HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քիմիկոսները Երեւանի քաղաքապետարանի որոշումը վիճարկում են դատարանում

Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը վարչական դատարանում վիճարկում է Երեւանի քաղաքապետարանի որոշումներից մեկը, որն, ըստ կենտրոնի, մեծ խնդիրներ է ստեղծելու իր համար: Այս մասին «Հետքի» հետ զրույցում հայտնել է կենտրոնի տնօրենի գիտական գծով տեղակալ Ռոբերտ Հակոբյանը:

Երեւանի քաղաքապետարանը, ըստ մեր զրուցակցի, ջրամատակարարման համակարգի արդիականացման որոշման անվան տակ իրականում նպատակադրված է կենտրոնի մասնաշենքերի մոտ տեղափոխել ուրարտական ժամանակների ջրանցքը, որը հիմա խանգարում է հարեւանությամբ կառուցապատում իրականացնողին:

Խոսքն «Աբուհայաթ» ջրանցքի մասին է, որի մի մասն անցնում է գիտական կենտրոնի նախկին ջրավազանի կողքով, այնինչ ջրավազանի հողամասը 2007 թ. օտարվել է մասնավոր անձի, ու ներկա սեփականատերը «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ն է: Այս ընկերությունը նախատեսում է ջրավազանի տեղում բարձրահարկ կառուցել, իսկ ջրավազանի կողքով անցնող ջրանցքը տեղափոխել այն տարածք, որը շարունակում է զբաղեցնել գիտական կենտրոնը: Կառուցապատողը քաղաքապետարանից ստացել է ջրանցքը տեղափոխելու թույլտվություն (շինարարության թույլտվություն): Այս ամենին գիտաշխատողները կտրականապես դեմ են:

Ռոբերտ Հակոբյանը նկատում է, որ առանց ջրանցքը տեղափոխելու ընկերությունն ուղղակի չի կարողանա իր նախագիծն իրականացնել:

Նոյեմբերի 23-ին գիտական կենտրոնը քաղաքապետարանի տված շինթույլտվությունը վերացնելու հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան: Պատասխանողը Երեւանի քաղաքապետարանն է: Գիտական կենտրոնը միաժամանակ միջնորդություն է ներկայացրել հայցի ապահովման միջոց կիրառելու մասին: Ըստ այդմ՝ վերջինս դատարանից խնդրել է կասեցնել ջրանցքի տեղափոխման աշխատանքները:

Հայցվորը նշել է, որ շինթույլտվությունը չկասեցնելու դեպքում իրեն զգալի վնաս կպատճառվի, քանի որ շինաշխատանքներն ակտիվորեն իրականացվում են անմիջապես քիմիական լաբորատորիաների հարեւանությամբ, ծանր տեխնիկայի օգտագործմամբ իրականացվում են քանդման աշխատանքներ, որոնց արդյունքում առաջացող տատանումներից վնասվում են «Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ի քիմիական լաբորատորիայում գտնվող գերզգայուն, նորագույն եւ թանկարժեք սարքավորումները, որոնց միջոցով իրականացվում են քիմիական սինթեզներ (այդ թվում՝ վտանգավոր նյութերով), գիտահետազոտական փորձեր, արտադրվում են դեղեր, որոնցից հրատապ դեպքերում մեծ քանակությամբ տրամադրվում է նաև ՊՆ-ին, կնքված պայմանագրերի հիման վրա դրանք տրամադրվում են նաեւ տեղական եւ օտարերկրյա կազմակերպություններին: Բացի դրանից՝ ըստ հայցվոր կողմի, ՊՈԱԿ-ի տարածքում են պահպանվում ՀՀ սնդիկի ողջ պաշարները, որոնք շինարարական աշխատանքների հետագա շարունակման դեպքում կարող են աղետալի հետեւանքներ առաջացնել՝ վտանգելով կենտրոնում աշխատող շուրջ 250 աշխատողների եւ ուսումնառող 300 ուսանողների կյանքն ու առողջությունը:

Ըստ հայցվորի՝ շինաշխատանքների առաջացրած աղմուկը եւ փոշին խաթարում են ՊՈԱԿ-ի բնականոն աշխատանքը եւ դասընթացները, ավելին՝ այդ աշխատանքներն իրականացվում են ՊՈԱԿ-ի աշխատողների եւ ուսանողների տարհանման ու արտակարգ պատահարների դեպքում հրդեհաշիջման եւ այլ գործողությունների կատարման համար ԱԻՆ ստորաբաժանումների՝ տարածք մուտք գործելու հատվածում: Նշվում է, որ մինչ այժմ ՊՈԱԿ-ը կրել է զգալի վնասներ, քանի որ հարկադրված կերպով դադարեցրել է իր աշխատանքների զգալի մասը, իսկ իրավիճակի պահպանման դեպքում ՊՈԱԿ-ը կշարունակի կրել վնասներ՝ բնականոն աշխատանքի խաթարման եւ պայմանագրային պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու հետեւանքով տույժերի ու տուգանքների վճարման տեսքով:

Նոյեմբերի 25-ին դատավոր Արգիշտի Ղազարյանը բավարարել է «Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ի միջորդությունն ու «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ին տրված շինթույլտվության կատարումը կասեցրել է մինչեւ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:

Նույն օրը դատարանը որոշել է կառուցապատողին ներգրավել որպես երրորդ անձ:  

Գիտական կենտրոնի փոխտնօրեն Ռ. Հակոբյանն ասում է, որ թեեւ որոշումն ուժի մեջ էր մտնում այն ստանալուց 5 օր հետո, կառուցապատողը շարունակել է շինաշխատանքներն ավելի ակտիվ ձեւով՝ ցնցելով ինստիտուտի մասնաշենքերը: Հակոբյանի փոխանցմամբ՝ ոչ միայն գիտնականները ֆիզիկապես չեն կարողանում աշխատել այդ աղմուկի մեջ, այլեւ տատանումներն անդրադարձել են գերզգայուն սարքերին: Նշում է, որ դա վկայող տեսանյութեր ունեն:

Շինթույլտվության կասեցման միջնորդությունը բավարարելիս դատավոր Ղազարյանը նշել է, որ այն ուժի մեջ է մտնում ստանալուց 5 օր հետո եւ կարող է բողոքարկվել մինչեւ ուժի մեջ մտնելը: Դեկտեմբերի 12-ին Երեւանի քաղաքապետարանը վերաքննիչ վարչական դատարան է դիմել՝ բողոքարկելով Ա. Ղազարյանի որոշումը:

Ռոբերտ Հակոբյանը, կրկին անդրադառնալով քաղաքապետարանի կողմից ջրանցքի տեղափոխման վերաբերյալ որոշում կայացնելուն, շեշտում է, թե անունը դրել են համակարգի արդիականացում, մինչդեռ իրականում ջրանցքի տեղափոխություն է տեղի ունենում: «Ասում են՝ 40 տոկոս ջրի կորուստ կա այդ ջրանցքում, եւ հենց էդ 100 մետրի վրա է էլի խնդիրը: Իրականում ջրանցքն այնպես են արդիականացում, որ շրջանցի այդ տարածքը, որպեսզի կարողանան շենքը կառուցել»,- նշում է մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ Երեւանի քաղաքապետարանը դատարանում ավելի շատ պաշտպանում է մասնավոր ընկերության շահերը, քան հենց քաղաքի: Հակոբյանի ձեւակերպմամբ՝ «ամեն ձեւով աջակցում են այդ ապօրինաբար ձեռք բերած հողը իրացնելուն եւ այդ բաղձալի շենքը կառուցելուն»:

Գիտական կենտրոնի փոխտնօրենն ընդգծում է՝ ցանկացած տեսակի կառուցապատում կենտրոնին այդքան մոտ անընդունելի է:

Ստեղծված իրավիճակում դատարանը մնացել է գիտաշխատողների միակ հույսը, քանի որ պատկան մարմինները՝ ի դեմս Երեւանի քաղաքապետարանի, կառավարության համապատասխան գերատեսչությունների, որոնց դիմել են, հիմնականում տվել են պատասխանատվությունն իրենց ուսերից գցելու պատասխաններ: Իսկ դատարանը, ըստ «Հետքի» զրուցակցի, միակ ճանապարհն է, որ պատկան մարմիններին ստիպեն աշխատել եւ ստանան ճիշտ պատասխաններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter