HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանի բանկերը եռապատկել են շահույթը. 256 մլրդ դրամ՝ 2022 թվականին 

2022 թվականին Հայաստանում գործող 17 առևտրային բանկերը 256.2 մլրդ դրամի զուտ շահույթ են ստացել, որը նախորդ տարվա համեմատ եռապատկվել է:  Այս մասին են վկայում բանկերի ֆինանսական հաշվետվությունները:

Չնայած, որ այս պահին բանկերի թիվը 18 է, սակայն վերջին գրանցված բանկը՝ «Ֆասթ բանկը», որը նախկինում  «Ֆասթ կրեդիտ» վարկային կազմակերպությունն էր, լիցենզիա է ստացել 2022-ի նոյեմբերին, հետևաբար՝ բանկի ցուցանիշները չենք հաշվարկել այս վերլուծության մեջ:

Շահույթով առաջատարը «Արդշինբանկ»-ն է՝ 62 մլրդ դրամի շահույթով, որը 2021-ի համեմատ գրեթե հնգապատկվել է: 

Հաջորդում է «Ամերիաբանկ»-ը՝ ավելի քան 44 մլրդ դրամով և կրկնակի աճով:

Երրորդ տեղում «Էվոկաբանկ»-ն է՝ մոտ 26 մլրդ դրամի շահույթով: Նշված բանկը շահույթի աճով ռեկորդակիրներից է: Նախորդող տարում ընդամենը 1.1 մլրդ դրամի շահույթ էր ստացել: 

Միայն «ՎՏԲ Հայաստան բանկ»-ն է, որը տարին վնասով է փակել: 

Դեռևս այս տարվա երկրորդ եռամսյակից հետո արդեն պարզ էր, որ հայաստանյան բանկերը 2022 թվականը ռեկորդային շահույթով են փակելու: Ինչպես Հայաստանում գրանցվող երկնիշ տնտեսական աճը, այնպես էլ բանկերի շահույթի ռեկորդային այս ցուցանիշը առաջին հերթին պայմանավորված է ոչ ռեզիդենտներին մատուցված ծառայություններով:

2022-ի փետրվարից սկսված ռուս-ուկրաինական պատերազմից հետո Հայաստան եկան մեծ թվով ռուսաստանցիներ, որոնց մի մասը դեռևս մնում է այստեղ: Նրանք սկսեցին այստեղ գումարներ ծախսել, օգտվել ֆինանսական, սպասարկման, հանրային սննդի և այլ ծառայություններից, որի արդյունքում այս ոլորտներում գործող բիզնեսների շրջանառությունն ավելացավ:

Հատկապես բանկերի դեպքում դա ակնհայտ է: «Մոդեքս» խորհրդատվական ընկերությունը ամեն եռամսյակ ամփոփել է բանկերի շահույթի տվյալները: Ընկերության տնօրեն Հայկազ Ֆանյանը ավելի վաղ մեզ հետ այս թեմայով նշել է, որ բանկերը էական ծավալի գումարներ են աշխատելարտարժութային գործառնություններից, փոխարժեքային տարբերություններից և այլն:  

Վերջին՝ չորրորդ եռամսյակի համար ոչ բոլոր բանկերն են իրենց հաշվտեվություններում կից ծանոթագրությունները հրապարակել, որից կարելի է հասկանալ, թե որ բանկը ինչի հաշվին է շահույթ ստացել: Սակայն, ենթադրվում է, որ ռուսաստանցիների ներհոսքը շարունակել է դրական ազդել բանկերի գործունեության վրա:

2022 թվականի ընթացքում հայաստանյան բանկերը նաև իրենց ծառայություններն են թանկացրել, մասնավորապես՝ միջազգային դրամական փոխանցումների ոլորտում, ինչը ևս լրացուցիչ եկամուտների աղբյուր է եղել նրանց համար: Ընդ որում՝ փոխանցումների միջնորդավճարների բարձրացումը բանկերում բացատրում էին այս ռիսկով, որ արևմուտքի պատժամիջոցներից հետո ռուսաստանցիները հայկական բանկերը կարող են օգտագործել փողերի լվացման համար: Սակայն, հատկանշական է, որ այս ծառայությունները ոչ միայն օտարերկրացիների համար են թանկացել, այլև՝ Հայաստանի քաղաքացիների:

Ֆինանսական համակարգը ծառայությունների ոլորտում ամենաբարձր աճ գրանցած ճյուղերից է: Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2022 թվականի առաջին 11 ամիսներին (հունվար-նոյեմբեր) Ֆինանսական և ապահովագրական ոլորտում շրջանառությունը կազմել է 707 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 49.8%-ով աճել է: Ընդհանուր առմամբ, ֆինանսական ոլորտը իր շրջանառությամբ ամբողջ ծառայությունների ոլորտի մոտ մեկ երրորդն է զբաղեցնում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter