
Տարեցների համար Սոցապի հրատապ գնումը՝ «ոչ հրատապ» պայմաններով
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2022թ. դեկտեմբերի 27-ին հրատապ կարգով Արմավիրի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արամ Հովհաննիսյանից կիսակառույց տուն է գնել: Նպատակը՝ 18 տարեկան և բարձր տարիքի հոգեկան կամ մտավոր առողջության խնդիրներով հաշմանդամություն ունեցող 10-12 անձանց շուրջօրյա խնամքի ապահովումն է:
Նախարարությունը 2022թ. պետական բյուջեի միջոցառումով տրված 20 մլն 371 հազար 500 դրամի շրջանակում նախատեսել էր 18 տարեկանից բարձր տարիքի անձանց համայնքային փոքր տներում խնամքի կազմակերպման համար անշարժ գույքի ձեռքբերում: Անշարժ գույքի նախահաշիվը սահմանվել է հենց 20 մլն 371 հազ. 500 դրամ:
2022թ. ապրիլին հայտարարված գնման ընթացակարգին մասնակցության հայտ է ներկայացրել «Տեխպրոֆշին» ՍՊԸ-ն: Վերջինս առաջարկել է Արմավիր քաղաքի 108 թաղամասում գտնվող կիսակառույց երկհարկանի տուն՝ 20 մլն 160 հազ. դրամ գնով:
Ձեռք բերվելիք անշարժ գույքի տեխնիկական բնութագրում պահանջ է սահմանվել, որ մինչև առուվաճառքի պայմանագրի կնքումը, վաճառողի առաջարկած առանձնատան արժեքը պետք է գնահատվի անկախ փորձագետի կողմից:
Նման պահանջի անհրաժեշտությունն առաջացել է «Հետք»-ի 2020թ.՝ հրապարակումից հետո: Նախարարությունը դարձյալ նույն նպատակով Արմավիրի մարզում 3 առանձնատուն էր գնել: Բնակելի տան անվան տակ ձեռք բերված երեք առանձնատներն իրականում անմխիթար վիճակում էին և պիտանի չէին բնակության համար: Մինչ օրս այդ տները դեռ բնակեցված չեն:
Հրապարակման հիման վրա հարուցվել է քրեական գործ: Տարեցների համար ձեռք բերված փոքր տների գործով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեք պաշտոնյա մեղադրյալի կարգավիճակ ունի: Նախարարության գնումների համակարգման և տնտեսական հարցերի բաժնի արդեն նախկին պետը և նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող խորհրդականը մեղադրվում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնական կեղծիքին օժանդակելու (նախկին քրեական օրենսգիրք, հոդված 308-րդ հոդվածի 2-րդ մաս և 38-314-րդ հոդված), նույն բաժնի նախկին գլխավոր մասնագետ` պաշտոնական լիազորությունները չարաշահելու և պաշտոնական կեղծիքի համար (նախկին քրեական օրենսգիրք, հոդված 308-րդ հոդվածի 2-րդ մաս և 314-րդ հոդված):
Խոշոր չափի խարդախության և փաստաթուղթ կեղծելու հոդվածներով մեղադրանք է առաջադրվել նաև տների վաճառքի պայմանագրով միջնորդ՝ «Լեքսհաբ» ՍՊԸ-ի տնօրեն և բաժնետեր Պավել Թադևոսյանի նկատմամբ:
Այժմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 3 անգամ ավելի շատ գումար է ծախսում տարեցների խնամքի կենտրոններին որպես այլընտրանք գնած տների վերանորոգման համար, քան այդ տների արժեքն է:
Մեր հրապարակումներում բարձրացված հարցերը հաշվի առնելով՝ նախարարությունում որոշել են գնման պայմանագրի կնքումից առաջ գնահատել նոր ձեռք բերվող անշարժ գույքը՝ իրական արժեքը հասկանալու համար:
«Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացրած գնահատման հաշվետվության համաձայն՝ Արմավիր քաղաքի 108 թաղամասում գտնվող անշարժ գույքի արժեքը 2022թ. հունիսի 20-ի դրությամբ գնահատվել է 10 մլն 334 հազ. դրամ:
Գնահատումից հետո գնման հայտ ներկայացրած «Տեխպրոֆշին» ՍՊԸ-ին նախարարությունը տվել է ողջամիտ ժամկետ՝ ձեռք բերվող անշարժ գույքի պայմանագիրը գնահատված՝ 10 մլն 334 հազ. դրամով կնքելու համար: Ընկերությունը չի համաձայնել իջեցնել գինը:
2022թ. հուլիսի 14-ին գնահատող հանձնաժողովի որոշմամբ գնման ընթացակարգը համարվել է չկայացած: Կառավարությունը 2022թ. նոյեմբերի 24-ին ևս որոշել է ընթացակարգը չկայացած ճանաչել:
«Տեխպրոֆշին» ՍՊԸ-ն դատական կարգով վիճարկել է գնահատող հանձնաժողովի որոշումը և պահանջել իր հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր: Դատարանը 2022թ. նոյեմբերի 4-ին մերժել է ընկերության հայցադիմումը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից պարզաբանում են, որ «էլեկտրոնային աճուրդ» գնման ընթացակարգով առանձնատան պայմանագիրը հաղթող մասնակցի հետ հնարավոր կլիներ կնքել մինչև 2023թ. հունվարի 9-ը:
Նախարարությունը հրատապ կարգով մեկ անձից գնում է կատարել և 2022թ. դեկտեմբերի 27-ին անշարժ գույքի գնման պայմանագիր է կնքել Արամ Հովհաննիսյանի հետ ու գնել Արմավիր քաղաքի 108 թաղամասում գտնվող նույն տունը, որը մոտ 6 մլն դրամով թանկ առաջարկել էր միջնորդ «Տեխպրոֆշին» ՍՊԸ-ն: Արամ Հովհաննիսյանն, այս անգամ առանց միջնորդի, տունը վաճառել է 13 մլն 750 հազ. դրամով:
Անհասկանալի է նախարարության շտապողականությունը՝ հրատապ կարգով մեկ անձից գնում կատարելու հարցում, քանի որ տունը կիսակառույց է, այս պահին պիտանի չէ բնակության համար և «շտապելու» խիստ կարիք չկար: Ավելին, դեռ կառավարությունը պետք է գումար հատկացնի շինաշխատանքներն ավարտին հասցնելու համար: Ինչը ենթադրում է, որ մոտ ապագայում առանձնատունը հնարավոր չի լինի օգտագործել ըստ գնման նպատակի:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հետաքրքրվել էինք, թե ինչու են գնել կիսակառույց տուն: Նախարարության մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը պարզաբանեց, որ ավարտուն առանձնատները հարմարեցված չեն տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար, և ստիպված են լինելու դարձյալ ձևափոխումներ անել: Կիսակառույցի դեպքում, հնարավորություն կա միանգամից ստանալ այն վերջնական տեսքը, որը համապատասխանում է պահանջներին:
Ի՞նչ վիճակում է գտնվում կիսակառույց տունը
Անշարժ գույքն իրենից ներկայացնում է երկհարկանի տուն՝ նկուղային հարկով: Այն 50-80% ավարտվածությամբ կիսակառույց է: Կառուցված են հարկերը, առկա է տանիքը, տեղադրված չեն դռներն ու պատուհանները, կատարված չեն ներքին հարդարման աշխատանքներ:
Կիսակառույց տանը կից կա նաև 598քմ հողամաս, որը ցանկապատված չէ և գտնվում է անբարեկարգ վիճակում: Իսկ տան մակերեսը կազմում է 529քմ՝ ներառյալ նկուղը:
«Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ը, գնահատելով անշարժ գույքի շուկայի արտաքին ազդեցությունը և վարկանիշը, արձանագրել է, որ գույքի տնտեսական տեղադրվածությունը, միջավայրի ազդեցությունը գնահատվող անշարժ գույքի արժեքի վրա անբարենպաստ է, շրջապատի վարկանիշը նվազող է, իսկ տվյալ գույքի շուկայի ակտիվությունը՝ ցածր:
Նշված է նաև, որ տրանսպորտային մատչելիությունն անբավարար է, ճանապարհները՝ հողածածկ, իսկ հարակից տարածքը՝ անբարեկարգ:
Զրուցելով Արմավիր քաղաքի 108-րդ թաղամասի բնակիչների հետ՝ պարզեցինք, որ տների զգալի մասը կիսակառույց է և վաճառվում է: Թաղամասը Արմավիր քաղաքին կապող հասարակական տրանսպորտ չկա: Մարդիկ թաղամասից մոտ 2 կմ ոտքով քայլում են քաղաքի կենտրոն հասնելու համար:
Մարզպետարանի գլխավոր քարտուղարը՝ իր գույքի վաճառքի մասին
Արմավիրի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արամ Հովհաննիսյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ նշված թաղամասի հետ կապված հեռանկարներ չի ունեցել, այդ իսկ պատճառով որոշել է կիսակառույց տունը վաճառել: Ասաց, որ ինքն է կապ հաստատել նախարարության հետ և առաջարկել իր տունը:
Արամ Հովհաննիսյանն ասում է, որ տունը կառուցել է 1990-ականներին, և շինաշխատանքները կիսատ են մնացել: Նրա խոսքերով, եթե օգտագործված շինանյութը վերածեն գումարի, ապա տան իրական արժեքը շատ ավելին է, քան վաճառքի գինը՝ 13 մլն 750 հազար դրամը: Սակայն, եղածից էլ դժգոհ չէ:
Կառավարության որոշումը՝ համայնքային տների մասին
Համայնքային փոքր տունը ընտանեկանին մոտ միջավայր ունենալու գաղափար է հետապնդում, որտեղ շահառուներն ապահովված կլինեն անհրաժեշտ բոլոր պայմաններով և պարագաներով: Բազմամասնագիտական թիմը գնահատելու է անձի կարիքները, ըստ որի՝ մշակվելու է անհատական պլան յուրաքանչյուր շահառուի համար:
Կառավարության 2022թ. նոյեմբերի 10-ի որոշմամբ սահմանվել է, որ համայնքային փոքր տունը ընտանեկան միջավայրին առավելագույնս մոտեցված, 8-16 անձի համար նախատեսված փոքր կենտրոն է կամ շուրջօրյա խնամքի կենտրոնի մասնաճյուղ:
Փոքր տունը պետք է հնարավորություն ընձեռի տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց բնակության, ազատ տեղաշարժի և կենսագործունեության համար։
Տան շահառուների սենյակների բնակելի մակերեսը մեկ անձի հաշվարկով պետք է լինի առնվազն 5 քառ. մետր, ընդ որում՝ մեկ սենյակում պետք է բնակվի առավելագույնը 2 անձ։
Փոքր տունը պետք է ունենա հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի պայմաններ, այդ թվում՝ սանհանգույցներ և լոգարաններ` յուրաքանչյուր 4 շահառուին առնվազն մեկական զուգարանակոնքի, լվացարանի և ցնցուղի հաշվարկով։
Փոքր տունը համայնքահեն ծառայություն է, որը կարող է գործել պետական մարմինների կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայությամբ, պետություն-համայնք-հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ` դրամաշնորհի տրամադրման պայմանագրի հիման վրա։
Մեկնաբանել