HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանի կարծիքով՝ «Զանգեզուրի միջանցքը» իրականություն կարող է դառնալ

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը կարծում է, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը, որով Բաքուն Հայաստանի տարածքով անխափան կապ է ցանկանում ունենալ Նախիջևանի հետ, ունի բոլոր հիմքերն իրագործվելու։

«Ես կարծում եմ, որ այդ ուղղությունը ունի բոլոր հիմքերը իրագործվելու։ Ես չեմ տեսնում որևէ անլուծելի տարաձայնություն այս հարցով»,- ադրբեջանական haqqin.az լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարել է ռուսաստանցի դիվանագետը։

Նա հիշեցրել է, որ գոյություն ունի Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խումբ, որը զբաղվում է այսպիսի հարցերով։

«Նրանք փաստացի հասել են ըմբռնման բարձր մակարդակի ինչպես գործարար շահերի տեսանկյունից, այնպես էլ այդ նախագծի իրագործման տեխնիկական նկատառումներից։ Այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ դա լրիվ իրագործելի է, և հույս ունենք, որ այդ նույն տնտեսական նկատառումները կգերակշռեն»,- ընդգծել է Բոչարնիկովը։

Ռուսաստանցի դեսպանի խոսքով՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում կա երեք հիմնական գործոն. տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնում, սահմանազատում և խաղաղության պայմանագրի կնքում։

«Կարծում եմ, որ դրանցից մեկով առաջընթացի բացակայությունը չպետք է արգելակի առաջընթացը մյուսներով»,- հավելել է նա։ Ընդ որում, նրա պնդմամբ՝ ի տարբերություն խաղաղության պայմանագրի և սահմանազատման, որոնք քաղաքական հարցեր են, կապերի վերականգնումը «մաքուր տնտեսական է»։

«Ես կարծում եմ, որ տնտեսությունն առաջին տեղում դնելը վատ չէր լինի»,- ասել է Բոչարնիկովը։

Ռուսաստանցի դեսպանն անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական սահմանին Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայմանը։ Ըստ նրա՝ Եվրամիության գործողություններն ուղղված են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից Ռուսաստանի դուրսմղմանը։

«Կարծում եմ, որ չպետք է խաբվել «քաղաքացիական առաքելություն» եզրույթով։ Դուք ինքներդ ասացիք, որ կան հիմքեր ենթադրելու, որ այն այդքան էլ քաղաքացիական չի լինի։ Ես լսել եմ, որ արդեն իսկ խոսակցություն է գնացել այն մասին, որ այդ առաքելության մեջ կներառվեն ֆրանսիացի ժանդարմներ»,- հայտարարել է Բոչարնիկովը։

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Եվրոպական միության արտաքին գործերի նախարարները հաստատել էին Հայաստան քաղաքացիական առաքելություն ուղարկելու որոշումը՝ Հարավային Կովկասում կարգավորմանն աջակցելու նպատակով։ ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ ԵՄ առաքելության ստեղծմամբ Հարավային Կովկասում Եվրամիության ջանքերի նոր փուլ է մեկնարկում։

Ըստ ռուսաստանցի դեսպանի՝ «այս առաքելությունը հանդիսանում է անվտանգության և պաշտպանության ոլորտում Եվրամիության ընդհանուր քաղաքականության ուղեկիցը, այլ ոչ թե քաղաքացիական ոլորտի»։

«Հնարավոր ռազմական բաղադրիչներով ինչ-որ ներկայության վերաճելու հնարավորությունը, հնարավոր սցենարը, որ այդ առաքելությունը կսկսի նայել Ղարաբաղի տարածքին, ինչը նրա մանդատի խախտում կլիներ, ստիպում են ասել, որ ռիսկեր կան»,- ասում է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանը։

Ըստ նրա՝ եթե եվրոպական առաքելությունը փորձեր անի Ղարաբաղում ներկայություն ունենալու, ապա դա կարող է խնդիրներ առաջացնել խաղաղապահների ու սահմանապահների համար, որոնք գտնվում են տարածաշրջանում։

«Այդպիսի խնդիրները ռիսկ են ողջ տարածաշրջանում անվտանգության համար, ամբողջ Հարավային Կովկասում։ Մեզ, բաղկացուցիչ մասերին, այս տարածաշրջանի բնակիչներին հարկավոր չեն ոչ տարածաշրջանային ուժեր, որպեսզի լուծեն այստեղ մեր խնդիրները»,- նշում է Բոչարնիկովը։

Ռուսաստանցի դիվանագետը նաև նշել է, որ Հարավային Կովկասում ոչ տարածաշրջանային գործոնի առկայության հիմքեր չկան։

«Եվ Եվրամիությունը ամեն ինչ տանում է հենց դրան։ Ընդ որում, դա շատ անշնորհք ձևով է անում, առանց Ադրբեջանի հետ համաձայնության։ Իհարկե, Եվրամիությունն այս հարցում հանդես է գալիս որպես Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի ուղղակի կցորդի, որոնք ԱՊՀ տարածքը դիտարկում են որպես Ռուսաստանին հակազդման գոտի և փաստացի փորձում են այստեղ՝ այս տարածաշրջանային իրավիճակում աշխարհաքաղաքական բաղադրիչ բերել»,- հայտարարել է նա։

Հունվարի 26-ին էլ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ Հայաստանին մեղադրելով Եվրամիության օգտին ընտրություն կատարելու մեջ։

«Արձանագրում ենք, որ Երևանում, տրամաբանական ավարտին չհասցնելով ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու աշխատանքները, նախընտրել են ԵՄ-ն»,- ասված էր հաղորդագրության մեջ։

ՌԴ ԱԳՆ-ն ևս նշել էր, որ Եվրամիությունը փորձում է Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից։ Մոսկվան չէր թաքցրել, որ կարող է գործնականում կոշտ արձագանքել ԵՄ մոնիթորինգային առաքելությանն ու դրա գործունեությանը։ Այսպես, հաղորդագրության համաձայն՝ «ՌԴ խաղաղապահ անձնակազմը կարձագանքի Հայաստանում Եվրամիության դիտորդների վարքագծին՝ հաշվի առնելով իրավիճակի զարգացումը տեղում»։ «Համոզված ենք, որ տեսանելի ապագայում տարածաշրջանում կայունության և անվտանգության առանցքային գործոն է մնում ռուսական խաղաղապահ զորակազմը, որը տեղակայվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հայտարարության հիման վրա, ինչպես նաև՝ հայկական սահմաններին ծառայություն կատարող ռուս խաղաղապահները։ Նրանք կարձագանքեն ԵՄ դիտորդների վարքագծին՝ հաշվի առնելով տեղում առկա իրավիճակի զարգացումը»,- հավելել էր ՌԴ ԱԳՆ-ն։

Լուսանկարը՝ Trend գործակալության

Մեկնաբանություններ (2)

Diyarbakir Ancestry
A corridor through Syunik will have critical economic benefits for both Turkey and Azerbaijan as Turkey will have a land bridge to Central Asia. The Armenian diaspora has been lobbying against this. Turkey can argue that a Genocide did not occur but the confiscation of all Armenian assets 1915-1923 were laws clearly enacted in the late Ottoman and early Republican periods in Turkey. Unless Erdogan addresses the issue of confiscated Armenian assets, the Armenian diaspora will continue to lobby internationally against any prospects that will aid Turkey economically.
Mariam
As long as Pashinyan is in power everything is feasible.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter