HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չեմ կարծում, թե իսրայելական կամ արեւմտյան կողմերը ցանկություն ունեն Իրանի դեմ լայնամասշտաբ ռազմական օպերացիաներ նախաձեռնել»

Իրանագետ Գարիկ Միսակյանը «Հետքի» հետ զրույցում անդրադարձել է հունվարի 28-ի գիշերը Իրանի վրա օդային հարձակման թեմային: Մեր հարցին, թե արդյոք հարձակումը կարող էր կապ ունենալ հունվարի 27-ին Երուսաղեմում տեղի ունեցած ահաբեկչության հետ, իրանագետը պատասխանում է, որ դժվար է միանշանակ պնդել, թե դա Իսրայելի կողմից հակազդող գործողություն էր, սակայն Իսրայելը չի թաքցնում իր մասնակցությունն այդ հարձակմանը, իսկ իրանական կողմը չի հերքում, որ հարձակումը նախաձեռնված է եղել Իսրայելի կողմից:

«Միանշանակ կարելի է պնդել, որ այս հարձակումը նոր չէ Իրան-Իսրայել հարաբերություններում, եւ սա այս երկու պետութունների՝ արդեն տասնամյակներ շարունակվող հակասության եւ հակամարտության բաղադրիչներից մեկն է, երբ կողմերը տարբեր միջոցներով ու ազդեցության տակ գտնվող ուժերով հարվածում են ռազմավարական կարեւորություն ունեցող հատվածներին»,- նշում է իրանագետը:

Նշելով, որ պաշտոնապես ո՛չ հաստատվել, ո՛չ էլ հերքվել է Իսրայելի մասնակցությունն այս վերջին հարձակմանը՝ Միսակյանն ասում է, որ նախկինում եղել են Իսրայելի կողմից ընդունված հարձակումներ Իրանի ռազմավարական կենտրոնների վրա: Եվ այս առումով, ըստ «Հետքի» զրուցակցի, որեւէ ամպագոռգոռ նորություն չկա: Իրանագետի ասելով՝ նորություն կարելի է համարել մեդիագրոհը, որը հարձակմանը զուգահեռ անվտանգության մթնոլորտը լարելու փորձ էր Իրանի հասարակության շրջանում:

Գ. Միսակյանը նկատում է, որ նախ լուրեր տարածվեցին, թե օդային հարվածը եղել է 20-ից ավելի կենտրոնների վրա, ապա թիվը դարձավ 5, հետո հաստատվեց 2-ը: Բացի դրանից՝ կեղծ լուրեր տարածվեցին, թե Իրանի դեմ նախաձեռնվում է ավելի լուրջ հարձակում, սակայն դրանք չհաստատվեցին: Իրանագետի կարծիքով՝ սա Իրանի անվտանգությունը խաթարելու անհաջող փորձ էր:

Դիտարկմանը, թե վարկած կա, որ ԱԹՍ-ներն արձակվել են Ադրբեջանի տարածքից, եւ արդյոք դա կարող է նշանակել, որ Իրան-Ադրբեջան հարաբերությունները մտնում են լարվածության փուլ, «Հետքի» զրուցակիցը պատասխանում է, որ Իրան-Ադրբեջան հարաբերություններն արդեն գտնվում են լարվածության փուլում, հատկապես՝ Իրանում Ադրբեջանի դեսպանատան դեպքից հետո, ինչին հաջորդեց այն, որ Ադրբեջանն իր անձնակազմը դուրս բերեց դեսպանատանից՝ դեռեւս չհայտարարելով, թե երբ է վերսկսելու դեսպանատան աշխատանքը:

Իրանագետի փոխանցմամբ՝ Իրանում երկու վարկած է քննարկում, թե որտեղից են արձակվել կամ կառավարվել այդ երկրի վրա գրոհած ԱԹՍ-ները: Մեկը Իրաքն է, մյուսը՝ Ադրբեջանը: Դրանց հաստատվելու պարագայում, ըստ «Հետքի» զրուցակցի, Իրանը համապատասխան գործողություններ կիրականացնի մոտ ապագայում կամ ոչ անմիջապես:

Հարցին, թե արդյոք առաջիկայում տարածաշրջանը կարող է ներքաշվել նոր բռնկումների մեջ, իրանագետը պատասխանում է. «Եթե խոսքը վերաբերում է Իրանին ռազմական հարված հասցնելուն կամ նրան պատերազմի մեջ ներքաշելուն, ապա՝ ոչ այս փուլում: Չեմ կարծում, թե իսրայելական կամ արեւմտյան կողմերը ցանկություն ունեն Իրանի դեմ լուրջ, լայնամասշտաբ ռազմական օպերացիաներ նախաձեռնել: Փոքր, տեղային հարվածներ, այնուամենայնիվ, հնարավոր են, բայց ոչ լայնամասշտաբ: Նույնը՝ Իրան-Ադրբեջան հարաբերություններում: Չեմ կարծում, թե Բաքուն այնքան վստահություն կունենա, որ ներքաշվի Իրանի հետ պատերազմի մեջ, եթե անգամ դրան դրդում են Իսրայելն ու Թուրքիան: Իրանն էլ չի փորձի իր հարեւաններից որեւէ մեկի հետ պատերազմի մեջ մտնել սեփական տարածքում, բայց չերեւացող ոլորտում կփորձի հակազդել Ադրբեջանին»:

Լուսանկարը՝ Factor TV-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter