ-ի կայքում, Գեւորգյանի 2021 թ. հայտարարագիրն այլեւս փոփոխված է, չնայած համացանցում հասանելի է նաեւ հին տարբերակը:

Մեկնաբանություններ (1)

Edna Antonian
I would like to see this article in English.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter