HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ցանկացած առաքելություն կարող է ուղարկվել Ղարաբաղ միայն երկու կողմերի համաձայնության պարագայում. Պեսկով

Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության ուղարկման թեման մի քանի անգամ եղել է օրակարգում, սակայն ցանկացած առաքելություն կարող է ուղարկվել միայն հակամարտության երկու կողմերի՝ Բաքվի ու Երևանի համաձայնության պարագայում։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Աշխատանքային, տարբեր մակարդակներում մշտապես շփումներ են տեղի ունենում։ Անկասկած, այս թեման մի քանի անգամ եղել է օրակարգում։ Սակայն հասկանալի է, որ ցանկացած առաքելություն կարող է ուղարկվել միայն հակամարտության երկու կողմերի համաձայնության պարագայում»,- հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանի ու Ռուսաստանի առաջնորդները քննարկել են այս թեման։ 

Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախաձեռնել Լեռնային Ղարաբաղ բազմազգ առաքելության ուղարկում, եթե ինքը «ի վիճակի չէ կատարել իր ստանձնած պարտավորությունները»։

2022 թվականի դեկտեմբերի 12-ից մի քանի տասնյակ ադրբեջանցիներ, որոնք հանդես են գալիս, այսպես կոչված, «էկոակտիվիստների» անվան տակ, փակել են Լաչինի միջանցքը, որն Արցախն ու Հայաստանն իրար կապող միակ ճանապարհն է։ 

Բաքվում հայտարարում են, որ այսպես կոչված, ակցիայի նպատակը «ճանապարհի փակելը չէ, իսկ քաղաքացիական նշանակության տրանսպորտային միջոցները կարող են ազատորեն երթևեկել երկու ուղղություններով»։ Սակայն իրականում Բաքուն խոչընդոտում է տեղաշարժին, և, փաստացի, Արցախի բնակչությանը պահում շրջափակման մեջ։ Քաղաքացիական բնակչությունը չի կարողանում երթևեկել Լաչինի միջանցքով։

Երևանում այս ակցիան անվանում են Բաքվի հերթական սադրանքը, որը նպատակ ունի ստեղծել մարդասիրական աղետ։ Ինչպես հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախում շրջափակման պատճառով սկսվել է պարենային ճգնաժամ։ Դեկտեմբերի 14-ին Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ադրբեջանից պահանջելով վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը։

Լուսանկարը՝ Валерий Шарифулин / ТАСС

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter