HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանում օդանավերի թռիչք-վայրէջքների հարթակներ կգործեն. օրենսդրական հիմքը կա

Հայաստանում այսուհետ թույլատրվում է ոչ միայն միջազգային ու ներքին աերոդրոմների եւ ուղղաթիռադաշտերի շահագործումը, այլեւ ներքին թռիչք-վայրէջքի հարթակների:

Նախորդ տարի ՀՀ օրենսդրության մեջ կատարվել են համապատասխան լրացումներ, ինչի շնորհիվ պաշտոնապես ամրագրվել է նաեւ այսպիսի թռիչք-վայրէջքի հարթակների գոյությունը: Իհարկե, այնպես չէ, որ այդ հարթակները մինչ այդ չկային ու չէին շահագործվում, պարզապես օրենսդրորեն նրանց գործունեությունը չէր կարգավորվում:

Պետք էր լրացնել օրենսդրական բացը

2019 թ. ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հայտարարեց, որ օդանավ շահագործող ընկերություններից մեկը քաղավիացիայի կոմիտեի (ՔԱԿ) հաստատմանը ներկայացրած օդանավ շահագործողի ձեռնարկում նշել է ավելի քան 7 տասնյակ ուղղաթիռադաշտեր, որոնք դեռեւս սերտիֆիկացված չեն։ Խոսքը Հայաստանում քաղաքացիական ուղղաթիռներ շահագործող «Armenian Helicopters» ընկերության մասին էր, որը Հայաստանի ներսում կատարում է ոչ կանոնավոր թռիչքներ տարբեր հարթակների միջեւ:

ՔԱԿ-ն արձագանքեց ՊՎԾ-ի հայտարարությանը՝ նշելով, որ սերտիֆիկատ չստացած 70 ուղղաթիռադաշտերից ոչ մեկը չի հանդիսանում միջազգային կամ ներքին օդանավակայանի ուղղաթիռադաշտ, ուստի կոմիտեն գործող օրենսդրությամբ որեւէ հիմք չի ունեցել եւ չունի դրանց սերտիֆիկացման համար: Այլ կերպ ասած, ըստ ՔԱԿ-ի, այդ 70-ը չէին բավարարում միջազգային կամ ներքին ուղղաթիռադաշտ համարվելու չափանիշները, հետեւաբար չէին կարող սերտիֆիկացվել որպես այդպիսին:

Այդուհանդերձ, հաշվի առնելով օրենսդրական բացը, ՔԱԿ-ը համապատասխան օրենսդրական փոփոխությունների ու լրացումների գործընթաց սկսեց: 2020 թ. տարեսկզբին կոմիտեից «Հետքին» հայտնել էին, որ «Ավիացիայի մասին» օրենքում կատարվելու են փոփոխություններ եւ լրացումներ, ինչից հետո պետք է հաստատվի «Օդանավերի թռիչք-վայրէջքային հարթակներին ներկայացվող պահանջները եւ դրանց շահագործման թույլտվության տրամադրման կարգը»:

Օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագծում, մասնավորապես, նշվում էր. «Օրենքը սահմանում է միջազգային եւ ներքին օդանավակայանների աերոդրոմների (ուղղաթիռադաշտերի) սերտիֆիկացման պահանջը, ինչը չի կարող տարածվել ընդհանուր նշանակության ավիացիայի համար օգտագործվող հարթակների վրա: Ներկայիս դրությամբ ՀՀ-ում գրանցված ցածր դասի օդանավ շահագործողների կողմից ձեռնարկվում են միջոցներ՝ ուղղված թռիչքային հարթակների կառուցմանը, որոնց հետագա շահագործման հարցը գործող օրենսդրությամբ կանոնակարգված չէ, իսկ նախագծի ընդունման դեպքում կարող են սահմանվել ընդհանուր նշանակության ավիացիայի օդանավերի թռիչք-վայրէջքային հարթակներին ներկայացվող պահանջները եւ դրանց շահագործման թույլտվության տրամադրման կարգը, ինչը թույլ կտա կանոնակարգել դրանց օգտագործումը»:

Առաջ անցնելով՝ նշենք, որ 2022 թ. ընթացքում թե՛ օրենքը լրամշակվեց, թե՛ համապատասխան կարգն ընդունվեց:

Հայաստանում կա սերտիֆիկացում անցած 3 աերոդրոմ, եւս 1-ում դրա կարիքը չկա

Օրենսդրորեն աերոդրոմ է համարվում հողային տարածքը կամ ջրային տարածքը (ներառյալ՝ շենքերը, շինություններն ու սարքավորումները), որն ամբողջովին կամ մասնակիորեն նախատեսված է այդ տարածքում օդանավերի ժամանման, մեկնման եւ երթեւեկության նպատակներով: Ուղղաթիռադաշտ (հրապարակ) է համարվում հողային (ջրային) տարածքը կամ հատուկ նախապատրաստված հրապարակը (ներառյալ՝ շենքերը, շինություններն ու սարքավորումները), որն ապահովում է ուղղաթիռների ինքնաթիռային կամ ուղղաթիռային թռիչք-վայրէջքը, գետնավարումը, պահպանումը եւ սպասարկումը:

Օդանավակայան է համարվում շինությունների համալիրը, որը ներառում է աերոդրոմը, ուղեւորների, բեռների եւ փոստի սպասարկման համար նախատեսված համալիրը եւ այլ շինություններ, որոնք նախատեսված են օդանավերի ընդունման, ուղարկման, օդային փոխադրումների սպասարկման նպատակներով եւ համալրված են համապատասխան սարքավորումներով ու սպասարկող անձնակազմով:

Օդանավակայանները լինում են միջազգային եւ ներքին: Միջազգային օդանավակայան է համարվում ՀՀ տարածքում առանձնացված ցանկացած օդանավակայան՝ միջազգային օդային փոխադրումներ իրականացնող օդանավերի ընդունման եւ մեկնման համար, որտեղ իրականացվում են մաքսային, միգրացիոն, սանիտարական, կարանտինային եւ նմանատիպ ընթացակարգեր: Ներքին օդանավակայան է համարվում միայն ներքին օդային փոխադրումների համար օգտագործվող օդանավակայանը:

Օրենքը սահմանում է, որ միջազգային եւ ներքին օդանավակայանների աերոդրոմները (ուղղաթիռադաշտերը) պարտադիր ենթակա են սերտիֆիկացման: Սերտիֆիկատը տալիս է ՀՀ քաղավիացիայի կոմիտեն:

Այս պահին Հայաստանում կա 3 աերոդրոմ, որոնք սերտիֆիկացված են ՔԱԿ-ի կողմից: Դրանք են Երեւանի «Զվարթնոց» եւ Գյումրու «Շիրակ» միջազգային օդանավակայանների աերոդրոմները, ինչպես նաեւ Կապանի «Սյունիք» օդանավակայանի աերոդրոմը:

Այս օդանավակայանների ուղղաթիռադաշտերն առանձին սերտիֆիկացում չեն անցել: ՔԱԿ-ի մասնագետները ՊՎԾ-ի ներկայացուցիչների հետ քննարկումների ժամանակ նախկինում կարծիք են հայտնել, որ թռիչքների անվտանգության տեսանկյունից նման գործընթացը պարտադիր չէ, քանի որ աերոդրոմները, որոնց սահմաններում են գտնվում ուղղաթիռադաշտերը, արդեն իսկ սերտիֆիկացված են, այսինքն՝ վերջիններս սերտիֆիկացվել են իբրեւ մեկ ամբողջություն:

Բացի վերոնշյալ երեքից՝ քաղավիացիայի օդանավերը կարող են օգտագործել ու բազավորվել Երեւանի «Էրեբունի» օդանավակայանի աերոդրոմում, որը գտնվում է ՊՆ հաշվեկշռում, սակայն կառավարության կողմից թույլատրված է ռազմական ու քաղաքացիական բորտերի համատեղ բազավորումն այդտեղ: Այս աերոդրոմը, սակայն, սերտիֆիկացված չէ ՔԱԿ-ի կողմից: Պատճառն այն է, որ օրենսդրորեն դրա կարիքը չկա, եթե այդտեղ 1. քաղաքացիական օդանավերով իրականացվում են ոչ առեւտրային թռիչքներ, 2. շահագործվող քաղաքացիական օդանավերի առավելագույն թռիչքային քաշը չի գերազանցում 32 տոննան, 3. քաղաքացիական օդանավերը շահագործվում են ռազմական նպատակների համար:

Այդուհանդերձ, «Ավիացիայի մասին» օրենքի համաձայն, «Էրեբունին» պետք է համապատասխանի քաղաքացիական աերոդրոմներին ներկայացվող պահանջներին ու այդ նպատակով ենթակա է վերահսկման ՔԱԿ-ի կողմից, ինչի համար էլ կոմիտեն պարբերաբար իրականացնում է ուսումնասիրություններ:

Ի՞նչ են թռիչք-վայրէջքի հարթակները

«Ավիացիայի մասին» օրենքի համաձայն՝ թռիչք-վայրէջքի հարթակ է համարվում հողային կամ ջրային հատվածը, որը նախատեսված է ընդհանուր նշանակության ավիացիայի կամ ներքին ոչ կանոնավոր առեւտրային փոխադրումների օդանավերի (ինքնաթիռի, ուղղաթիռի) թռիչք-վայրէջքի, գետնավարման եւ կայանման համար: Այսինքն՝ սրանք չեն կարող օգտագործվել միջազգային թռիչքների կամ ներքին կանոնավոր առեւտրային չվերթերի համար: Այս հարթակները պետք է ՔԱԿ-ից ստանան շահագործման թույլտվություն, որը տալու կարգը, ինչպես նաեւ հարթակների շահագործման պայմանները սահմանվել են 2022 թ. աշնանը ՏԿԵ նախարարի հրամանով:

Ինքնաթիռների եւ ուղղաթիռների թռիչք-վայրէջքների հարթակներին ներկայացվող պահանջները, բնականաբար, տարբեր են, սակայն ընդհանրությունն այն է, որ հարթակները կարող են շահագործվել միայն այն ինքնաթիռների եւ ուղղաթիռների կողմից, որոնց առավելագույն թռիչքային քաշը (օդանավի, վառելիքի, օգտակար բեռի ընդհանուր քաշը) չի գերազանցում 3000 կգ-ն: ՔԱԿ-ը մեզ հայտնել է նաեւ, որ նման հարթակները նախատեսված են վիզուալ կանոններով թռիչքների համար, որոնք կարող են իրականացվել միայն լուսավոր ժամերին՝ արեւածագից մինչեւ արեւամուտ: Հարթակները կարող են լինել թե՛ արհեստական, թե՛ գրունտային ծածկով:  

Քանի որ ինքնաթիռների թռիչքներն ու վայրէջքները որոշակի տարածություն են պահանջում, թռիչքային անվտանգությունն ապահովելու համար ինքնաթիռների հարթակները պետք է գտնվեն բնակավայրերից ու հասարակական վայրերից առնվազն 700 մետր հեռավորության վրա: Ավելին՝ այդ հարթակները պետք է տեղակայված լինեն այնպես, որ թռիչքի ու վայրէջքի ուղղություններով գտնվող բնակավայրերից հեռու լինեն առնվազն 2500 մետր (այլ կերպ ասած՝ թռիչքուղի-վազքուղու ծայրերը պետք է բնակավայրերից 2,5 կմ հեռու լինեն):

Կարեւոր է նշել, որ նախարարի հրամանով հաստատված կարգը չի տարածվում այն հարթակների վրա, որոնք ընտրվում են օդանավի հրամանատարի կողմից մեկանգամյա վայրէջքի համար, ինչպես նաեւ այն հարթակների վրա, որտեղ տարվա մեջ լինում է մինչեւ 30 թռիչք-վայրէջք:   

«Եղվարդ» հարթակի շահագործման հայտը վերադարձվել է

Քանի որ ՏԿԵ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել անցյալ տարվա նոյեմբերից, քաղավիացիայի կոմիտեին խնդրել էինք տրամադրել արդեն իսկ շահագործման թույլտվություն ստացած հարթակների ցանկը՝ նշելով շահագործողին ու հարթակի գտնվելու վայրը: Բայց պարզվում է, որ մինչ օրս ՔԱԿ-ը որեւէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի չի տվել թռիչք-վայրէջքի հարթակի շահագործման թույլտվություն:

Նախկինում գրել ենք, որ Հայաստանում այսպիսի հարթակներ է փաստացի շահագործում ոչ միայն «Armenian Helicopters»-ը, այլեւ մի հարթակ էլ պատրաստվել է Կոտայքի մարզի Եղվարդի անավարտ ջրամբարի տարածքում, որը նախատեսված է ինքնաթիռների համար (տես առաջին լուսանկարում): Եղվարդի հարթակն օգտագործում է Հայաստանի պարագլայդինգի (պարապլաներային սպորտի) ֆեդերացիայի նախագահ Արմեն Սարգսյանի հիմնադրած «Sky Club» ակումբը պարապլաներային թռիչքների համար:

Այստեղ են հավաքվել նաեւ ընդհանուր նշանակության ավիացիան ներկայացնող եւ տարբեր սեփականատերերի պատկանող մի շարք թեթեւ ինքնաթիռներ (մասնավորապես՝ «Cessna», «CH-701» մակնիշների):

«Հետքը» ՔԱԿ-ից տեղեկացել է, որ հունվարի 18-ին «Եղվարդ» թռիչք-վայրէջքի հարթակի շահագործման թույլտվություն ստանալու համար հայտ էր ներկայացրել «Հայաստանի ընդհանուր ավիացիայի հիմնադրամը», սակայն հայտը կոմիտեի կողմից վերադարձվել է՝ թերությունները եւ անճշտությունները լրամշակելու առաջարկով։ Այս հիմնադրամը ստեղծվել է 2022 թ. մարտին Երեւանում, գրանցված է Խանջյան 50 հասցեում: Ըստ ՊԵԿ-ի՝ հիմնադրամը զբաղվում է օդային տրանսպորտի օժանդակ գործունեությամբ, ղեկավարը Վահագն Մնացականյանն է: 

Լուսանկարները՝ facebook.com-ից, airliners.net-ից, Սարո Բաղդասարյանի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter