HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

2022-ին Հայաստան է փոխանցվել 5.2 մլրդ դոլար, իսկ Հայաստանից արտասահման՝ 2.6 մլրդ դոլար

2022 թվականին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով արտասահմանից Հայաստան են ուղարկել 5 մլրդ  190 մլն դոլար: Կենտրոնական բանկը հրապարակել է տրանսֆերտների տարեկան վիճակագրությունը, ըստ որի՝ միայն Ռուսաստանից փոխանցվել է 3 մլրդ 598 մլն դոլար: 2021 թվականի համեմատ տրանսֆերտներն ավելացել են 2.5 անգամ: Իսկ միայն Ռուսաստանից ուղարկված գումարն աճել է 4 անգամ:

Տրանսֆերտների այս ներհոսքն աննախադեպ է Հայաստանի համար: Մինչև 2022 թվականը, առավել շատ դրամական փոխանցումներ կատարվել են 2013 թվականին՝ 2.3 մլրդ դոլար: Դրանից հետո այն տատանվել է՝ կրճատվելով ու ավելանալով, սակայն 2022 թվականի ցուցանիշին այն անգամ մոտ չի եղել: Ինչպես ցույց են տալիս տվյալները, 2022-ի փոխանցումների 70%-ի աղբյուրը Ռուսաստանն է:

Դա պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան ժամանած ռուսաստանցիներով։ Ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով Հայաստան եկած ռուսաստանցիների մի մասը իր կապիտալը տեղափոխում է այստեղ։ Բացի բիզնես նպատակներից, ռուսաստանցիները Հայաստանում գումարներ են ծախսում նաև հանգստի, ժամանցի, տան վարձակալության և այլ նպատակներով։

Այդ գումարները մի կողմից աշխուժացրել են Հայաստանի տնտեսությունը, մյուս կողմից՝ բարձր գնաճի պատճառներից մեկը դարձել: 

Հատկանշական է, որ Կենտրոնական բանկը տրանսֆերտների վիճակագրության մեջ նաև հակիրճ բացատրություն է ներկայացրել, ինչը սովորաբար չի անում:

Շեշտվում է, որ ինչպես արտասահմանից Հայաստան եկած գումարները, այնպես էլ Հայաստանից դուրս եկածները ներառում են և՛ ոչ առևտրային, և՛ առևտրային բնույթի տարատեսակ հոսքեր։

«Մասնավորապես, վերջին ամիսներին զգալիորեն աճել են առևտրային բնույթի դրամական միջոցների ներհոսքի և արտահոսքի ցուցանիշները։ Առևտրային բնույթի փոխանցումները կապված են ապրանքների և ծառայությունների արտահանման ու ներմուծման, արժեթղթերում ներդրումների, փոխառությունների ստացման և տրամադրման և նմանատիպ այլ գործառնությունների հետ»,- նշված է գլխավոր դրամատան պարզաբանման մեջ։

Այլ խոսքով՝ այդ գումարները ոչ միայն արտասահմանում ապրող հայաստանցիների փոխանցումներն են, որոնց հասցեատերը Հայաստանում ապրող իրենց հարազատներն են, այլև՝ ապրանքների ձեռքբերման, բիզնես նպատակներով կատարված փոխանցումներն են, որոնք կատարել են ֆիզիկական անձինք: Թե որ մասն է ոչ առևտրային նպատակով, չի պարզաբանվում:

Բոլոր դեպքերում, ԿԲ-ի բացատրությունը կարող է հաստատել այն տեղեկությունները, որ Ռուսաստանի դեմ Արևմուտքի կիրառած պատժամիջոցներից հետո, երբ ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները հրաժարվեցին Ռուսաստանից ապրանք ներմուծել կամ արտահանել, Հայաստանը որպես տարանցիկ երկիր է ծառայել նույն ապրանքները Ռուսաստան տեղափոխելու համար: Դա արվել է ոչ միայն իրավաբանական անձանց, այլև՝ ֆիզիկական անձանց միջոցով: 

Հայաստանից դրամական փոխանցումների արտահոսքը կրկնակի ավելացել է

2022 թվականին ֆիզիկական անձինք Հայաստանից արտասահման 2 մլրդ 607 մլն դոլար են փոխանցել բանկերի միջոցով: Այս գումարը նախորդ տարվա համեմատ աճել է 2.1 անգամ կամ 1 մլրդ 381 մլն դոլարով:

Եթե գումարների ներհոսքի պարագայում հստակ է, որ այն աճել է Ռուսաստանից կատարվող փոխանցումների հաշվին, ապա արտահոսքի պարագայում առայժմ հայտնի չէ, թե դա որ երկրների հաշվին է  տեղի ունեցել: Կենտրոնական բանկը տրանսֆերտների վիճակագրության մեջ միայն ԱՄՆ-ն ու Ռուսաստանն է առանձնացրել, մյուս երկրների բացվածքը, որպես կանոն, ավելի ուշ է հրապարակվում ընդհանուր տեղեկագրում: Այն հրապարակվելուց հետո միայն արտահոսքի տեղաշարժը ըստ երկրների կերևա:

Այս պահին եղած տվյալներով միայն տեսնում ենք, որ գումարների արտահոսքի աճի հարցում Ռուսաստանն ու ԱՄՆ-ն էական դեր չունեն: 2022 թվականին Հայաստանից Ռուսաստան է փոխանցվել 453 մլն դոլար, որը նախորդ տարվա համեմատ աճել է 51 մլն դոլարով, իսկ դեպի ԱՄՆ փոխանցվել է 328 մլն դոլար, աճը՝ 139 մլն դոլար: 

Զուտ ներհոսքը եռապատկվել է

Քանի որ Ռուսաստանից ստացվող գումարները քառապատկվել են, իսկ Հայաստանից Ռուսաստան ուղարկվողը՝ ավելացել փոքր չափով, արդյունքում տրանսֆերտների զուտ ներհոսքը՝ ստացված ու դուրս փոխանցված գումարների տարբերությունը, եռապատկվել է:

2022 թվականին դեպի Հայաստան փոխանցումների և Հայաստանից արտասահման փոխանցումների տարբերությունը կամ պարզապես՝ տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 2 մլրդ 584 մլն դոլար, որը նախորդ տարվա համեմատ եռապատկվել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter