HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հայաստանը հաղթել է «Հայաստանի հարավային երկաթուղու» և «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհի» արբիտրաժային գործը

Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի (ՆՎԿՄԿ) տրիբունալը մերժել է Հայաստանի դեմ 326 միլիոն դոլարի հայցը՝ շուրջ 4,5 տարի ընթացող արբիտրաժային գործի շրջանակներում, որը կապված էր «Հայաստանի հարավային երկաթուղի» և «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհ» նախագծերի հետ։ Ինչպես հայտնում է Global Arbitration Review-ն, որը միջազգային արբիտրաժային ոլորտի անցուդարձին հետևող առաջատար մասնագիտացված կայքն է, հունվարի 20-ին Տրիբունալը մերժել է Դուբայում գործող «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերության և դրա ամերիկացի գործադիր տնօրեն Ջոզեֆ Բորկովսկու՝ Հայաստանի նկատմամբ բոլոր պահանջները՝ այն համարելով ժամկետանց։ 

Տրիբունալի կայացրած որոշումը բխել է քաղաքացիական հայցերի երեք տարվա վաղեմության ժամկետի պահանջից՝ Հայաստանի օրենսդրությանը համապատասխան։ Global Arbitration Review-ն նշում է, որ Տրիբունալը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև երկկողմ ներդրումային պայմանագրին համապատասխան ներդրողների պահանջները և Հայաստանի օրենսդրությանը համապատասխան պայմանագրային պահանջները չեն հանգեցնի վնասների հատուցման, նույնիսկ եթե դրանք ժամանակին լինեին։ Տրիբունալն ընդունել է Հայաստանի փաստարկները, որ հայցվորները ​​չեն ապացուցել պատճառահետեւանքային կապը՝ կոնցեսիայում պետության ենթադրյալ միջամտության վերաբերյալ։

Ստացվում է, որ հայցվորները ստիպված կլինեն վճարել 2,8 միլիոն ԱՄՆ դոլարի պետական ծախսերը, ինչպես նաև 11 միլիոն ԱՄՆ դոլարի իրենց սեփական ծախսերը։

Արբիտրաժային գործի դատական քննությունը ղեկավարում էր ամերիկացի միջնորդ դատավոր Ջին Քալիքին, որին օգնում էին բրիտանացի միջնորդ դատավոր Ջոն Բիչեյը և կանադացի Ջ. Քրիստոֆեր Թոմասը։ Ընդ որում, բրիտանացի միջնորդ դատավորի թեկնածությունն առաջարկվել էր ներդրողների կողմից, իսկ կանադացունը՝ հայկական կողմից։ 

Ինչի մասին էր արբիտրաժային այս գործը

Արբիտրաժային այս գործը Տրիբունալի կողմից ուսումնասիրվում էր արդեն ավելի քան 4,5 տարի։ Այն Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի (ICSID) վարույթում մուտքագրվել էր 2018 թվականի օգոստոսի 3-ին:

Արբիտրաժային գործը վերաբերում էր Հայաստանի Հանրապետության և «Ռասիա ՖԶԷ» ընկերության միջև կնքված կոնցեսիոն պայմանագրերի ու ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև «Ներդրումների փոխադարձաբար խրախուսման և պաշտպանության մասին» 1992 թվականի պայմանագրի շրջանակներում երկաթգծի և մայրուղու կառուցման առնչությամբ կողմերի միջև ծագած վեճին: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և «Ռասիա ՖԶԷ» ընկերության միջև ստորագրված պայմանագրի համաձայն՝ ընկերությունը պետք է իրականացներ «Հայաստանի հարավային երկաթուղու» և «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհի» տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը, որի տնտեսական հիմնավորված լինելու դեպքում նաև` ֆինանսավորումը, նախագծումը, կառուցումը և շահագործումը: Այն ժամանակ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նույնիսկ հանդիպումներ էր ունեցել ընկերության ղեկավար կազմի հետ:

Նախատեսվում էր, որ «Հայաստանի հարավային երկաթուղին» անցնելու էր Սյունիքի, Եղեգնաձորի և Գեղարքունիքի մարզերով: Դեռևս 2014 թվականին Տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում էին, թե «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագիրը՝ որպես «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի պակասող առանցքային օղակ, դառնալու էր Սև ծովի նավահանգիստներից դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ կատարվող փոխադրումների ամենակարճ ուղին:

Տրանսպորտի և կապի այն ժամանակվա նախարար Գագիկ Բեգլարյանի և «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Բորկովսկու միջև 2012 թվականի հուլիսի 28-ին ստորագրված կոնցեսիոն պայմանագրի համաձայն՝ շինարարության ավարտից հետո ընկերությունն իրականացնելու էր Հայաստանի հարավային երկաթուղու նախագծումը, ֆինանսավորումը, կառուցումը և շահագործումը` բացառապես ընկերության կողմից ներգրավված միջոցների հաշվին: Պայմանագրի գործունեության ժամկետը 30 տարի էր՝ 20 տարի երկարաձգման պայմանով:

Երկաթգծի երկարությունը պետք է կազմեր 304,7 կմ: Բաղկացած էր լինելու կամուրջներից, թունելներից, բարդ կառույցներից և ունենալու էր 27 կայարան: Ակնկալվում էր, որ շինարարությունը կտևեր մինչև 6 տարի: Այն Հայաստանի կենտրոնական հատվածը կապելու էր հարավի հետ և հասներ մինչև Իրանի հետ սահման։

Դեռեւս 2014 թվականի փետրվարի 21-ին հրավիրած ասուլիսին «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Բորկովսկին հայտարարել էր, որ ընկերությունն արդեն ՀՀ կառավարությանն է ներկայացրել նախագծի իրագործելիության և տեղադրության ուսումնասիրությունը, որի արդյունքների հաստատումից 2 տարի անց՝ 2016 թվականին, կմեկնարկի երկաթգծի շինարարությունը, ինչն էլ կտևի 6 տարի: Երկաթուղու շահագործումն ակնկալվում էր սկսել 2022 թվականին: 

«Մենք հասկանում ենք, որ նախագիծն ունի ազգային առաջնահերթություն: Այն հնարավորույուն ունի վերացնել տնտեսական շրջափակման ծանր հետևանքները»,- ասել էր Բորկովսկին

Պայմանագիրն այդպես էլ իրականություն չդարձավ, իսկ 2017 թվականի նոյեմբերին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը հայտարարեց, թե «Հայաստանի կառավարությունը համբերատար է գտնվել «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ի նկատմամբ, սակայն վերջինիս կողմից շարունակաբար խախտվել են պայմանագրով սահմանված և՛ վերջնաժամկետները, և՛ մյուս պարտավորությունների կատարումը»:

«Հաշվի առնելով վերոնշյալը և ծրագրի ռազմավարական նշանակությունը Հայաստանի Հանրապետության համար՝ ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում իրականացնելու երկաթուղու կառուցումը «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ից անկախ»,- ասվում էր նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Հայտարարությունից հետո «Ռասիա ՖԶԷ»-ն և դրա ամերիկացի գործադիր տնօրեն Ջոզեֆ Բորկովսկին աբիտրաժային հայց էին ներկայացրել Հայաստանի դեմ։ Սկզբում նրանք պահանջում էին 150 միլիոն ԱՄՆ դոլար, որն ավելի ուշ հասավ մինչև 326 միլիոնի։

Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի վարչական և ֆինանսական կարգավորումների համաձայն՝ կողմերը պետք է պարբերաբար վճարումներ կատարեն կենտրոնին՝ ընթացակարգային ծախսերը հոգալու համար: Նշված ծախսերը ներառում են միջնորդ դատավորների վճարներն ու ծախսերը, ինչպես նաև՝ ընթացակարգային այլ ծախսեր: Ըստ կարգավորման՝ եթե Տրիբունալը չի որոշել կամ վեճի կողմերը ծախսերի բաժանման շուրջ չեն պայմանավորվել, յուրաքանչյուր կողմ վճարում է պահանջվող կանխավճարի կեսը:

«Հետք»-ին դեռ 2021 թվականի փետրվարին ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակից (ներկայումս՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակ) հայտնել էին, որ Հայաստանի պարտավորության չափը կազմել է ընդհանուր 400 000 ԱՄՆ դոլարի չափով գումար:

«Հարկ է նշել, որ արբիտրաժային վարույթի ավարտից հետո ներկայացվելու է հաշվարկային փաստաթուղթ կատարված ծախսերի վերաբերյալ և ավելացած գումարի դեպքում մնացորդային գումարը ենթակա կլինի վերադարձման՝ կողմերի կատարած վճարների համամասնությամբ»,- հայտնել էին ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակից: 

Ովքեր էին ներկայացնում կողմերի շահերը

Արբիտրաժային գործի ժամանակ հայցվորների շահերը ներկայացրել է Quinn Emanuel Urquhart & Sullivan իրավաբանական ընկերությունը՝ 2019 թվականին փոխարինելով Shearman & Sterling ընկերությանը։ Հայցվորների շահերի պաշտպանությանը միացել էր նաև Երևանում գործող TK & Partners ընկերությունը, որի տնօրենը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նախկին տնօրեն Վարուժան Ավետիքյանն է։ Վերջինս ևս ուղղակիորեն ներգրավված է եղել հայցվորների շահերի պաշտպանությանը։

Արբիտրաժային գործի շրջանակներում Հայաստանի շահերը ներկայացրել են Նյու Յորքում գործող Baker McKenzie հայտնի իրավաբանական ընկերությունը ու դրա արբիտրաժային հարցերով նախկին ղեկավար Գրանտ Հանեսյանը, Երևանում գործող HAP իրավաբանական ընկերության կառավարող գործընկեր, ԲԴԽ նախկին անդամ Հայկ Հովհաննիսյանը, Սանկտ Պետերբուրգից Վիկտոր Դամլերը, ինչպես նաև ՀՀ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը։

Կառավարությունը կամ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը դեռևս որևէ պաշտոնական հայտարարություն չեն տարածել արբիտրաժային այս գործով Հայաստանի հաղթանակի վերաբերյալ։

Լուսանկարը՝ Adobe Stock-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter