
Լիբանանահայությունն իր զորակցությունն է հայտնել Արցախին
Այսօր լիբանանահայերն իրենց զորակցությունն են հայտնել Արցախին՝ հավաքվելով մայրաքաղաք Բեյրութում եւ հայաբնակ Անջար (Այնճար) քաղաքում: Նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից Արցախը շրջափակման մեջ է. «էկոակտիվիստ» ձեւացող ադրբեջանցիները փակել են Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը:
Բեյրութում լիբանանահայերի հավաքը տեղի է ունեցել հայաշատ Բուրջ Համուդ թաղամասում:
Լիբանանում լույս տեսնող հայկական «Ազդակ» օրաթերթի աշխատակից Արշո Պալյանը «Հետքի» հետ զրույցում նշում է, որ ժամը 12-ից մինչեւ 14-ը փակ էին ոչ միայն Բուրջ Համուդի հայկական, այլեւ արաբական խանութները, նաեւ՝ Բեյրութի այլ շրջանների խանութներ: Հավաքը, ըստ մեր զրուցակցի, բազմամարդ էր, դրան մասնակցում էին նաեւ արաբներ:
Արցախին զորակցելու հավաքը կազմակերպել էին Լիբանանում գործող հայկական երեք ավանդական կուսակցությունները՝ ՀՅԴ-ն, ՌԱԿ-ը եւ ՍԴՀԿ-ն, ներկա էին նաեւ հայ առաքելական, հայ կաթողիկե եւ հայ ավետարանական համայնքների ներկայացուցիչները:
Արշո Պալյանը նկատում է, որ հավաքից 10 րոպե առաջ Լիբանանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել Լաչինի միջանցքի փակման մասին:
Նախարարությունը, մասնավորապես, ցավ է հայտնել միջանցքի փակման համար, ինչի հետեւանքով Ղարաբաղում ստեղծվել է մարդասիրական ճնշող իրավիճակ: Միեւնույն ժամանակ Լիբանանի ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին վերսկսել երկկողմ բանակցությունները:
«Լիբանանությունը զորակցական հավաքին մասնակցեց իր բոլոր միություններով, կառույցներով եւ աշակերտներով»,- նշում է լիբանանահայ լրագրող Ա. Պալյանը: Նրա խոսքով՝ Լիբանանն ինքն էլ այժմ ծանր վիճակում է, բայց հնարավոր չէր, որ տեղի հայությունը չարտահայտեր Արցախի կողքին լինելու իր պատրաստակամությունը:
«Շատ հուզիչ էր հավաքը, բայց նաեւ կորովով լեցուն, միշտ Արցախի կողքին լինելու լիբանանահայության կամքն ու վճռականությունը՝ նաեւ ամբողջ աշխարհին ասելու, որ Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնության տերն ենք ու պիտի ամրապնդենք, այն պիտի անքակտելի մնա, որովհետեւ մեր գոյության ապագան է»,- ասում է Արշո Պալյանը:
Բուրջ Համուդում տեղի ունեցող հավաքին զուգահեռ Անջար ու Զահլե քաղաքների հայերը հավաքվել էին Անջարի հրապարակում՝ նույնպես իրենց աջակցությունը հայտնելով Արցախին:
Լուսանկարները տրամադրել է Ա. Պալյանը
Մեկնաբանել