HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Դեկտեմբերի 1-ի ավիաաղետի գործով մեղադրյալներ առայժմ չկան

Անցյալ տարվա դեկտեմբերի 1-ին Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի մոտ աղետի ենթարկված եւ 2 հոգու մահվան պատճառ դարձած օդանավի պատահարի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում նույն օրը նախաձեռնվել է քրեական վարույթ, որը շարունակվում է:

Վարույթը նախաձեռնվել է ՔՕ 341-րդ հոդվածի 3-րդ մասով, որը սահմանում է. «Օդային տրանսպորտի երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջ կամ երթեւեկության կամ շահագործման անվտանգությունն ապահովող կանոն խախտելն այն անձի կողմից, որը, ըստ պայմանագրի կամ ծառայողական դիրքի, պարտավոր էր պահպանել այդ պահանջը կամ կանոնը, եթե այդ արարքը անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ, պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով»:

Հիշեցնենք, որ Երեւան-Աստրախան ուղղությամբ թռչող «Beechcraft 95-B55 Baron» տիպի ինքնաթիռը, որը գրանցված էր Սլովակիայում, դեկտեմբերի 1-ին ընկել է Ջրաբեր գյուղի մոտ, այրվել ու ավերվել, 2 օդաչուները՝ ՌԴ քաղաքացիներ Ալեքսեյ Վալերիի Պրոցենկոն (1979 թ.) ու Վիտալի Վասիլիի Ռոգատկինը (1983 թ.) զոհվել են, հայտնաբերվել են նրանց մոխրացած դիերը:

Քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ ստեղծվել է քննչական խումբ, նախաքննության ընթացքում նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, դատագենետիկական:

ՔԿ-ն, մեր հարցմանն ի պատասխան, նշել է նաեւ, որ վարույթով քրեական հետապնդում դեռեւս չի հարուցվել, եւ այս պահին մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա:

Հիշեցնենք, որ քրեական վարույթից զատ ընթանում է նաեւ մասնագիտական քննություն: Այդ նպատակով դեկտեմբերի 5-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է հանձնաժողով, որի նախագահը ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն է, հանձնաժողովի նախագահի տեղակալը՝ ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը, ընդգրկված են նաեւ արտակարգ իրավիճակների, առողջապահության, պաշտպանության փոխնախարարները, ԱԱԾ տնօրենի տեղակալը, փոխոստիկանապետը, ՏԿԵՆ երկաթուղային, ջրային եւ օդային տրանսպորտի քաղաքականության վարչության փորձագետը, որը հանձնաժողովի քարտուղարն է:

Վարչապետը հանձնաժողովի նախագահ Գ. Սանոսյանին հանձնարարել է ըստ անհրաժեշտության աշխատանքներին ներգրավել համապատասխան մասնագետների:

Հայաստանի խնդրանքով ԱՊՀ Միջպետական ավիացիոն կոմիտեն (ՄԱԿ) ձեւավորել է դեկտեմբերի 1-ին տեղի ունեցած պատահարի հետաքննության հանձնաժողով, որն անցել է աշխատանքի:

Մեր հարցին, թե արդյոք քննչական կոմիտեն համագործակցում է վարչապետի նշանակած եւ ՄԱԿ-ի կողմից ձեւավորված հանձնաժողովների հետ, ՔԿ-ն հայտնել է, որ քննության արդյունավետությունն ապահովելու նպատակով քննչական խումբը համագործակցում է քաղավիացիայի ոլորտի հանրապետական եւ միջազգային նշանակության մասնագիտական մարմինների հետ, այդ թվում՝ Միջպետական ավիացիոն կոմիտեի մասնագետների:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter